Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը
Յուլիսի 12-14-ը Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Արցախ այցի առաքելութիւնը հիմնականում երկու ուղղութիւն ունէր՝ հանդիպումներ Արցախի պետական տարբեր օղակների հետ եւ ներքին կազմակերպական հարցեր, որը ներառում էր ԿԿ-ի հետ որոշ աշխատանքների ծրագրում, հանդիպումներ ՀՅԴ շարքերի հետ:
Այցի ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահի, պետական նախարարի, Արտաքին գործերի նախարարի, Անվտանգութեան խորհրդի քարտուղարի, Մարդու իրաւունքների պաշտպանի հետ: Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ քննարկուել է Արցախի հարցով ՀՀ կողմից վարուող բանակցութիւնների վերաբերեալ Արցախի տեսակէտը, քննարկուել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների եւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտօրէն առնչւում են Արցախի կարգավիճակի հետ: