Երևանում նշուեց «Նարեկացի» արուեստի  միութեան  17-ամեակը, բայց տարեդարձն այլևս տօն  չէ․ Շուշիի կեդրոնը թշնամու տիրապետութեան տակ է

Սեպտեմբերի 5-ին լրացաւ Երևանում գտնուող «Նարեկացի» արուեստի  միութեան  17-ամեակը։ Եթէ  թշնամին չզաւթեր  Շուշին, պիտի նշուէր  նաև Շուշիում գտնուող «Նարեկացի» արուեստի  կենտրոնի 15-աեյակը։

«Նարեկացի» արուեստի  միութեան  հիմնադիր-նախագահ Նարեկ Յարութիւնեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում  պատմեց՝ ամէն տարի «Նարեկացի»  արուեստի միութիւնը նախ նշում էր  Շուշիի մասնաճիւղի տարեդարձը, որը օգոստոսի 31-ին է։ 2006 թուականի օգոստոսի 31-ին բացուեցին Շուշիի մասնաճիւղի դռները։

«Իսկ  5 օր յետոյ՝ սեպտեմբերի 5-ին,  մենք նշում էինք Երևանում գտնուող կենտրոնի տարեդարձը։ Այս տարի ամէն ինչ ուրիշ էր։ Ով գիտէ Շուշիի արժէքը, հասկանում է, որ այնտեղ որևէ դժգոյն ու դժբախտ բան գոյութիւն չունէր, ընդհակառակը՝ Շուշին պէտք  է դառնար հայ ազգի մշակութային մայրաքաղաքը․ ցաւօք սրտի, մենք չկարողացանք պահել ու պահպանել այն, ինչը մեր հերոսներն ազատագրել էին իրենց կեանքի գնով։

Ամէն տարի «Նարեկացի» արուեստի  միութեան  տարեդարձը լայնամասշտաբ էր նշւում՝ մեծ դահլիճում, սակայն այս տարի ուրիշ էր՝ ամփոփ, համեստ, Երևանում գտնուող կենտրոնում նշուեց տարեդարձը, և դա ոչ թէ  տօն էր, այլ ուխտ։  Հայրենիքի զաւակները ուխտեցին շարունակել ծառայել հայրենիքին։ Համեստ միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդէս  եկան «Նարեկացի» նուագախումբը, որի անդամներից մէկը՝ քամանչահար Մհերը, նահատակուել է 44-օրեայ պատերազմում։ Նարեկ  Յարութիւնեանն  ասում է՝ ցաւի  ալիքները յաճախ  են զարկում, բայց այդ ահաւոր  ցաւը  պէտք  է յաղթահարել։ Համեստ միջոցառման ընթացքում ելոյթներով  հանդէս  են եկել նաև «Նովա» անսամբլը, «Նուպար»  հայ աւանդական  երգի-պարի խումբը, «Կարին» աւանդական  երգի-պարի խումբը։

«Նարեկացի» արուեստի  միութիւնը  Շուշիում 14 տարի իր առաքելութեամբ  իւրայատուկ  միջոցառումներ է կազմակերպել, որոնց շնորհիւ  սերունդներ են դաստիարակուել։  Նարեկ Յարությունյանը յիշեց՝  Շուշիի մասնաճիւղում  բաւական  շատ դասընթացներ կային՝ երաժշտական գործիքների  դասընթացներ, լեզուների ուսուցում, երգի ու պարի, յայտնագործութիւն, ասեղնագործութեան, գորգագործութեան, դասընթացներ․․․

«Յետոյ  եղան նաև խեցեգործութեան դասընթացներ, «Բրուտ-արտ» փառատօն  կազմակերպուեց։ Ամէն տարի Շամլեան ընտանիքը գալիս  էր Գանատայից՝ Մոնթրէալից, և «Արամ Մանուկեան»  ճամբարն էր կազմակերպում։ Շուշիում հաւաքւում էր 300-400 երեխայ, և իրենց համար դա տօն  էր։ Մենք միշտ համագործակցում էինք Մայր Աթոռի հետ, և հոգևոր հովիւները գալիս էին Շուշի, ու ամէն կարևոր միջոցառում Տիրոջ օրհնութեամբ էին սկսւում։ Այդ տարիներին մենք կարողացել ենք մարդկանց Աստծուն մօտեցնել, և ուսուցիչների ու աշակերտների  բազմաթիւ  մկրտութիններ  են եղել», — ասաց Նարեկ Յարութիւնեանը՝ նշելով՝ այս ամէնը թշնամին չի  կարող ջնջել։ Այն հաւատքն  ու հայրենասիրական ոգու լոյսը, որն իրենց մէջ  կրելով՝ յանուն  հայրենիքի զոհուեցին մեր տղաները, թշնամին չի կարողանայ  հանգցնել։

Նարեկ Յարութիւնեանը  շեշտեց՝ մենք պառակտուած ու պարտուած ազգ  ենք դարձել, և միայն  առ Աստուած  եղած հաւատքով  կարելի է յաղթահարել այն, ինչը յաղթահարելի  չէ։

Նարեկ Յարութիւնեանի  հետ զրոյցում, անշուշտ, անդրադարձանք հայրենիքին վերաբերող տեսլականներին ու մտածումներին։  Հայրենիքը Յարութիւնեանների  համար սրբութիւն է։ Հայրենիքը շէնցնելը Յարութիւնեանների  համար կարևոր է եղել միշտ․ դրա վառ ապացոյցը Արցախում հիմնուած Քնարաւան գիւղն էր։ Քնարաւանը կառուցուել  էր Նարեկ Յարութիւնեանի մօր յիշատակին՝ հօր ցանկութեամբ։ Քարվաճառի շրջանում կառուցուած այդ գիւղը զրոյից էր կառուցուել, մօտ  14 ընտանիք էր ապրում այնտեղ։ Գիւղում  դպրոց կար, որտեղ 61 աշակերտ էր սովորում․ նաև յարակից գիւղերից  էին յաճախում այդ դպրոց, բայց, ցաւօք , թշնամին  զաւթեց  Քնարաւանը։ Քնարաւանցիներն այրեցին իրենց տներն ու հեռացան, այրեցին, որպէսզի  իրենց տունը թշնամուն բաժին չհասնի։ Այժմ քնարաւանցիները ցիրուցան են․․․․ Այժմ ամէն ընտանիքում կորստի ցաւ  կայ․․․

«Ամէն ընտանիքում կայ  յանուն  հայրենիքի զոհուած  տղաների մահուան  ցաւը։  Մեր տոհմից  էլ զոհուել  է Եուրա Յարութիւնեանը, որին ես անձնապէս  ճանաչում էի։ Այդ հերոս տղաների մայրերը սպասում էն, որ իրենց երեխան պիտի մի օր հրաշքով յայտնուի։  Դուք ապագայի  մասին էք  հարցնում, և ես կարող եմ ասել՝ ասում են՝ ով ինչ անում է, իրեն է անում։  Երբ ժողովուրդը, ազգն Աստծուց հեռանում է, դառնում է խոցելի, և մենք  շատ էինք հեռացել․․․ Ես միայն աղօթում եմ, որ Աստծուն մօտենանք, և Տիրոջ օրհնութիւնը  խնդրենք, որպէսզի նա մեզ օգնի  ու իր լոյսով  առաջնորդի, որ կարողանանք յաղթահարել անյաղթահարելին՝ հաւատքով ու սիրով», — ասաց  Նարեկ  Յարութիւնեանը։

«Նարեկացի» արուեստի  միութեան գեղարուեստական խորհրդատու   Դանիէլ Երաժիշտն էլ մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝  թէև «Նարեկացի» արուեստի կենտրոնի տարեդարձը շատ համեստ նշուեց, բայց ևս մեկ անգամ վերահաստատուեց՝ կենտրոնը շարունակում է իր առաքելութիւնը՝ պահպանելով հայ մշակոյթը։

Դանիէլ Երաժիշտը, անդրադառնալով «Նարեկացի» արուեստի միութեան անցած ուղուն, նշեց՝ հարուստ ու բովանդակ է այդ ուղին, ապա յիշեց  մի քանի  կարևոր փաստ․ «Մեր կենտրոնը համագործակցել է տարբեր   գործիչների հետ՝ Սօս Սարգսեան , Տիգրան Մանսուրեան, Ստեփան Շաքարեան , Արտօ  Չաքմաքչեան․․․․

Գրահրատարակչական գործունէութեան  մասին խօսելով՝  ասեմ, որ Արտօ Չաքմաքչեանի պատկերագիրքը  շատ իւրայատուկ է։  «Նարեկացի» արուեստի միութեան  ջանքերով պատկերագրքերով, նօթագրութեամբ ու սկաւառակներով  թողարկուել  են նաև Մանսուրեանի խմբերգերը, Կոմիտասի բոլոր դաշնամուրային ստեղծագործութիւնները։  Մեր արուեստի  միութեան մշակութային շառաւիղը շատ լայն է»։ Դանիել Երաժիշտը վստահեցրեց՝  «Նարեկացի» արուեստի  միութիւնը  չի շեղուելու իր բռնած ուղուց ու շարունակելու  է ծառայել հայ մշակոյթի  պահպանութեան  գործին։

Յասմիկ Բալէեան

Մանրամասները՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.