Եթէ դէմ են Արցախին, Հայ Դատին, Արեւմտահայաստանի ազատագրմանը, ուրեմն դէմ են Դաշնակցութեանը. Հրանդ Մարգարեան

Ինչո՞ւ պիտի ընտրենք Դաշնակցութեանը, եւ ինչպէ՞ս էք գնահատում ձեր հնարաւորութիւնները. «Երկիր մետիա»ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ քաղաքացիներից մէկն այս հարցն էր ուղղել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին:

«Շատ են պատճառները, բայց այսօրուայ իրականութեան մէջ երկու հիմնական պատճառ կայ: Նախ` ազգայինը. այսօր մտահոգութիւն կայ ազգային արժեհամակարգի, ազգային ծրագրերի, ազգային մտածողութեան, ազգային դաստիարակութեան, մշակոյթի պահպանման, հայկականն ունենալու խնդիր: Դա մարմնացնում է Դաշնակցութիւնը», պատասխանել է Հրանդ Մարգարեանը: Նա նշել է, որ այսօրուայ հակադաշնակցական արշաւներին ինքը ծիծաղով է վերաբերւում:

«Իրենց այնպէս են պահում, որ եթէ ՀՅԴ-ն ընդհանրապէս գոյութիւն չունենար, հակադաշնակցականութիւնը դեռ գոյութիւն կունենար, որովհետեւ նրանք Դաշնակցութեանը դէմ չեն` որպէս կուսակցութիւն, նրանք Դաշնակցութեան արժեհամակարգին են դէմ: Եթէ դէմ են եկեղեցուն, ուրեմն դէմ են Դաշնակցութեանը: Եթէ դէմ են Արցախին, ուրեմն դէմ են Դաշնակցութեանը: Եթէ դէմ են Հայ Դատին, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, Արեւմտահայաստանի ազատագրմանը, ուրեմն դէմ են Դաշնակցութեանը: Եթէ դէմ են Ջաւախքին, ուրեմն դէմ են Դաշնակցութեանը: Այսքան պարզ է», նշել է Հրանդ Մարգարեանը, շեշտելով որ պէտք է ընտրել Դաշնակցութեանը, որպէսզի ազգայինը պահպանուի:

Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ իրենք տարբեր դիրքորոշումներ են ունեցել, բայց երբ ազգայինը վտանգուել է, կարողացել են ըմբոստանալ, իրենք իրենց գերազանցել: Նա յիշեցրել է նաեւ, որ երբ հայ-թուրքական արձանագրութիւնների հարցը բարձրացաւ, ՀՅԴ-ն գերազանցեց ինքն իրեն:

«Մենք ժամանակի ամենամեծ շարժումը սկսեցինք հայկական իրականութեան մէջ: Երբ Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակ էլ Արցախի հարցով նահանջ արձանագրեցին, նոյնն արեցինք», ասել է Հրանդ Մարգարեանը, նշելով որ այսօր էլ կան նոյն մտահոգութիւնները: Նրա խօսքով` առաջին հայեացքից թւում է` լաւ բան է տեղի ունենում: Արցախի հարցով սկզբունքային դիրքորոշումներ են յայտնւում, յաճախակի այցելութիւններ են լինում, թւում է` բանի պակաս չկայ, Դաշնակցութեան տեսակէտները գրեթէ կրկնւում են:

«Մտածում ես` լաւ է ամէն ինչ, մէկ էլ տեսնում ես` ազատագրուած տարածքների հարցով կարծիք չի յայտնւում: Ասում է` դա պէտք է որոշի ժողովուրդը: Միշտ էլ ժողովուրդը պիտի վերջին խօսքն ասի, բայց եթէ քաղաքական ուժը չի ասում` որն է իր տեսակէտը, որ դրանից յետոյ դնի ժողովրդի դատին, դա վտանգաւոր է: Նշանակում է` երկու բեւեռ կայ հայկական իրականութեան մէջ: Մի բեւեռն ասում է` ոչ մի զիջում, միւս բեւեռն ասում է` տարածքներ` խաղաղութեան դիմաց: Հիմա էլ յայտնուել է մէկը, ով ասում է` արի գնանք, յայտնուենք մէջտեղում, ասենք` ժողովուրդը պէտք է որոշի` տարածքները տա՞նք, թէ՞ չտանք, յետոյ կորոշենք միւսը: Սա մտահոգիչ է: Կարող է ոչ մի բան չկայ, ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մթնոլորտը լեցուն է մտահոգութիւններով», ասել է Հրանդ Մարգարեանը, յաւելելով որ ազգային հարցերի, արժէքների, արժեհամակարգի խնդիր ունենք այսօր:

Ինչ վերաբերում է Դաշնակցութեանն ընտրելու երկրորդ պատճառին, նա ասել է. «Երկրորդը` սոցիալական անարդարութիւնն է: Դաշնակցութիւնը ազգային կուսակցութիւն է, հաւատացած է, որ մենք ազգային պայքար ունենք, ազգային հեռանկար ունենք: Հաւատացած է, որ մենք ազգային երազանք ունենք , մեր ժողովուրդը պէտք է համախմբուած լինի մեր պետականութեան շուրջ: Իսկ որպէսզի մեր ժողովուրդը համախմբուած լինի մեր պետականութեան շուրջ, եւ մենք կարողանանք միասնաբար այս պայքարն առաջ տանել, պէտք է սոցիալական արդարութիւն լինի, մեր ժողովրդի մէջ աղքատութիւն չպէտք է լինի, հայ մարդը չպէտք է աղքատ լինի: Սա մեր համոզումն է, էութիւնը, եւ սա չի բխում միայն մեր սոցիալիզմից: Մեր սոցիալիզմը բխում է մեր ազգային իրողութիւնից: Մեր ազգը պետք է կարողանայ միասնական լինել, իսկ դրա համար պէտք է նրա մէջ արդարութիւն հաստատուած լինի: Որպէսզի արդարութիւն հաստատուի, պէտք է աղքատ չլինի, ճնշում չլինի, զրկանք չլինի, անգործ մարդ չլինի: Սրանք մեզ համար ծրագրեր են, մենք ծրագիր ունենք: Բոլոր միւս ուժերը լիպերալ համակարգի կողմնակից են, անցեալի ուժերն էլ են այդպէս, ներկայինն էլ, ապագայի մասին խօսողներն էլ լիպերալ համակարգի կողմնակից են: Իսկ մենք` ոչ, մենք ասում ենք սոցիալական տնտեսական համակարգ պէտք է ստեղծուի երկրում: Այն, ինչ Սահմանադրութիւնն է ասում, բայց մոռացւում է», եզրափակել է Հրանդ Մարգարեան:

Leave a Comment

You must be logged in to post a comment.