«Զաւակներիս ասել եմ՝ Աստուած պապիկը ձեր հայրիկին արծիւի թևեր է տուել, և նա հիմա ճախրում է երկնքում․ ամէն անգամ, երբ հայրիկը տեսնում է՝ դուք ճնշւում էք, նրա թևերը թուլանում են, ուստի պիտի ուժեղ ու օրինակելի լինէք»․ 44-օրեայ պատերազմում զոհուած հերոսի կնոջ պատգամը՝ զաւակներին

«Այն օրը, երբ սիրտս ու միտքս կը համակերպուեն իրականութեան հետ, այդ օրը ես կը մեռնեմ։ Ես  դեռ սպասում եմ քեզ․․․»․ սրանք  Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած  Ալեքսանդրի կնոջ՝ Լիլիթի խօսքերն են՝ ուղղուած հերոս ամուսնուն։ Լիլիթը յաճախ է մտքում կուտակուած տողերը գրի առնում․․․

32-ամեայ Ալեքսանդր Սարգսեանը, 2020 թուականի սեպտեմբերի 27-ին իմանալով  Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների մասին, միանգամից որոշել է՝ պէտք է գնա Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։ Ալեքսանդրը երեք զաւակ ունի՝ 10-ամեայ Արևիկը, 9-ամեայ Միլենան և դեռ 2 տարին չբոլորած փոքրիկ Համլետը։https://fb.watch/9T7wBWfwG6/

Ալեքսանդրը կռուել է Մարտակերտում, ապա Մատաղիսում։ Հէնց Մատաղիսում էլ հոկտեմբերի 5-ին քաջը հերոսացել է։ Ալեքսանդրի դուստրերը՝ Արևիկն ու Միլենան գիտեն՝ իրենց հերոս հայրիկը միշտ իրենց հետ է, երբեք իրենց մենակ չի թողնելու, իսկ երբ փոքրիկ Համլետը մեծանայ, նրա քոյրերը, մայրիկը և հայրիկին ճանաչողները դեռ կը պատմեն հերոս Ալեքսանդրի մասին։

Երեխաներն, իհարկէ, եղել են Եռաբլուրում, վերջին հրաժեշտն են տուել իրենց հայրիկին։ Այնուհետև մօտ մէկ ամիս հոգեբանն աշխատել է Ալեքսանդրի աղջիկների հետ, որպէսզի վերջիններս կարողանան յաղթահարել հոգեբանական խնդիրները։

«Ես երեխաներիս բացատրել եմ՝  քաջերը պատերազմ են գնում՝ հայրենիքը պաշտպանելու և, ցաւօք, ոչ բոլորն են վերադառնում ռազմադաշտից։ Ասել եմ՝ Աստուած պապիկը ձեր հերոս հայրիկին արծիւի թևեր է տուել, և նա հիմա ճախրում է երկնքում։ Երեխաներին ասել եմ՝ ամէն անգամ, երբ հայրիկը տեսնում է՝ դուք ճնշւում էք կամ տխրում, դրանից նրա թևերը թուլանում են։ Իմ երեխաները գիտեն՝ պէտք է ուժեղ լինեն, լաւ սովորեն, որ իրենց հայրիկը հզօրանայ ու շարունակի ճախրել երկնքում ու հսկել իրենց։ Մեծ աղջիկս որոշ բաներ գիտակցում է․․․ Երբ Եռաբլուր ենք գնում, ուզում է մի քիչ շատ մնալ այնտեղ։ Երբեմն էլ հէնց ինքն է խնդրում,  որ իրեն  տանենք Եռաբլուր։ Աղջիկներս ամէն օր յիշում են իրենց հայրիկին, յիշում են՝ իրենց ուր է տարել, ինչ երջանիկ օրեր ենք ունեցել», —  «Հորիրզոն»-ի թղթակցին պատմում է հերոս Ալեքսանդրի կինը՝  Լիլիթ Սարգսեանը։
Նա ասում է՝ ցաւում է, որ փոքրիկ Համլետը չհասցրեց ճանաչել իր քաջ հայրիկին։ Բայց, երբ նա մեծանայ, անպայման կ’իմանայ իր հօր անցած հերոսական ուղու մասին։

