«Հայ Դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական մեծ կշիռը յատկապէս դրսեւորուեց վերջին օրերին». ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան ֆէյսպուքի իր գրառումով դրուատած է Գանատայի Հայ Դատի յանձախումբի աշխատանքը։ Ստորեւ գրառումը.

«Ուրախութեամբ պիտի արձանագրենք, որ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը (Armenian National Committee of Canada) իրաւամբ դասւում է Հայ Դատի ամենաաշխոյժ յանձնախմբերի շարքը։ Յանձնախմբի ու գրասենեակի բարձր արդիւնաւէտութիւնն ու քաղաքական մեծ կշիռը յատկապէս դրսեւորուեցին վերջին օրերին։
Անցեալ տարուայ Նոյեմբերին, երբ աշխատանքային այցով գտնւում էի Օթթաուայում, մօտիկից ծանօթացել եմ յանձնախմբի կարողութիւններին և քաղաքական յարաբերութիւնների պատկառելի շրջանակին։

Մեծ հպարտութեամբ էի հետևում Գանատական պետական-քաղաքական գործիչների հրապարակումներին, որտեղ նրանք զօրակցութիւն էին յայտնում Հայաստանին և խիստ հասցէական քննադատում ատրպէյճանական ակրեսիան։ Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների շնորհիւ, Գանատական քաղաքական կեանքի հիմնական երեք դերակատար կուսակցութիւններից ստացուել են տարբեր բնոյթի արձագանգներ։

Ուզում եմ նշել իշխող Ազատական կուսակցութեան պատգամաւոր Ֆայսալ Էլ Խուրիի յայտարարութիւնը, որը Խորհրդարանի դահլիճից ուղղակիօրէն դատապարտեց Ատրպէյճանին և իր զօրակցութիւնը յայտնեց Հայաստանին։

Առանձին ուզում եմ անդրադառնալ Գանատայի երկրորդ քաղաքական ուժին՝ Պահպանողական կուսակցութեանը և երախտիքի ու շնորհակալութեան խօսքեր ուղղել այդ կուսակցութեան նախագահ Անտրու Շիրին, Հայ Դատի յանձնախմբի ջանքերով ստեղծուած Գանատա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, պատգամաւոր Ռէյչըլ Հարտըրին եւ պատգամաւորներ Էրին Օթուլին եւ Պօպ Սարոյային, որոնք խիստ հասցէական դատապարտել են ատրպէյճանական յարձակումները և ամբողջական զօրակցութիւն յայտնել Հայաստանին, Արցախին և համայն հայութեանը։

Ատրպէյճանական ակրեսիան դատապարտել է նաև Նոր-դեմոկրատական կուսակցութեան փոխնախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանտր Պուլերիսը ու բազմաթիւ այլ ընտրեալ ներկայացուցիչներ։

Շնորհակալ եմ նաև Հայաստան-Գանատա բարեկամութեան խմբի անդամներին»։

Լուսանկարը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան եւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակուիթւնը, 2019-ի Դեկտեմբեր 4-ին Օթթաուայի մէջ կը հիւրընկալուին Գանատայի խորհրդարանի անդամ, Մեծն Թորոնթոյի Տոն Վալի հայաշատ ընտրատարածքի պատգամաւոր Հան Տոնկի կողմէ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.