Դուք պարտութեան առաջնորդն էք․ Ձերը յանձնուողի խաղաղութիւնն է․ Գալստեանը՝ Փաշինեանին

ԱԺ-ում ընթացել է Կառավարութեան ծրագրի կատարողականի քննարկումը․ ծրագրի վերաբերեալ իր ելոյթում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստեանը նշեց․

«Սիրելի հայրենակիցներ.

Այս իրականութեան մէջ, երբ շարունակւում է Հայաստանի օկուպացիան, երբ կորուստներն ամէնօրեայ են՝ մարդկային կեանքերի եւ նոյնքան էլ թանկ՝ հայրենիքի տեսքով, երբ Հայաստանի ինքնիշխանութիւնը երբեք այսքան խոցուած չի եղել եւ նրա ապագան այսքան հարցականի տակ, կատարողական բառը մի տեսակ կոգնիտիւ դիսոնանս է առաջացնում։

Նախանձել կարելի է այն մարդու ինքնավստահութեանը, ով կառավարութեան ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թուականի կատարման ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցում այսպիսի հաստատումներ է ամրագրել․

«2022 թ․ եղել է լայնածաւալ բարեփոխումների տարի: ՀՀ կառավարութիւնը որդեգրել է անվտանգային մարտահրաւէրներին լայնածաւալ բարեփոխումներով, պետական ինստիտուտների կայացմամբ եւ զարգացմամբ արձագանգելու քաղաքականութիւն»:

Աւելին՝ պարզւում է «շարունակուել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինուած ուժերի, արտաքին եւ ներքին անվտանգութեան, կրթութեան եւ գիտութեան, առողջապահութեան, բնապահպանութեան, հակակոռուպցիոն քաղաքականութեան, ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, դատաիրաւական եւ այլ համակարգերում»:

Ոչ, սա կատակ չէ, այլ՝ ուղիղ մէջբերում զեկոյցից։

Իսկ իրականութիւնը բոլորովին այլ է․

Freedom House-ի զեկոյցի համաձայն Հայաստանը 55 միաւորով, ինչպէս եւ նախկինների ժամանակ, շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։

Արձանագրուել են լրագրողների նկատմամբ 20-ից աւել բռնութեան դէպքեր, բողոքի ակցիաների ժամանակ բռնութիւնների են ենթարկուել հասարակական գործիչներ, քաղաքացիներ եւ լրագրողներ։

2022-ին քաղաքական նկատառումներով կալանաւորուել, ձերբակալուել եւ խոշտանգուել են ՀՀ տասենակ այլախոհ եւ ընդդիմադիր քաղաքացիներ, հրապարակայնօրէն անհամաչափ ուժ է կիրառուել ՀՀ պատգամաւորների, զոհուածների ծնողների նկատմամբ, բայց այդպէս էլ ոչ մի ոստիկան խոշտանգման կամ սուտ ցուցմունքի հիմքով չի կալանաւորուել։

ԱՄՆ պետքարտուղարութեան մարդու իրաւունքների մասին 2022-ի զեկոյցը նոյնպէս առանձնացրել է՝ «անվտանգութեան աշխատակիցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալութիւններն ու կալանաւորումները, դատական համակարգի անկախութեան հետ կապուած լուրջ խնդիրները, խօսքի ազատութեան սահմանափակումը, քաղհասարակութեան գործիչների նկատմամբ սպառնալիքները։ Զեկոյցը շեշտում է, որ դատական համակարգում առկայ է համակարգային կոռուպցիան, իսկ ոստիկանական բաժանմունքներում շարունակական են խոշտանգումների մասին հաղորդումները»։

Նախկին իրաւապաշտպան եւ ակտիւիստ ՔՊ-ական պատգամաւորներին ուզում եմ հարցնել՝ ձեզանից քանիսը գնաց ոստիկանական բաժանմունքներ կամ քրէակատարողական հիմնարկներ՝ պարզապէս տեսնելու ձերբակալուած ՀՀ քաղաքացիներին, պաշտպանելու նրանց իրաւունքները։ Ասեմ, որ բացարձակապէս չկիսելով Մարտի մէկի դէպքերի առիթով ձերբակալուածների գաղափարական արժէքները, նաեւ յստակ տեսնելով սադրանքների ողջ սցենարը, պարզապէս իրաւունքի կոնտեքստում այցելել եմ ձեր թիմակիցներին, իմ եւ իմ գործընկերների երաշխաւորութեամբ ոմանք ազատութեան մէջ են յայտնուել։

