«Երկու ամիս առաջ, երբ փակուեց Բերձորի միջանցքը, Թուրքիոյ արտգործնախարարը յայտարարեց՝ Ադրբեջանի կողքին են, աջակցում են այս հարցում»․ թրքագէտ

Թրքագէտ Մելինէ Անումեանը վստահ է՝ Ադրբեջանը, Բերձորի միջանցքը փակելով, նպատակ ունի կոտրելու հայ ժողովրդի կամքը։

«Հիմա արդէն աւելի լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել, այդ թւում՝ սովամահութեան։ Այդ դէպքում, բնականաբար, անհրաժեշտ է ողջ հայութեան վերամիաւորումը»,- «Հորիզոն»-ի հետ զրոյցում ասում է թրքագէտը։

Ըստ նրա՝ հիմա արցախահայութիւնը Հայաստանի ու սփիւռքի աջակցութեան կարիքն ունի․ այդ աջակցութեան տարբեր եղանակներ կարող են լինել, այդ թւում՝ ցոյցեր ողջ աշխարհում։ Թրքագէտը նկատում է՝ այս հարցում Հայ դատի գրասենեակներն առաջատար են այդ գործում, բայց նրանց պէտք է միանայ ողջ հայութիւնը։

Մելինէ Անումեանն արձանագրում է՝ Հայաստանի իշխանութիւններն անգործութեան են մատնուած․ Հայաստանի իշխանութիւնները գրեթէ ոչինչ չեն անում Բերձորի միջանցքը բացելու համար։

«Ադրբեջանը տեսնում է Հայաստանի իշխանութիւնների անտարբերութիւնը Արցախի հարցի հետ կապուած։ Բացի այդ՝ Ադրբեջանն օգտւում է այն փաստից, որ Ռուսաստանն այժմ կեդրոնացած է Ուքրաինայի հարցի վրայ։ Ադրբեջանը փորձում է այս ընթացքում լուծել իր համար կարևոր հարցեր․ սա արւում է Թուրքիոյ գործօն աջակցութեամբ։ Թուրքիան երբեք չի թաքցրել իր աջակցութիւնն Ադրբեջանին։ Ինչպես յայտնի է, դեռ երկու ամիս առաջ, երբ փակուեց Բերձորի միջանցքը, Թուրքիայի արտգործնախարարը յայտարարեց՝ Ադրբեջանի կողքին են, աջակցում են այս հարցում»,- ասում է թրքագէտը՝ նշելով՝ Թուրքիան ուզում է ազատուել Ռուսաստանի գործօնից, ինչպես ազատուեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործօնից։

Մանրամասները՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.