Լիլիթը պատմում է՝ Ալեքսանդրը հիանալի հայր էր, հոգատար ամուսին։ Հայրենիքն ու հայրենասիրութիւնը նրա համար ամէն ինչից վեր էին։ Նրա ազատամարտիկ հայրը՝ Համլետ Սարգսեանը, որը յայտնի է նաև Արցախ անունով, զոհուել է 1993 թուականին՝ դարձեալ Մատաղիսում։ Հայր ու որդի Մատաղիսում են հերոսաբար ընկել՝ յանուն հայրենիքի։
Ալեքսանդրը իր ընտանիքի միակ զաւակն է եղել։ Նա ընդամէնը 5 տարեկան է եղել, երբ իր հայրը զոհուել է, նրա մայրիկն է միայնակ պահել, մեծացրել նրան։ Նա գիտէր՝ ինչ է նշանակում մեծանալ առանց հօր, բայց դա նրան ետ չպահեց․ Արցախը կանչում էր Ալեքսանդրին։

Ալեքսանդրը խաղաղապահ զօրքերում է ծառայել ու նախորդ տարիներին երկու անգամ մեկնել Աֆղանստան՝ խախաղասիրական առաքելութիւն իրականացնելու։

Թեև երեք տարի է, ինչ խաղաղապահ զօրքերում չէր ծառայում, բայց միշտ քաջ գիտակցում էր խաղաղութեան գինը․․․

«Երբ Ալեքսանդրին յուղարկաւորեցին, ես մտքումս ասում էի՝ յաղթանակի օրը կու գայ, ես կու գամ, կը կանգնեմ քո շիրիմի առաջ ու կ’ասեմ՝ մենք յաղթել ենք։ Քո երազանքն իրականացել է։ Այն հողերը, որոնց համար պայքարում էիր,  թշնամուն բաժին չեն հասել, բայց․․․ Բայց, այդ չարաբաստիկ օրը՝ նոյելբերի 9-ը եկաւ, ու ես կարդացի այդ անիծուած նիւթը․ աշխարհը գլխիս փլուեց․․․», — պատմում է հերոսի կինը։

Նա ասում է՝ ամէն անգամ Եռաբլուր գնալիս տեսնում է՝ այդքան չապրած կեանքեր ու խորտակուած ճակատագրեր կան․ այդ տղաներն արեցին անհնարինը, բայց այսպէս եղաւ․․․

«Եթե մեր հողերը թշնամուն բաժին չհասներ, մերը լինէր, այդ փաստը գոնէ սրտի հովարանք կը լինէր․․․ կեանքն ասես իմաստազրկուել է։ Ամէն առաւօտ արթնանում եմ և գիտակցում, որ ամուսինս չկայ, ու ապրելս չի գալիս։ Այսպէս ապրելը հաւասար է չապրելուն։ Ես յանուն իմ զաւակների եմ ապրում», — պատմում է Լիլիթը։
Նա ամէն օր ուժ է գտնում ապրելու, տոկուն լինելու ու երեխաների առաջ լաց չլինելու համար, որպէսզի նրանք էլ չճնշուեն ու չընկճուեն։ Հերոսի կինն ասում է՝ գիտակցում է՝ թուլանալու իրաւունք չունի․ պիտի ուժեղ լինի ու շարունակի իր զաւակներին դաստիարակել հայրենասիրական ոգով, որպէսզի նրանք էլ իրենց հերոս հայրիկի պէս լաւ մարդ դառնան և միշտ անմնացորդ սիրով սիրեն հայրենիքը։

 

Յասմիկ Բալէեան

https://fb.watch/9T7wBWfwG6/

Leave a Comment

You must be logged in to post a comment.