Իսկ դուք մնացիք անդրդուելի անգամ Արմէն Գրիգորեանի խոշտանգումից յետոյ․․․

Կարծեմ ձեզանից ոմանք բնապահպան էին, Մաշտոցի պուրակի, Թռչկանի, Ամուլսարի համար էին պայքարում, իսկ ես ու Վահան Յովհաննիսեանը ոստիկանական բաժիններից ձեզ դուրս էինք բերում, նաեւ քաղաքապետ Տարօն Մարգարեանի հետ քննարկում կազմակերպում։ Հիմա դուք լուռ էք․ Երեւանի ծառերի ջարդը, Հրապարակի վանդալիզմը, կամ Ամուլսարը ձեզ չեն հետաքրքրում․․․

ԱՄՆ-ում առանձնատների առջեւ այսպիսի նախանձելի մի գրառում աչքովս ընկաւ՝ «Մենք աղօթում ենք մեր ոստիկանների համար եւ հարկեր վճարում»։ Հա, մենք էլ ենք հարկեր վճարում եւ հակառակը չենք աղօթում, մեր հարկերը պարգրավճարներ են դառնում, բայց չգիտես ինչու մեր ոստիկանի մահակը խաղաղ ցուցարարի գլխին է իջնում, Կապանում ազատօրէն զվռնող եւ հայ սպանող թուրք լամուկներին քաղաքացիներն են վնասազերծում, իսկ անբաւարար կրթութեամբ պարեկները պարզապէս փորձանք են դարձել։

Ո՞վ պէտք է պետական մարմինների ապօրինութիւններից պաշտպանի ՀՀ քաղաքացուն, նրա ազատութիւններն ու իրաւունքները։ Ընտրովի արդարադատութիւն իրականացնող ու երկրում ոստիկանապետութիւնը քաջալերող դատախազութի՞ւնը։ Ի հարկէ՝ ոչ։

Ո՞վ պիտի պաշտպանի սահմանամերձ գիւղերի մեր հայրենակիցներին, երբ թշնամին արդէն լուսամուտից է նրանց տները մտնում եւ հպարտանում ՀՀ տարածքում տեղադրուող յենակէտերով։

«Ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, ժողովրդավարութեան բաստիոն էլ կառուցուած» յայտարարում էք դուք։ Դուք եկաք «քաղաքացիական վրէժի, ընդդիմադիրներին լռեցնելու եւ դուբինկէքի տակ թողնելու կոչերով»։  Այդպէս շարունակում էք․․․

Ես խօսում եմ եւ համոզուած չեմ, որ այս դահլիճում նստած  ժողովրդավարութեան ճարտարապետներից մէկը թքելու գայթակղութիւն չի ունենայ, միւսը՝ լեզու կտրելու, կամ ձախ ամֆիթատրոնից խանդավառ գլատիատորների/աշխուժակների/ եռեակը չի իջնի արենա։

Freedom House-ն արձանագրել է նաեւ, որ «Օրէնսդրական փոփոխութեան արդիւնքում իշխանութիւնն իրաւունք ստացաւ պետական բուհերի կառավարման խորհուրդներում «մարդ նշանակել», որպէսզի ռեկտորների ընտրութեան հարցում ունենայ որոշիչ ազդեցութիւն»: Բուհերը ապաքաղաքականացնելու խոստումով եկած իշխանութիւնը բառիս բուն իմաստով զաւթեց բուհական խորհուրդները՝ Աւինեան, Խաչատրեան, Պապիկեան, Համբարձումեան։

Ընթացքի մէջ է Բրիւսով օպերացիան։ Ուսանողութեան եւ դասախօսների ընդվզման արդիւնքում կասեցուեց Բրիւսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից անհասկանալի մի խառնարան ստանալու իշխանութիւնների ծրագիրը։ Պոստ ֆակտում Դումանեանը խոստովանեց, որ տուեալ բուհերի միացման հիմնաւորում գոյութիւն չունի։

Հակառակ ամէն տեսակի ճնշումների՝ Բրիւսովի ռեկտոր ընտրուեց իշխանութեան անցանկալի թեկնածուն։ Այս ձախողուած օպերացիան թանկ նստեց խորհրդի նախագահ փոխվարչապետ Հ․ Մաթեւոսեանի եւ նախարար Դումանեանի վրայ։ Նրանք ազատուեցին աշխատանքից, ընտրութիւնների արդիւնքներն չստորագրուեց, եւ նուազագոյն ձայներ ստացած իշխանահաճոյ թեկնածուն նշանակուեց պաշտօնակատար։

Ես առանձնապէս զարմացած չեմ, սա ամենաթողութեան շղթայի օղակներից մէկն է ընդամէնը։

Խօսում էք Ակադեմիական քաղաքի, բուհական եւ գիտական համակարգերի արդիականացման մասին, գրեթէ իբրեւ անշրջելի իրողութիւն մատուցում հասարակութեանը։

Նոյեմբերին վարչապետի հրամանով, Արայիկ Հարութիւնեանի ղեկավարութեամբ ստեղծուել է բուհական ուղղութիւնների ցանկը եւ բովանդակութիւնը մշակող աշխատանքային խումբ, որը մինչեւ 2022 թ․ Նոյեմբերի 30-ը պէտք է ներկայացնէր համակարգի արդիականացման վերաբերեալ վերլուծութիւն՝ ներառելով ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման եւ միաւորուող գիտահետազօտական ինստիտուտների վերաբերեալ առաջարկութիւններ։

