Արցախում վերջին պարկ ալիւրին վախով են նայում. 227 օր շրջափակման մէջ

Մագդան իր հինգ հոգանոց ընտանիքի մէկօրուայ համեստ սննդի համար մօտաւորհաշուարկով նախատեսում է 15-20 հազար դրամ։ Հերթով թուում է բոլոր այն ապրանքները, որոնք վերջին ամիսներին Արցախում մի քանի անգամ թանկացել են ու գրեթէ չեն ճարւում։ Այդ պատճառով նա երկրորդ աշխատանք է գտել, որպէսզի հասցնի հոգալ երեխաների կարիքները։

«Մեկ ձուն 300 դրամ են վաճառում, մի կիլոգրամ լոլիկը 2800 դրամ է, վարունգ՝ 1800, պանրի գինը 4-5 հազար է դարձել, բայց էնպէս չի, որ ուզենաս առնել, հեշտ ու հանգիստ կը կարողանաս գնալ խանութ, վերցնել», ասում է Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի բնակչուհի Մագդա Մկրտչեանը։

Արցախում այս օրերի իրավիճակը նկարագրելու համար Մագդան օգտագործում է միայն «վատ է, շատ վատ է, ահաւոր է» արտայայտութիւնները։ Ասում է, որ թէեւ ինքը միշտ լաւատես է եղել, չի սիրել բողոքել, բայց հիմա էլ լաւինհաւատալ չի կարողանում։

«Սկզբում էդքան չէր զգացւում, քանի որ գոնէ սնունդ մտնում էր, հիմա շատ վատ ա, համարեա ոչ մի բան չկայ։ Պահ ա լինում՝ մարդիկ իրար ձեռքից հաց են թռցնում։ Ճիշդն ասած, մարդիկ որոշ քանակութեամբ ալիւր դեռ ունեն, բայց վախենում են օգտագործեն, պահում են, որ եթէ ծայրայեղ վիճակ լինի, հաց թխեն, գոնէերեխէքին կերցնեն։ Մի պարկ ալիւր էլ ես ունեմ, բայց ձեռք չեմ տալիս», նեղսրտում է Մագդան։

Երեխաները փոքր են՝ 12, 7 եւ 5 տարեկան, վաղուց որեւէ քաղցրաւենիք չկայ, որ տղաներին տայ։ Երբեմն, երբ շաքարաւազ է լինում, հալեցնում է, լցնում թխուածքի ձեւամանների մէջ, շաքարաքլոր պատրաստում ու տալիս երեխաներին։ Ասում է, որ սկզբում, երբ դեռ պարագաներ կային, տանը թխուածք էր պատրաստում, տալիս երեխաներին, բայց տեւական ժամանակ է՝ ոչինչ չկայ։

«Վերջին անգամ խանութից շաքարաւազ ու ձէթ գնել եմ մինչեւ Յունիս 15-ի՝ ճանապարհի վերջնական փակուելը։ Դրանից յետոյ մի քանի օր առաջ օգնութիւն ենք ստացել՝ իւրաքանչիւր երեխային կէս կիլոգրամ շաքարաւազկէս լիտր ձէթ։ Աշխատում եմ շատ քիչ օգտագործել, միայն խիստ կարիքի դէպքում», պատմում է Մագդան ու աւելացնում, որ պարէնի շատ կտրոններ ունի, բայց ապրանք խանութներում չկայ։

Մեր յոյսը մեր բանջարանոցն է

Շրջափակման պայմաններում գիւղերում ապրող մարդկանց վիճակը համեմատաբար աւելի լաւ է, քան քաղաքում ապրողներինը։ Գիւղումհամարեա բոլորը տնամերձ այգիներ ունեն, որտեղից այս օրերին ստանում են իրենց սննդի 80 տոկոսից աւելին։

