Դաշնակցութեանն արատաւորելու՝ կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին․ ՀՅԴ Բիւրօ

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի յայտարարութիւնը տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերեալ ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ Բիւրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամեանը։

ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղութեամբ չափազանց ուշագրաւ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետութեան հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը՝ տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ՝ երկրի հիւսիսարևմտեան հատուածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետութեանը, Արցախի բռնազաւթուած տարածքներին ու Ադրբեջանին։

Իրեն հարևան գրեթէ բոլոր տարածաշրջանները՝ Արևելեան Միջերկրածովքից մինչև Հարաւային Կովկաս և Մերձաւոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետութիւնը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելաւել Կասպից ծովի աւազանում և Իրանի հիւսիսային հատուածում։ Թշնամական որոշ շրջանակներ նոյնիսկ բացայայտ ակնարկում են Իրանում միջ-էթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծուած և պատերազմական յանցագործութիւններով ուղեկցող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին յաջողուել  է Հարաւային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկութիւնների նոր յորձանուտի մէջ և էապէս վտանգել տարածաշրջանային անվտանգութիւնը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրութիւնը նախ և առաջ ուղղուած է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և աւանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցութիւն ունեցող պետութիւնների դէմ։ Ըստ հաւաստի տարբեր հրապարակումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրաւեալ տարածքներում պահել «ծայրայեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպէս և ռազմական հնարաւորութիւններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգութեան հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերուել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգաւոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարութեան ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանութեանը խստօրէն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ յարաբերութիւններ հաստատել «առևտրի» տրամաբանութեամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու՝ ՀՀ կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցէին, որ միշտ գործել է հայ-իրանական յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ, այլ նաեւ  Իրանին, որին մէկ յօդուածի հիման վրայ դիրքորոշում ճշտելու վերագրում է արւում։

ՀՅ Դաշնակցութիւնն իր ամբողջ կարողականութեամբ՝ Հայրենիքում և Սփիւռքում, այդ թւում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական յարաբերութիւնների  ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան և ադրբեջանաթուրքական տանդեմի յանցագործ մտադրութիւնների իրականացումը կանխելու ուղղութեամբ։

ՀՅԴ ԲԻՒՐՕ

5 հոկտեմբեր 2021

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.