Ես իմ երկրի յաւերժ զինուորն եմ

Այսօր Արցախեան առաջին, Ապրիլեան և 44-օրեայ պատերազմների մասնակից, հերոս, ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ Մհեր Յարութիւնեանի ծննդեան օրն է: Արցախեան առաջին պատերազմի ժամանակ իր երիտասարդ տարիքի պատճառով մարտական ընկերների կողմից Ճուտ մականունը ստացած Յարութիւնեանը յանուն հայրենիքի ընկաւ 2020 թ. հոկտեմբերի 6-ի լոյս 7-ի գիշերը` իր զինակից ընկերների հետ կեանքի գնով պաշտպանելով և պահելով Արցախի հիւսիս արևելեան ռազմավարական կարևորագոյն Վարանգաթաղի բարձունքը:

Մհեր Յարութիւնեանը ծնուել է 1973թ. նոյեմբերի 17-ին Հրազդան քաղաքում: Արցախեան շարժման առաջին օրերից եղել է իրադարձութիւնների կիզակէտում:

Մարտական մկրտութիւնը ստացել է 1990թ-ի յունուարին Երասխաւանի մարտերում: Նոյն թուականի փետրուարին՝ մասնակցել է Վարդենիսի, Նոյեմբերեանի, Բերդի պաշտպանական մարտերին: 1990թ-ի նոյեմբերին 17 տարեկան հասակում անցել է ՀՅԴ շարքերը, 1991թ-ի ապրիլի առաջին օրերին մեկնել է Գետաշէն, որտեղ էլ ծանօթացել է Թաթուլ Կրպեյեանի, Պետրոս Ղևոնդեանի, Կարոտ Մկրտչեանի հետ, Թաթուլ Կրպեյեանի զոհւելուց և Գետաշէնի անկումից յետոյ կարողացել է Գետաշէնից դուրս բերել և զոհուած ընկերների մարմինները և ողջ մնացած մարտիկներին, փրկելով նրանց անխուսափելի գերութիւնից: Այնուհետև եղել է Շահումեանում, որտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Շահէն Մեղրեանն էր: 1992թ-ի փետրուարին՝ Մալիբէյլի գիւղի ազատագրման ժամանակ երեք անգամ վիրաւորուել է, ապաքինուելուց յետոյ վերադարձել շարք և դարձել Շուշիի առանձնակի դաշնակցական գումարտակի մարտիկ: Սրխավենդի պաշտպանութիւն, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Վարանդայի (Ֆիզուլի), Սանասարի (Կուբաթլի), Կովսականի(Զանգելան), Ակնայի (Աղդամ) ազատագրական մարտեր՝ Մհեր Յարութիւնեանը մասնակցել է այս բոլոր ռազմական գործողութիւններին, անցել ամբողջ արցախեան պատերազմով:

1994թ-ին Կարախանբեյլիում Ալբերտ Ալավերդեանի ծանր վիրաւորուելուց յետոյ, նրան դուրս է բերել մարտադաշտից և շարունակել մարտը՝ պահելով դիրքերը մինչև օգնութիւն ստանալը: Մհեր Յարութիւնեանը ծառայել է հայոց բանակում մինչև 1998թ-ը ապա զօրացրուել, սակայն չի դադարել ծառայել հայրենիքին, նա առաջին գծում էր նաև 2016թ-ի ապրիլեան պատերազմի ժամանակ և 42 օրից աւելի մարտական ծառայութիւն էր իրականացնում առաջնագծում:

Հաւատարիմ դաշնակցականի իր երդմանը՝ Մհեր Յարութիւնեանը հայրենիքի պաշտպանութիւնից անմասն մնալ չէր կարող նաև 2020թ-ի՝ այսպէս կոչուած 44 օրեայ պատերազմի ժամանակ:

Կամաւորագրուելով ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ-ին՝ և ստանձնելով երկրորդ վաշտի հրամանատարի պարտականութիւնները՝ հոկտեմբերի 4-ին մեկնեց մարտադաշտ:

Հոկտեմբերի 6-ի լոյս 7-ի գիշերը Դաշնակցութեան երկրորդ կամաւորական վաշտը ազատագրեց Մարտակերտի և «Եղնիկներ»-ի համար ռազմավարական կարևոր նշանակութիւն ունեցող Վարանգաթաղի բարձունքը, անհաւասար ու ծանր մարտերում իր երկու տասնեակից աւելի զինակիցների՝ Արշակի, Տաւրոսի, Վիգէնի, Աբրահամի, Քրիստափորի, Գէորգի ու շատ այլ նուիրեալների հետ հերոսաբար ընկաւ նաև Մհեր Յարութիւնեանը՝ Շուշիի առանձնակի գումարտակի լեգենդար Ճուտը, ով իր մարտական ուղու մասին խօսելիս՝ համեստաբար ասում էր. «Իմ երկրի յաւերժ զինուորն եմ»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.