Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջեւ

ԱՐԱ ԱՅՎԱԶԵԱՆ
ՀՀ նախկին արտաքին գործոց նախարար

Պետութիւնների պատմութեան մէջ գոյութիւն ունեն ժամանակաշրջաններ, երբ մարտահրաւէրները չեն առաջանում մեկուսացուած կերպով, այլ ձեւաւորում են միասնական ճգնաժամային միջավայր։ Նման պահերին բաւարար չէ արձագանգել առանձին սպառնալիքների, այլ անհրաժեշտ է վերաիմաստաւորել երկրի տեղը փոփոխուող աշխարհում, սահմանել ազգային շահերը եւ մշակել երկարաժամկէտ զարգացման ռազմավարութիւն։

Հայաստանն այսօր գտնւում է հենց նման իրավիճակում։

Ներքաղաքական բեւեռացումը, տարածաշրջանային ուժերի հաւասարակշռութեան փոփոխութիւնը եւ միջազգային կարգի խորքային վերափոխումը այլեւս առանձին գործընթացներ չեն։ Դրանք փոխադարձաբար ուժեղացնում են միմեանց եւ որոշում են պետութեան կայունութիւնն ու սուբիեկտայնութիւնը պահպանելու կարողութիւնը։

Այսօր Հայաստանի առջեւ կանգնած են երեք փոխկապակցուած ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունութեան ճգնաժամը, տարածաշրջանային անվտանգութեան ճգնաժամը եւ համաշխարհային կարգի ճգնաժամը։

Ներքին կայունութեան ճգնաժամ

Հայաստանում ներքին ճգնաժամը դեռեւս չի վերածուել բացայայտ քաղաքացիական հակամարտութեան, սակայն քաղաքական բեւեռացման մակարդակը լուրջ ռիսկեր է ստեղծում պետութեան կայունութեան համար։

Ժողովրդավարական հասարակութիւնն ենթադրում է տարբեր տեսակէտների մրցակցութիւն։ Խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ վերանում է նուազագոյն համաձայնութիւնը այն հարցերի շուրջ, որոնք դուրս են ընթացիկ քաղաքական պայքարի սահմաններից՝ անվտանգութեան, արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների, ինստիտուտների զարգացման եւ պետութեան ապագայի հարցերի վերաբերեալ։

Ներկայ փուլի առանձնայատկութիւնը միայն քաղաքական հակադրութիւնը չէ։ Վերջին տարիների ընթացքում տարածաշրջանային իրականութեան հիմնարար փոփոխութիւնից յետոյ մեր հասարակութիւնում բացակայում է երկրի երկարաժամկէտ ռազմավարութեան վերաբերեալ միասնական պատկերացումը։

Եթէ քաղաքական մրցակցութիւնը վերածւում է հակառակորդին ոչնչացնելու պայքարի, պետութիւնն աստիճանաբար կորցնում է ռազմավարական նշանակութեան որոշումներ ընդունելու կարողութիւնը։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, պետական ինստիտուտների նկատմամբ վստահութեան նուազման եւ հասարակական դժգոհութեան աճի պայմաններում ներքին ճգնաժամը կարող է խորանալ՝ ստեղծելով սպառնալիք հասարակական կայունութեան համար:

Այդ պատճառով ներքին համախմբումը պէտք է դիտարկուի որպէս ազգային անվտանգութեան առանցքային բաղադրիչ։ Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել նուազագոյն ազգային համաձայնութիւնը հիմնարար հարցերի շուրջ՝ անկախութեան պահպանման, անվտանգութեան ապահովման, ինստիտուտների ամրապնդման եւ երկարաժամկէտ զարգացման պայմանների ստեղծման ուղղութեամբ։ Առանց ներքին կայունութեան հնարաւոր չէ ձեւաւորել արդիւնաւէտ արտաքին ռազմավարութիւն։

Տարածաշրջանային կարգի ճգնաժամ

Հարաւային Կովկասն ապրում է ոչ թէ հերթական քաղաքական փոփոխութիւնների փուլ, այլ տարածաշրջանային նոր կարգի ձեւաւորման անցումային շրջան։ Փոխւում է ոչ միայն ռազմական եւ քաղաքական ուժերի յարաբերակցութիւնը, այլեւ հենց տարածաշրջանային անվտանգութեան կազմակերպման սկզբունքները։ Եթէ դեռեւս վերջերս ուշադրութեան կենտրոնում էին առանձին հակամարտութիւնների կարգաւորման հարցերը, ապա այսօր ձեւաւորւում է տարածաշրջանային յարաբերութիւնների նոր համակարգ, որը առաջիկայ տասնամեակների ընթացքում որոշելու է Հարաւային Կովկասի ճակատագիրը։

