Գարեգին Բ. Կաթողիկոսին Ամանորի Պատգամը. Երբեք Չմարի Հայրենի Արցախ Վերադարձի Տեսիլքը Եւ Զօրեղ Մնայ Հաւատն Առ Աստուած
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփիւռս,
Տարեմուտի այս երեկոյ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք բերում ամէնքիդ: Ամանորը սահմանագիծն է պատմութիւն դարձած օրերի եւ յուսառատ գալիքի:
Փրկչական 2024 թուականը դիմաւորում ենք խոր մտահոգութիւններով, դիմաւորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցաւը մեր սրտում:
Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապաւինած` յոյսով ու լաւատեսութեամբ ենք նայում մեր ազգի ապագային: Արցախի բռնազաւթման եւ հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծուած լրջագոյն իրավիճակով եւ առկայ հիմնախնդիրներով հանդերձ` հաստատակամ պիտի յաղթահարենք դժուարութիւնները` ամուր պահելով նուիրումն ու սէրը առ հայրենին եւ հաւատը առ մեր Ամենակալ Տէրը:
Սիրելինե՛ր, ուրախութեան, թէ նեղութեան պահերին մեր ժողովուրդը միշտ ապաւինել է Աստծուն, միշտ ուժ ու զօրութիւն առել Բարձրեալից` հաւատքով, որ Աստուած մեզ հետ է: Անտարակոյս, մեր ժողովրդի հոգեւոր ներուժն ու ոգու ամրութիւնը մեզ պիտի առաջնորդեն վերյառնումի եւ հայոց կեանքի յաղթական վերընձիւղման:
Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարուել է, բայց չի յանձնուել, ցեղասպանուել է, բայց չի կործանուել, սրատուել է, բայց չի մահացել:
Արդարեւ, չի կարող ընդհատել պատմութիւնը մի ժողովրդի, որի տարեգրութիւնը զարդարուած է աստուածպաշտութեան եւ հայրենասիրութեան հրաշալի վկայութիւններով, ապրելու եւ արարելու անընդմիջելի տենչանքով: Փորձութիւնները յաճախ են պատահում ժողովուրդների կեանքում, սակայն դժուարին իրավիճակներից յաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստուած հաւատքով եւ արիաբար դիմակայում նեղութիւններին ու մարտահրաւէրներին: «Տէրը ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Նրա վրայ», ասում է սաղմոսերգուն (17.31):
Արդ, սիրելինե՛ր, Նոր տարում նորոգուենք հոգով ու մտքով, զօրանանք յոյսով, ինքնաքննութեամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թոյլ չտանք, որ ազգային կեանքում սերմանուի ատելութիւն ու պառակտում, արմատաւորուի կործանարար յարմարուողականութիւնն ու անտարբերութիւնը: Ապրենք հաւատքով զարդարուն կեանքով, միմեանց հանդէպ աստուածապատուէր սիրով, որպէսզի զգանք Աստուծոյ շնորհաբեր ներկայութիւնը մեզանում:
«Մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով», ինչպէս յորդորում է առաքեալը (Յուդա 20-21): Միասնական լինենք Հայաստանում ու սփիւռքում եւ մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք յանուն համազգային շահերի պաշտպանութեան, հայրենեաց ու ազգի կեանքի նոր արշալոյսի կերտման:
Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարուած են բոլոր ժամանակների հայ սերունդների աղօթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտուի հայոց ինքնութիւնը, եւ որի սրբազան հողից է յաւէտ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանուած մեր քոյրերին ու եղբայրներին, նրանց մէջ առատացնենք յոյսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, եւ զօրեղ մնայ հաւատն առ Աստուած: Աջակից լինենք կարիքաւորներին ու նեղեալներին եւ Բարձրեալի օգնականութիւնը հայցենք անյայտ կորած եւ գերեալ մեր զաւակներին ու նրանց ընտանիքներին:
Սուրբգրական պատգամի համաձայն, չմոռանանք բարեգործութիւնը եւ մեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), եւ այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կեանքի, այս է ճանապարհը դարաւոր ու նուիրական արժէքներով մեր ազգի եւ պետութեան լինելիութեան ու յարատեւութեան:
Սրտագինս աղօթենք, որ Երկնաւոր Տէրը խաղաղութեան մէջ պահի Հայոց աշխարհը եւ ողջ մարդկութեանը, Իր զօրակցութեամբ յոյսի ու սիրոյ շնորհները եւ յաղթութեան պարգեւը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայութեան կեանքին այսօր եւ միշտ եւ յաւիտեան. ամէն:
Բարի, օրհնեալ Նոր տարի:
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
31 դեկտեմբեր 2023
Comments are closed.