Մագդայենց այգում աճում է լոբի, կարտոֆիլ, կաղամբ, դդում, լոլիկն ու վարունգը դեռ չեն հասել, որոշ բաներ կարող էր վաճառել բայց գերադասել է պահածոյացնել ու ձմրան համար պահել։ Աշխատում են բաւարարուել այսքանով, իսկ այն, ինչ հնարաւոր է երկար պահել, չեն օգտագործում։

«Էս բանջարեղէնով օրը մի բան պատրաստում եմ, էսօր կարտոշկայ եմ սարքել։ Երկուական կիլոգրամ բրինձ ու գրեչկայ ունեմ, մի քիչ ոսպ, մի բուռ էլ մակարոն, երեխէքինտուածշաքարաւազն ա ու ձէթը, վերջ, իմ տան եղածն էս ա, մի ամիս էլ չի հերիքացնի», նորից նեղսրտում է Մագդան։

Գիւղում երբեմն մարդիկ անասուն են մորթում, միս է լինում, բայց խանութներում չեն բերում։ Մարդիկ, իրար իմաց տալով, գնում վերցնում են։ Կաթնամթերքը եւս, թէեւ տեղական արտադրութեան է, սակայն վաճառքի չկայ։

«Էս սեզոնին երեխէքը պիտի միրգ ուտեն, որ ձմրան համար վիտամիններ հաւաքեն, բայց դէ որտեղի՞ց ուտեն, ինչ էլ կար, կարկուտը տարաւ։ Էդ թերսնուցումից, վիտամինների պակասից երեխէքի մաշկը թեփոտւում է, հիւծւում են, յաճախ հիւանդանում են», ասում է դրմբոնցի Մագդան։

Էս վիճակը մարդկանց էգոիստ է դարձրել

Մագդայի խօսքով՝ թէեւցաւալի է, բայց մարդիկ արդէն սկսում են յուսահատուել, եթէ սկզբում բոլորը հաւատում էին, որ լաւ է լինելու, հիմա այդ տրամադրութիւններն էլ շատ չեն։

«Շատ լարուած վիճակ ա, մարդիկ բոլորը սթրեսի մէջ են, նոյնիսկ էն ամենահանգիստները, հիմա ահաւորլարուած են։ Տրամադրութիւն չկայ, մարդիկ զոմբիի պէս ապրում են։ Պայմանական ռեֆլեքս ա ձեւաւորուել ժողովրդի մօտ, որ պիտի ուտեն, քնեն, գնան գործի։ Ոչ մի հետաքրքրութիւն չկայ», ասում է երեք երեխաների մայրը։

Նրա խօսքով՝ եթէ առաջ առանց մտածելու մարդիկ կիսում էին իրենց ունեցածը, հիմա էլ այդպէս չէ։

«Տխուր է, բայց էս վիճակը մարդկանց էգոիստ է դարձնում, մարդիկ շատ ժամանակ իրենց ունեցածը չեն կիսում, քանի որ չգիտեն, թէ երբ դրա կարիքն ամենաշատը կը լինի։ Մտածում ես՝ բա որ տամ, բա յետոյ ինձ, բա իմ երեխէն։ Բայց ես հաւատում եմ, որ մինչեւ վերջ չի կարայ վերջանայ, որ էն մի կաթիլն էլ մնայ, էլի պիտի գայ։ Վաղուց լուացքի փոշի չկայ։ Մի ամիս առաջ էր, գնացի խանութ, լուացքի փոշի էին ստացել 20կգ-անոց։ Աշխատողն ասեց՝ Մագդա՛, առ, տար, էլ չի լինելու, լաւ էր, որ առայ։ Բայց հարեւանների հետ կիսելով՝ արդէն մի 5 կգ-ի չափ ա մնացել», պատմում է Մագդա Մկրտչեանը։

Սննդից բացի, կայ նաեւ հիգիենիկ պարագաների եւ հագուստի խնդիր։ Մագդան չգիտի, թէ դեռեւս որքան կը բաւականացնեն իր պաշարները, բայց վերջը հեռու չէ։ Երեխաները նաեւ կօշիկի խնդիր ունեն, պատռուածմարզակօշիկներով են շրջում, մի զոյգ նորը կայ, բայց դա դպրոցի համար են պահել։