Ատրպէյճանը ձգտում է ամրագրել վերջին տարիների արդիւնքները, ձեռք բերուած ռազմական առաւելութիւնը վերածելով երկարաժամկէտ քաղաքական ազդեցութեան եւ նոր տարածաշրջանային իրականութեան։ Այսպիսով, խօսքն արդէն ոչ այնքան մէկ հակամարտութեան աւարտի, որքան տարածաշրջանային նոր հիերարխիայի ձեւաւորման մասին է։

Թուրքիայի համար այս զարգացումները բացում են բացառիկ հնարաւորութիւններ իրականացնելու Հարաւային Կովկասում իր ազդեցութեան հաստատման՝ Մեծ Թուրանի դարաւոր ռազմավարութիւնը։

Միեւնոյն ժամանակ տեղի ունեցող փոփոխութիւնները շօշափում են նաեւ տարածաշրջանի միւս առանցքային դերակատարների շահերը։

Ռուսաստանի համար Հարաւային Կովկասը շարունակում է մնալ անվտանգութեան ռազմավարական տարածքի մաս, որտեղ տարածաշրջանային հաւասարակշռութեան փոփոխութիւնն անմիջականօրէն ազդում է նրա դիրքերի վրայ աւելի լայն եւրասիական համատեքստում։

Իրանի համար սկզբունքային նշանակութիւն ունի իր հիւսիսային սահմանների երկայնքով ռազմավարական կայունութեան պահպանումը եւ այնպիսի տարածաշրջանային դասաւորութեան ձեւաւորման կանխումը, որը կարող է խախտել շահերի ձեւաւորուած հաւասարակշռութիւնը։

Այսպիսով, խօսքն այլեւս միայն հայ-ատրպէյճանական երկկողմ հակադրութեան մասին չէ, այլ նոր տարածաշրջանային համակարգի ձեւաւորման, որտեղ միահիւսւում են բոլոր հիմնական մասնակիցների շահերը։ Հենց այդ պատճառով ապագայ կարգի կայունութիւնը չի կարող ապահովուել բացառապէս մէկ կողմի առաւելութեամբ կամ ռազմաքաղաքական գերիշխանութեան տրամաբանութեամբ։

Միջազգային յարաբերութիւնների պատմութիւնը ցոյց է տալիս, որ երկարաժամկէտ կայունութիւնը ձեռք է բերւում այն ժամանակ, երբ ապահովւում է ոչ միայն ուժերի, այլեւ շահերի հաւասարակշռութիւնը։ Հենց այս գործօնների համադրութիւնն է ստեղծում կայուն տարածաշրջանային անվտանգութեան ճարտարապետութեան ձեւաւորման նախադրեալներ, որոնք կարող են կանխել նոր ճգնաժամերը, այլ ոչ թէ պարզապէս յետաձգել դրանց առաջացումը։ Հարաւային Կովկասի ապագայի գլխաւոր հարցն այն չէ միայն, թէ որ պետութիւնը կ’ունենայ աւելի մեծ ազդեցութիւն, այլ այն, թէ ինչ սկզբունքների վրայ է կառուցուելու նոր տարածաշրջանային կարգը։ Արդեօ՞ք այն հիմնուած կը լինի բացառապէս գերիշխանութեան համար մրցակցութեան վրայ, թէ՞ ինստիտուցիոնալ մեխանիզմների, որոնք կ’ապահովեն կանխատեսելիութիւն, փոխադարձ անվտանգութիւն եւ տարածաշրջանի բոլոր պետութիւնների օրինական շահերի հաշուառում։

Հայաստանի խնդիրը միայն սեփական ինքնիշխանութեան եւ ազգային շահերի պաշտպանութիւնը չէ։ Ոչ պակաս կարեւոր է դառնալ ապագայ տարածաշրջանային փոխգործակցութեան կանոնների ձեւաւորման ակտիւ մասնակից։ Նոր տարածաշրջանային կարգի ձեւաւորման պայմաններում այն պետութիւնը, որը չի մասնակցում այդ կանոնների մշակմանը, անխուսափելիօրէն ստիպուած է լինելու ապրել ուրիշների կողմից սահմանուած կանոններով։ Հենց այդ պատճառով Հայաստանի մասնակցութիւնը ապագայ անվտանգութեան ճարտարապետութեան ստեղծմանը այլեւս ոչ թէ դիւանագիտական ընտրութիւն է, այլ ռազմավարական անհրաժեշտութիւն։

