Թուրքիայի պաշտօնական արխիւներում 1915-ին մահացած հայերը «ողջ» են կամ «անյայտ որոնուող»,

փրկուելու նպատակով իսլամացուած հայերի իրական անունները նոյնպէս ջնջուած են

«Հորիզոն».- Ինչպէս յայտնի է՝ Թուրքիայի հանրային ծառայութիւնների կայքը նոր իւրայատուկ հնարաւորութիւն է ընձեռել քաղաքացիներին՝ ծառայութիւնների բաժնում աւելացնելով անձի եւ նրա ընտանիքի տոհմածառի մասին ամբողջական տեղեկութիւնների հարցման հնարաւորութիւնը, ինչը մեծ իրարանցում կամ աւելի ճիշդ՝ «տոհմածառային ճգնաժամ» է առաջացրել երկրում: Առաջին իսկ օրերից կայք հասցրել են այցելել ու իրենց արմատներով հետաքրքրուել աւելի քան 8 միլիոն անձ:

Ծառայութիւնից օգտուել ու ապշել են ոչ միայն «թուրք» ազգայնականները, որոնք յայտնաբերել են, որ թրքութեան հետ, մեղմ ասած, կապ չունեն: Թուրքիայի հայութիւնը փորձեց ծառայութիւնն օգտագործել իրենց հին՝ հայկական ազգանունները բացայայտելու ու բռնի իսլամացուած պապերի՝ հայկական անուններն իմանալու նպատակով, սակայն բախուել են մէկ այլ՝ ապշեցնող իրականութեան: Թուրքիայի Քաղաքացիութեան եւ բնակչութեան հարցերով վարչութեան արխիւների համաձայն, փաստօրէն, ցեղասպանութեան զոհերը դեռ ողջ են: 1915-ի զոհերից միայն ոմանց դէպքում ծառայութիւնը նշել է «որոնւում է որպէս անյայտ կորած» գրութիւնը: Իսկ փրկուելու նպատակով իսլամացած կամ անունները փոխած հայերի հին՝ հայկական անունները համակարգից պարզապէս բացակայում են:

Սթանպուլահայ Նատիա Ույկունը մեզ հետ զրոյցում հաստատեց, որ իր կողմից տրուած հարցմանն ի պատասխան ստացել է իր պապիկների ողջ լինելու մասին «փաստող» արխիւային նիւթեր: Մասնաւորապէս՝ 1847 թուականին պատմական Սեբաստիայում ծնուած Սարգիսի Այվա Գեմերէքի անուան դիմած յստակ գրուած է. «Ամուսնացած է, ողջ է»: Ույկունի մօրական կողմի պապի մայրն էլ՝ Թրվանտա Գիպրիթը, որը ծնուել է 1849 թուականին՝ նոյնպէս, ինչպէս պարզուեց, «ողջ» է: Որեւէ կերպ գրանցուած չեն նաեւ Նատիա Ույկունի հօրական կողմի՝ Թոքադում 1915-ի աշնանը սպանուելը: Նման օրինակները բազմաթիւ են: Յատկանշական է, որ կայքի այս ծառայութեանը դիմած հայերից շատերը ոչ մի կերպ չեն կարողացել գտնել իրենց իրական՝ հայկական ազգանունները եւ անգամ 1800-ականների փաստաթղթերում համակարգը ցոյց է տուել նրանց թուրքականացուած, այսինքն՝ 1934 թուականին Թուրքիայի կառավարութեան կողմից ընդունուած օրէնքով բոլոր քաղաքացիներին անխտիր տրուած թուրքական ազգանունները: 

Leave a Comment

You must be logged in to post a comment.