Հասարակութեան Ներկայ Պառակտուածութիւնը Սպառնալիք Է Մեր Ազգային Անվտանգութեանը. Վաչէ Բրուտեան

Ցանկացած հասարակութեան պարագայում ատելութիւնն ու պառակտումը չեն կարող դրական արդիւնքի յանգեցնել, առաւել եւս՝ հայկական հասարակութեան պարագայում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ գործիչ, «Ասպարէզ» օրաթերթի նախկին խմբագիր, քաղաքագէտ Վաչէ Բրուտեանը՝ անդրադառնալով մեր հասարակութիւնում ստեղծուած մթնոլորտին:

«Ատելութիւնն ու պառակտումը յանգեցնում են ուժերի վատնման, տանում են դէպի ներքին մասնատում եւ անխուսափելի պարտութիւնը», յաւելեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ մարդիկ հրապարակայնօրէն սոցցանցերում, թէ անմիջական շփումներում «մահ ու արիւն» են ցանկանում միւս կողմին: «Պետական ներկայիս եւ նախկին պաշտօնեաների հասցէին հայհոյանքները, նախատինքները հասել են ծայրայեղ չափերի (չենք ուզում ասել, որ «չափաւոր» հայհոյանքն ընդունելի է): Իսկ հաւաքականութիւնը, որն այսպիսի անյարգալից վերաբերմունք ունի իր պետութեան ղեկավար օղակներում աշխատած կամ աշխատող անձնաւորութիւնների հանդէպ, կարող է կորցնել սեփական պետականութիւնը», շեշտեց Վաչէ Բրուտեանը:

Նա համոզուած է, որ, այս ամէնը տեսնելով, միջին հայ մարդը տարակուսանքով հարցնում է՝ ի՞նչ եղան սիրոյ եւ համերաշխութեան կարգախօսները, որոնք անդադար կրկնում էր ՀՀ վարչապետը:

«Բայց մի կողմ դնենք սէրն ու համերաշխութիւնը. բացակայում է ուրիշի տեսակէտը լսելու եւ յարգելու տարրական քաղաքավարութիւնն իսկ: Այլատեացների այս խմբին պատկանողներն այլեւս ամբոխ են՝ անքաղաքակիրթ ու վայրի, եւ ոչ թէ ժողովուրդ: Իսկ ժողովուրդը հաւաքական իմաստութիւն է ունենում եւ դրանով է տարբերւում ամբոխից», ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն բանին, թէ այս ամէնն ինչ վտանգներ է ենթադրում Հայաստանի եւ հայութեան համար, Բրուտեանը նշեց. «Հայաստանը Շուեյցարիա կամ Շուէդիա չէ: Մեր հայրենիքը փաստացի պատերազմական վիճակի մէջ, հետեւաբար՝ ներքին ատելավառ, անհանդուրժող եւ պառակտուած մթնոլորտը լրջօրէն սպառնում է մեր ազգային անվտանգութեանը: Վստահաբար, մեր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, հետեւում են մեր ներքին անցուդարձերին, արձանագրում եղելութիւնները, վերլուծում եւ համապատասխան եզրակացութիւնների յանգում: Այդպէս են գործում պետութիւնները»:

Ըստ նրա՝ Հայաստանը գոյութեան պայքարի մէջ է. մեր երկիրն իր ներքին սոցիալ-տնտեսական արդար հաւասարակշռութիւնը գտնելուց շատ հեռու է, քաղաքական համակարգը թոյլ է ու թերի, Արցախի հարցն իր արդար լուծմանը չի յանգել, Թուրքիան դեռեւս բռնագրաւած է պահում հայապատկան հողերը, մեր հայրենիքի մեծ մասը եւ ոչ միայն հրաժարւում է հատուցել հայ ժողովրդին, այլեւ ուրանում է իրագործած Հայոց Ցեղասպանութիւնը:

«Սա՛ է Հայկական օրակարգն այսօր: Ուրիշ օրակարգ չունենք այսօր: Հետեւաբար, աւելի է շեշտւում այն վտանգը, որը գալիս է ներքին պառակտուածութիւնից, որը սպառնում է մեր երկրի ազգային անվտանգութեանը: Ամէնից առաջ իշխանութիւնների՛ պարտականութիւնն է ազգը համախմբել այս օրակարգի շուրջը, այլ ոչ թէ անդադար ներքին բաժանարար նոր «խրամատներ» ստեղծել: Այս իմաստով, իշխանութիւնների վրայ մեծ, ճակատագրական պատասխանատուութիւն կայ», ընդգծեց Վաչէ Բրուտեանը:

«ԵՐԿԻՐ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.