Փորձեցի այն ստանալ նախարարութիւնից։ Տեղեկանքը կայ, բայց այս փուլում չի նախատեսւում հրապարակել, այսպիսին էր նախարարի պատասխանը։ Կառավարութիւնից խոստացան, որ առձեռն կը փոխանցեն, բայց այդպէս էլ չփոխանցեցին…

Որովհետեւ՝ պարզապէս չկայ ընթացիկ վիճակի հանգամանալից վերլուծութիւն, գնահատական, ռազմավարական պլանաւորում․․․ հետեւաբար չակերտաւոր ծրագրերն էլ անչափելի խոստումներ են, որոնց պակասը այս հինգ տարիների ընթացքում չի եղել գրեթէ բոլոր ոլորտներում։ Իսկ իրականում՝ առանց լուրջ հիմնաւորումների եւ ուսումնասիրութիւնների, գաղտնիութեան ռեժիմում, նաեւ ոչ պրոֆեսիոնալների ձեռքով վերաձեււում եւ կազմաքանդւում է Հայաստանի կրթական եւ գիտական համակարգը, տասնամեակների մեր ազգային հարստութիւնը։

Մեր հասարակութեան թիւ մէկ խնդիրն անվտանգային խնդիրն է: Աշխարհաքաղաքական այս ծանր միջավայրում մեր նուաստացումները, գոյաբանական մարտահրաւէրները, արժէքային եւ բարոյական անկումները յաղթահարելու ռէալ ճանապարհները նաեւ կրթութիւնն ու մշակոյթն են։

Մեր թշնամի պետութեան ղեկավարը թուրքալեզու պետութիւնների գագաթաժողովում յայտարարեց, որ իրենք յաղթեցին, որովհետեւ հայրենասէրներ էին դաստիարակում։

Մեր ԿԳՄՍ նախարարը յայտարարում է․ «Հայրենասիրութեան կոնցեպցիան փուչիկ է եւ վտանգաւոր գաղափար»։

Հենց այս ապազգային, օտարահաճ համոզումներով հանրակրթական չափորոշիչներում վերաձեւուեցին մեր ժառանգութեան եւ պատմութեան կարեւորագոյն դրուագներ։

Եւ որեւէ մէկը չի կարող ինձ համոզել, որ «ԳՈՅ» թատրոնը չի փակւում Գարեգին Նժդեհ բեմադրելու համար։

Այս իրականութեան մէջ անհնար է ակնկալել, որ քաղաքականութիւն մշակող  պետական պաշտօնեաների ընկալումներում կը կարողանանք սերմանել ազգային մշակոյթի եւ հայրենասիրական կրթութեան ռազմավարական պոտենցիալի գիտակցումը։

Արցախի ինքնորոշման իրաւունքի խոստումով իշխանութեան եկած վարչակարգը հրապարակայնօրէն խոստովանում է, որ «խաղաղութեան» գործընթացը ձախողուած է, այս ամէնից ցեղասպանութեան տպաւորութիւն է ստացւում»։

Պրն. Փաշինեան, լսում էի հայրենիքի, պետութեան եւ խաղաղութեան մասին ձեր անյստակ եւ վտանգաւոր մտածումները․ աւելի ճիշդ՝ ինքնաարդարացումի պատկերացումները։

Պատերազմ, թէ խաղաղութիւն ընտրանքն այլընտրանք չունի, բայց ունի գին․ առանց յաղթանակի եւ ուժի խաղաղութիւնն չի լինում։ Դուք պարտութեան առաջնորդն էք։ Ձեր խաղաղութիւնը վերջնագրի եւ յանձնուողի խաղաղութիւնն է։ Դուք յորդորում էք հրաժարուել հայրենիքի երազանքից։

Մի կողմ թողնելով ընտրողների ընդհանուր թուի ընդամէնը 26%-ի շահարկումը, երբեւէ ձեզ հարց տուե՞լ էք.

Արդեօք դուք ունէք մեր բոլորի, Արցախցու համար եւ անունից որոշումներ կայացնելու կարողութիւն եւ մեր պետականութեան գոյութեան ճակատագիրը խաւարի դատապարտելու իրաւունք։

Մի օր հաստատ հանդիպելու էք ճակատագրին, ու այս հարցերի պատասխանները շատ ցաւոտ են լինելու։

Ո՞վ, եթէ ոչ դուք պէտք է պատասխան տաք այս կործանուած խոստումների, մեր հաւաքական իրաւունքներին տէր կանգնելու կամքի բացակայութեան համար, իրականում հայրենազրկումի քաղաքականութեան համար»։

 

Comments are closed.