Փաշինեանն այսքան կտրուեց իրականութիւնից․ կա՛մ ֆեյսբուքն է իրեն խաբում կա՛մ  ֆեյքերի ֆաբրիկան է իրեն խաբում

«Փաշինեանը պէտք է հրաժարական տայ, որպէսզի գէթ յառջիկայ ամիսներին, օր առաջ  հնարաւոր լինի վերականգնել Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, մեր ժողովրդի ազգային անվտանգութիւնը» Գեղամ Մանուկեան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը Կառավարութեան շենքի դիմաց շարունակում է անժամկէտ հացադուլը՝  պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։  Յիշեցնենք՝ Գեղամ Մանուկեանը հացադուլ էր յայտարարել  նոյեմբերի 23-ից։ Սահմանադրական դատարանի  նախկին անդամ Կիմ Բալայեանը, ՀՅԴ անդամ  Գարիկ Աւետիսեանը, 2008 թուականին զոհված Անդրանիկ Կիրակոսեանի մայրը՝ Անահիտ Կիրակոսեանը միացել են հացադուլին։

«Հորիզոն»-ի թղթակիցը զրուցել է Գեղամ Մանուկեանի հետ։

«Գործող իշխանութիւնի կողմից ինչ-որ առանձնայատուկ վերաբերմունք  կամ արձագանգ  չկայ, ես ակնկալիք էլ չունեմ։ Միակ ակնկալիքս մէկն է՝ վարչապետ Փաշինեանի հրաժարականի մասին պաշտօնական  յայտարարութիւնը», — նշում է  Գեղամ Մանուկեանը։

Նիկոլ Փաշինեանի մամուլի խօսնակը երէկ որպէս գործընկեր՝ այցելել է Գեղամ Մանուկեանին, տաք ջուր է տարել։

«Ես չեմ ակնկալում, որ Նիկոլ Փաշինեանը կ՚իջնի կամ կը խօսեմ նրա հետ։ Նա ուղղակի պէտք է հրաժարականի դիմում ներկայացնի, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը, մեր ժողովրդի ազգային անվտանգութիւնը գէթ յառաջիկայ ամիսներին՝ օր առաջ,  հնարաւոր լինի վերականգնել, հնարաւոր լինի բացթողումները շտկել և սրբագրել այն աւերածութիւնները, որոնք գործել է Նիկոլ Փաշինեանը և նրա շրջապատը», —  ասում է  Գեղամ Մանուկեանը։

Նա ընդգծեց՝ այս օրերին Փաշինեանը անընդհատ յայտարում է, որ իր հրաժարականի հանրային պահանջը չկայ, բայց քաղաքացիների հետ շփուելով՝ այլ փաստ է արձանագրւում։

«Կարող եմ ասել՝ առնուազն հացադուլի այս օրերին  ես  տեսայ, որ գրեթէ չկան քաղաքացիներ, որոնք նոյն պահանջն ու կարծիքը չ՚ունենամ․ պարզապէս ամէն մէկը իւրովի է արտայայտում իր բողոքը՝ մէկը տանը, մէկը՝ մտահոգութիւն յայտնելով, մէկը՝ ինձ մօտենալով, միւսը՝ հրապարակ գնալով․․․ Ուղղակի ափսոսում  եմ, որ 2,5 տարուայ ընթացքում Նիկոլ Փաշինեանն այսքան կտրուեց իրականութիւնից․ կա՛մ ֆեյսբուքն է իրեն խաբում կա՛մ  ֆեյքերի ֆաբրիկան է իրեն խաբում, թէ հասարակութիւնն իրեն աջակցում է և նոյնիսկ արդարացնում։  Նա ուղղակի հանրային աջակցութիւն չունի», —  եզրափակեց Գեղամ Մանուկեանը։

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԷՅԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.