Այդուհանդերձ այս գործընթացների տրամաբանութիւնը հնարաւոր չէ հասկանալ՝ Հարաւային Կովկասը դիտարկելով միայն որպէս ինքնուրոյն տարածաշրջան։ Այստեղ ձեւաւորուող կարգը հանդիսանում է միջազգային համակարգի աւելի լայնածաւալ վերափոխման մի մասը, որի կեդրոնն աւելի ու աւելի յստակօրէն տեղափոխւում է Եւրասիա։

Համաշխարհային ճգնաժամ. Հարաւային Կովկասը եւրասիական մրցակցութեան կեդրոնում

Հենց այս աւելի լայն՝ եւրասիական համատեքստում պէտք է դիտարկել Հարաւային Կովկասում ընթացող գործընթացները։ Նոր համաշխարհային կարգի ձեւաւորումը տարածաշրջանը աստիճանաբար վերածում է խոշորագոյն ուժային կեդրոնների մրցակցութեան առանցքային հանգոյցներից մէկի։ Այս նոր իրադրութիւնում Հարաւային Կովկասը դադարում է լինել համաշխարհային քաղաքականութեան ծայրամաս, այն դառնում է ձեւաւորուող աշխարհաքաղաքական դիմակայութեան գլխաւոր էպիկեդրոններից մէկը։ Այսպիսով, Հարաւային Կովկասում ընթացող գործընթացները դառնում են աւելի լայն համաշխարհային մրցակցութեան բաղկացուցիչ մասը, որտեղ խաչաձեււում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների եւ Իսրայէլի շահերը։

Սակայն տարածաշրջանի վերածուելը խոշոր տէրութիւնների մրցակցութեան հարթակի չի նշանակում, որ այստեղի պետութիւններն անխուսափելիօրէն վերածուելու են պասիւ դիտորդների եւ օբիեկտների։ Փոքր պետութիւնների որպէս միջազգային յարաբերութիւնների ինքնուրոյն դերակատարներ պահպանուելու կարողութիւնը պայմանաւորուած է ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլեւ սեփական ռազմավարութեան որակով։

Արձագանգումից դէպի ռազմավարութիւն

Երեք ռազմավարական ճգնաժամերին տրուող պատասխանը չի կարող սահմանափակուել առանձին եւ մեկուսացուած միջոցառումներով։ Ներքին կայունութիւնը, տարածաշրջանային անվտանգութիւնը եւ միջազգային սուբիեկտայնութիւնը միասնական պետական ռազմավարութեան փոխկապակցուած տարրեր են։

Այդպիսի ռազմավարութեան հիմքում պէտք է լինի ազգային համախմբումը։ Խօսքը ոչ թէ տարաձայնութիւնների վերացման, այլ պետութեան գոյութիւնը պայմանաւորող հիմնարար հարցերի շուրջ նուազագոյն ազգային համաձայնութեան վերականգնման մասին է։ Ազգային հաշտեցումը պէտք է դառնայ ոչ թէ տարբեր քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերուած փոխզիջում, այլ հասարակութեան գիտակցուած ընտրութիւնը՝ յանուն հայկական պետականութեան պահպանման եւ ամրապնդման։

Հենց այս հիմքի վրայ է հնարաւոր յստակ ձեւակերպել ազգային շահը։ Ժամանակակից պայմաններում այն չի սահմանափակւում միայն պետական ինքնիշխանութեան ձեւական պահպանմամբ։ Ազգային շահը ներառում է պետութեան կարողութիւնը ապահովելու քաղաքացիների անվտանգութիւնը, պաշտպանելու ազգային ինքնութիւնը, զարգացնելու մարդկային կապիտալը, պահպանելու ժողովրդագրական կայունութիւնը եւ քաղաքական սուբիեկտայնութիւնը:

Այս մօտեցման գործնական արտայայտութիւնը պէտք է լինի ռազմավարական ինքնավարութեան ամրապնդումը՝ պետութեան կարողութիւնը ինքնուրոյն սահմանելու իր ազգային շահերը եւ փոփոխուող միջազգային միջավայրում պահպանելու որոշումների ընդունման ազատութիւնը։ Ռազմավարական ինքնավարութիւնը չի նշանակում ինքնամեկուսացում։ Ընդհակառակը, այն ենթադրում է գործընկերային յարաբերութիւնների զարգացում՝ հիմնուած սեփական ազգային առաջնահերթութիւնների վրայ։

