Բազմամարդ համաժողովրդական հանրահաւաք Ստեփանակերտում

Այսօր՝ Մայիսի 9-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահաւաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպուել է բազմամարդ համաժողովրդական հանրահաւաք։

Հանրահաւաքին նախորդել է Ստեփանակերտի Սուրբ Աստուածամօր Յովհաննու Մայր Տաճարում անցկացուած հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախեան առաջին, Ապրիլեան եւ 44-օրեայ պատերազմներում նահատակուած հերոսների, որից յետոյ տեղի է ունեցել Խաչերթ դէպի Եղբայրական յուշահամալիր, որտեղից էլ երթի մասնակիցները ուղղուել են դէպի Վերածննդի հրապարակ՝ միանալով հանրահաւաքի մասնակիցներին։

Հանրահաւաքի նպատակը յաղթանակների օրը վերաիմաստաւորելն էր նոր ուխտով՝ Արցախը հայկական պահելու սրբազան ուխտով:

Հանրահաւաքի ընթացքում ելոյթով հանդէս են եկել ՀԱՍԵ (Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի) Արցախի թեմի Քրիստոնէական դաստիարակութեան եւ քարոզչութեան կենտրոնի տնօրէն արժանապատիւ Տեր Վաչական քահանայ Կիւրճեանը, «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահաւաքի նախաձեռնող խմբի անդամ Դաւիթ Բաղրեանը, «Մենք ենք մեր սարերը» գործակալութեան համահիմնադիր, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, արցախեան 3 պատերազմների մասնակից Կարմէն Աւետիսեանը եւ երիտասարդներ։

Նախաձեռնողները տեղեկացրին, որ թղթային եւ առցանց եղանակով հաւաքագրուել է 120,000 ստորագրութիւն, ինչպէս նաեւ ներկայացրին Արցախը ապաշրջափակելու իրենց պահանջը, վերահաստատեցին հայրենիքում ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրենց իրաւունքին տէր կանգնելը, ցոյց տուեցին, որ Արցախը չի յանձնւում եւ որ վճռական են՝ շարունակելու իրենց պայքարը, ինչպէս նաեւ զգօնութեան, սթափութեան, համախմբման ու պայքարի կոչ ուղղեցին մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում եւ աշխարհում։

Հանրահաւաքին մասնակցել են ԱՀ (Արցախի Հանրապետութիւն) ներկայ ու նախկին նախագահները, ԱՀ ԱԺ (Ազգային Ժողով) պատգամաւորները:

Ստեփանակերտի Սուրբ Աստուածամօր Յովհաննու Մայր Տաճարում՝ ի յիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախեան առաջին, Ապրիլեան եւ 44-օրեայ պատերազմներում նահատակուած հերոսների մատուցուած հոգեհանգստեան կարգից յետոյ տեղի է ունեցել Խաչերթ դէպի Եղբայրական յուշահամալիր:

Comments are closed.