երկու պատկեր

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Երէկ շրջեցի ե՛ւ Բաղրամեան պողոտայում, ե՛ւ Հանրապետութեան հրապարակում:

Երկու տեղ` հանրահաւաք:

Մի տեղ` հայրենիքի շունչն էր, երկրորդում` հայրենիքը վաճառողների սուլոցը:

Առաջինում Շուշիի կորստի ցաւն էր, երկրորդում` Շուշիի յանձնման խրախճանքը:

Առաջինում Հադրութը վերջինը թողած բժիշկ Տարօն Տօնոյեանի ցասումն էր, երկրորդում` մալագասցիների նախնադարեան ցեղային ներամուսնական ճիչերին նմանուող անբնական բղաւոցներ:

Առաջինում հադրութցիների, շուշեցիների, քարվաճառցիների ու քաշաթաղցիների հայրենազրկման կսկիծն էր, երկրորդում` դրանք վաճառած Գերագոյն ստահակի փառաբանման խրախճանքը:

Առաջինում Արցախի շրջանների յանձնման եւ անկախութեան կորստի դառը զգացումներն էին, երկրորդում` դրանք տալով` Էրտողանից լաւ կեանք ակնկալող ամբոխի վակխանալիստական գոչիւնները:

Առաջինում Սիւնիքի ու Արցախի անվտանգութեան ապահովման երախտաւոր, շրջաններ ազատագրած, յաղթանակներ կերտած եւ կեանքում երբե՛ք չպարտուած Վազգէն Մանուկեանն էր, ով հայրենիքում վերստին ապրելու եւ արարելու յոյսեր էր արթնացնում, երկրորդում` Սիւնիքում եւ ՀՀ-ում ապրելու յոյսերը վաճառած Գերագոյն սրիկան վերստին յոխորտում էր եւ մոլորեցնում:

Առաջինում մտաւորականութիւնը մտորում էր, փրկութեան ելքեր որոնում, երկրորդում` ամբոխը սպաննում էր ինքն իրեն:

Առաջինի սրտերում զոհերի մորմոքն էր, երկրորդում` այդ զոհերի պատճառ Գերագոյն ստահակը տմփ-տմփ հուի՛ ճիչերով երկրորդ կեանք էր տալիս հանրութեան զոմպիացման գործընթացին:

Եւ, վերջապէս, առաջինում այս կինն էր, ում չեմ ճանաչում, սակայն երկա՜ր, շա՜տ երկար նայեցի այս լուսանկարին` տեսնելով այնտեղ իսկական հայ կնոջ, մտածող, ցաւող, տառապող, բայց եւ` պայքարող, երբե՛ք չյուսալքուող ու վերստին կեանք տուող հայ մօր տեսակը:

Երկրորդում… ինքներդ ասէք, թէ ո՛վ են սրանք եւ ի՞նչ կապ, ի՞նչ գործ ունեն հայ ազգի հետ…

2 մարտ 2021

Leave a Comment

You must be logged in to post a comment.