Այս տրամաբանութեան հաջորդ օղակը պէտք է լինի ռազմավարական պլանավորման համակարգի ստեղծումը։ Պետութեանը անհրաժեշտ են մշտապէս գործող վերլուծութեան, կանխատեսման եւ երկարաժամկետ զարգացման սցենարների գնահատման մեխանիզմներ։

21-րդ դարում պետութիւնները մրցակցում են ոչ միայն ռազմական հզօրութեամբ կամ տնտեսական ռեսուրսների ծաւալով։ Աւելի ու աւելի մեծ նշանակութիւն է ձեռք բերում պետական կառավարման որակը՝ պետական ինստիտուտների կարողութիւնը ձեւակերպելու ռազմավարական նպատակներ, ապահովելու քաղաքականութեան շարունակականութիւնը եւ վայելելու հասարակութեան վստահութիւնը։ Հենց այս գործօնն է մեծապէս որոշում պետութեան կայունութիւնը միջազգային տուրբուլենտութեան դարաշրջանում։ Միայն նման ներքին հիմքի վրայ յենուելով Հայաստանը կը կարողանայ վարել արտաքին քաղաքականութիւն, որը հիմնուած կը լինի ոչ միայն սպառնալիքներին արձագանգելու, այլեւ նոր հնարաւորութիւններ ձեւաւորելու վրայ։

Միջազգային յարաբերութիւնների պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ համաշխարհային կարգի փոփոխութեան ժամանակաշրջանները եղել են ամենամեծ փորձութիւնների շրջանը միջին եւ փոքր պետութիւնների համար։ Սակայն հենց այդպիսի ժամանակներում պետական ինստիտուտների որակը, ռազմավարական մտածողութիւնը եւ հասարակութեան համախմբուելու կարողութիւնն են որոշել, թէ արդեօք նրանք կը պահպանեն իրենց սուբիեկտայնութիւնը, թէ կը վերածուեն ուրիշների որոշումների օբիեկտների։

Եզրակացութիւն

Պետութիւնների պատմութիւնը վկայում է, որ բարդ ժամանակաշրջանները ոչ միայն փորձութեան, այլեւ ապագայի ձեւաւորման պահեր են։ Հայաստանն այսօր գտնւում է հենց այդպիսի հանգրուանում։

Մեր երկրի առջեւ կանգնած է ոչ միայն կոնկրետ սպառնալիքների յաղթահարման խնդիրը։ Ոչ պակաս խորքային հարց է, թէ արդեօք հայկական պետականութիւնը կը կարողանայ հարմարուել նոր միջազգային միջավայրին եւ պահպանել իր ինքնուրույնութիւնը կլոպալ անորոշութեան դարաշրջանում։

Պատմութիւնը հազուադէպ է պետութիւններին հնարաւորութիւն տալիս ընտրելու այն դարաշրջանը, որում նրանք պէտք է գոյատեւեն։ Սակայն այն միշտ նրանց թողնում է մէկ ընտրութիւն՝ դառնալ ուրիշների որոշումների օբիեկտ, թէ պահպանել սեփական ապագան ինքնուրոյն կերտելու կարողութիւնը։ Հենց այս ընտրութեան առաջ է այսօր կանգնած Հայաստանը։

Այս ընտրութեան պատասխանը պայմանաւորուած կը լինի ոչ այնքան արտաքին հանգամանքներով, որքան պետութեան ներքին կարողութեամբ գործելու ռազմավարական մտածողութեամբ եւ հետեւողականութեամբ։

Աշխարհագրութիւնը սահմանափակումներ է ստեղծում, սակայն չի կանխորոշում պետութեան ճակատագիրը։ Միջազգային միջավայրը ձեւաւորում է մարտահրաւէրներ, սակայն հենց հայկական պետականութեան որակը՝ հասարակութիւնը համախմբելու, ռազմավարական որոշումներ ընդունելու, ազգային շահերը պաշտպանելու եւ ռազմավարական ինքնավարութիւնը պահպանելու կարողութիւնը, կը դառնայ այն վճռորոշ գործօնը, որը կ’որոշի Հայաստանի տեղն ու դերը ձեւաւորուող համաշխարհային կարգում։