Մենք Հայաստանի իշխանութիւններից սպասելիքներ չունենք, բայց ժողովրդից ունենք

«Հետքն» առաջին անգամ Մագդային հանդիպել է 2020թ․-ի պատերազմի ժամանակ, երբ նա ընտանիքով՝ բացառութեամբ ամուսնու եւ ամուսնու որդիների Երեւանում էր։

Այսօր Մագդան անկեղծանում է, որ մինչեւ այդ պատերազմը Արցախում իրեն օտար էր զգում, քանի որ Դրմբոն Սեւանից է հարս գնացել, բայց հիմա Արցախում մնալու ցանկութիւնը առաւել քան մեծ է։

«Եթե էսպէս շարունակուի ու հնարաւորութիւն լինի, կ’ուզեմ երեխէքիս դուրս հանեմ էստեղից, բայց մենք կը մնանք։ Որ յիշում եմ պատերազմի ժամանակ էդ մայրերի ողբն ու սուգը, էդքան տղաների թափած արիւնը, էստեղից ոչ մի տեղ չեմ ուզում գնամ։ Եթէ մենք այսօր թուլանանք ու Արցախը հայաթափուիյաջորդը Հայաստանն է լինելու, ինչի համար սիրտս մղկտում ա», ասում է Մագդան։

Նրա խօսքով՝ թէեւյուսահատութիւնն արդէն մեծ է, բայց Արցախի ժողովուրդը, երբ տեսնում է, որ Հայաստանում մարդիկ ցոյցեր, ակցիաներ են կազմակերպում, յոյսով է լցւում։

«Էսօր մենք Հայաստանի իշխանութիւններից սպասելիքներ չունենք, բայց ժողովրդից ունենք։ Միշտ էլ ցանկացած դժուար պահի Հայաստանի ժողովուրդը Արցախի կողքին ա եղել, ու մենք նոյն բանն էլ էսօր ենք սպասում։ 90-ականներին, երբ Հայաստանում էլ վիճակը շատ վատ էր, հայաստանցին արցախցուն օգնել ա, նեղ վիճակից հանել ա։ Ամէն բան, ինչ որ էդտեղ կատարւում է՝ կը լինի ցոյց, միջոցառում, ՄԱԿ-ի դիմաց սնունդ հաւաքել, բոլորը մեզ համար ինչ-որ յոյս ա։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ժողովուրդը քնած չի։ Բայց ամէնդէպքում կայծը պիտի էստեղից լինի, իսկ էստեղ մարդիկ նստել են, տեղներից չեն շարժւում, չեմ հասկանում՝ ո՞ւմ են սպասում։ Էստեղի ղեկավարութիւնը հեչ խելօք բաներ չի անում», ասում է Մագդա Մկրտչեանը։

Այս օրերին թէեւ ռուսական խաղաղապահ զօրախումբն Արցախում է, սակայն որեւէ կերպ չի խոչընդոտում Ատրպէյճանի անօրինական գործողութիւններին։ Մարդկանց այն հարցին, թէ ինչու որեւէ ձեւով չեն օգնում իրենց, պատասխանում են, որ իրենք միայն հրադադարի ռեժիմը պահպանելու համար են Արցախում։

«Ասում ենք՝ ինչի՞ չէք օգնում, որ սնունդ մտնի, ասում են՝ մենք միայն էստեղ ենք, որ դուք իրար վրայչկրակէք։ Իսկ իրենց համար օրը 10 անգամ ուղղաթիռները թռնում են, սնունդ են բերում, բայց թէ արցախցին ինչ կ’ուտի, իրենց հետաքրքիր չի», եզրափակում է Մագդան։

Գլխաւոր լուսանկարում՝ Մագդա Մկրտչեանի երեք տղաները

Ռիմա Գրիգորեան

«Հետք»

Comments are closed.