«Գործող իշխանութիւնը շարունակում է թրքամէտ, թրքահաճոյ քաղաքականութիւնը»․ Արփի Աբրահամեան
Երիտասարդ քաղաքագէտ , ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Արփի Աբրահամեանը նշում է մեր երկրում առկայ են անվտանգային լրջագոյն խնդիրներ, մեր երկրում ստեղծուել է ծանրագոյն ներքաղաքական իրավիճակ, իսկ գործող իշխանութիւնը շարունակում է թուրքամէտ, թուրքահաճոյ քաղաքականութիւնը։
«Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն էլ ՝ ընտրակեղծիքներով հանդերձ, Սահմանադրական դատարանն անվաւեր չճանաչեց։ Ունենք մի շարք անվտանգային խնդիրներ, առկայ են թէ՛ ներքին, թէ՛ արտաքին սպառնալիքներ։ Ներքաղաքական ճգնաժամն է՛լ աւելի է խորացել։ Իշխանութիւնը շարունակում է քաղաքական հետապնդումներ իրականացնել․ անազատութեան մէջ են գտնւում Սիւնիքի համայնքապետները», — «Հորիզոն»-ի հետ զրոյցում նշեց Արփի Աբրահամեանը։
Նա շեշտեց՝ ընդդիմութիւնը շարունակելու է իր պայքարը՝ խորհրդարանում ու փողոցում․ պայքարը նոր թափ է ստանալու։
Արփի Աբրահամեանը յիշեցրեց՝ Ադրբեջանի նախագահը չի թաքցնում իր նկրտումները․ նրա ցանկութիւնները միայն Սիւնիքով չեն սահմանափակւում, նա ցանկանում է տիրել ողջ Հայաստանը։ Քաղաքագէտը շեշտեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են աւելացնել համատեղ զօրավարժութիւնների թիւը, Ադրբեջանական բանակը իր բանակում իրականացնում է մի շարք բարեփոխումներ որոնք ուղղուած են ադրբեջանական բանակը Թուրքիայի զինուած ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն։
«Ադրբեջանի առաջխաղացումը պայմանաւորուած է հենց Թուրքիայի ակտիւ քաղաքականութեամբ։ Ադրբեջան-Թուրքիա եղբայրական կապը վերածուել է ռազմավարական դաշինքի, որը կնքուել էր 2010 թուականին․ խօսքը «Ռազմավարական գործընկերայինն և փոխօգնութեան » պայմանագրի մասին է։ Թուրքիան ցանկանում է Հարաւային Կովկասում իր դերակատարութիւնն ամրապնդել, փոխել ռազմավարական հաւասարակշռութիւնն ու շարունակել «Մեծ Թուրան» ծրագիրը», — ընդգծեց քաղաքագէտը։
Նա ընդգծեց՝ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւններին հարկաւորիլ է լրջօրէն վերաբերուել։
«Ներկայումս Արցախի անվտանգութիւնն ապահովում են հենց ռուս խաղաղապահները։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազնավարական դաշնակիցներ են։ Այս երկու երկրի միջև կնքուել են մի շարք պայմանագրեր ու համաձայնագրեր։ Կարևորագոյն պայմանագրերից մէկը Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերեալ պայմանագիրն է, որը կնքուել է 1995 թուականի մարտի 16-ին և փոփոխութեան ենթարկուել 2010 թուականին․ հենց այդ ժամանակ ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում տեղակայուած մնալու ժամկէտը երկարաձգուեց մինչև 2044 թուականը», — ընդգծեց քաղաքագէտը։
Քաղաքականութեան կուլիսներում կատարուող աչքի ընկնող վերջին իրադաձութիւններից մէկն էլ Եւրամիութեան ներկայացուցչի այցն էր Երևան ու Բաքու։ Քաղաքագէտի պնդմամբ՝ ակնյայտ է, որ ԵՄ-ն ևս ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարաւային Կովկասում։
«Եւրամիութեան հետ մենք համագործակցել ենք դեռևս 1990-ական թուականներից, կնքել ենք բազմաթիւ համաձայնագրեր։ Այս վերջին համաձայնագիրը «Համապարփակ և ընդլայնուած գործընկերայինն» համաձայնագիրն է, որը կնքուել է 2017 թուականին և ուժի մէջ է մտել 2021 թուականին։ ԵՄ-ն յաճախ է Հայաստանում աջակցութեան ծրագրեր իրականացրել, այս վերջին աջակցութեան ծրագիրը ևս նորութիւն չէր, սակայն այստեղ ակնյայտօրէն երևում է, որ այլ նպատակներ կան․ Եւրոմիութիւնը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարաւային Կովկասում և տարածաշրջանում ակնյայտօրէն երևում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտութեան բաղադրիչը», — ընդգծեց քաղաքագէտը։
Զրոյցի վերջում քաղաքագէտը նշեց՝ մեր երկրում ստեղծուած ծանրագոյն վիճակից դուրս գալու միակ ելքը ազգային իշխանութիւն ունենալն է․ միայն այդ դէպքում կարող ենք ունենալ հզօր պետութիւն, հզօր բանակ և կը կարողանանք վարել հայանպաստ քաղաքականութիւն։ Հայ ժողովուրդը պիտի միաբանուի իր բանակի, հայոց եկեղեցու ու զինուորի կողքին ու պայքարի հանուն հայ ազգի յարատևութեան։
Յասմիկ Բալէեան