Գանատահայ ոսկրաբոյժ Ռոբերտ Պողոսեանը Հայաստանում քաջերին է բուժում

Գանատահայ ոսկրաբոյժ Ռոբերտ Պողոսեանը տիկնոջ՝ Քլարիս Ղարաբեգիի հետ Հայաստանում է ամուսինը քաջերին է բուժում, կինը բարեգործութեամբ է զբաղւում

Գանատահայ  ոսկրաբոյժ կիրառական շարժախօսութեան մասնագէտ (Kinesiologist) Ռոբերտ Պողոսեանն իր տիկնոջ՝ Քլարիս Ղարաբեգիի հետ դեկտեմբերի 5-ին Հայաստան է ժամանել՝ հայրենիքին ու հայրենակիցներին սատարելու, յենարան լինելու։ Ռոբերտ Պողոսեանն ասում է՝ ո՛չ  COVID-19-ով վարակուելու վտանգը, ո՛չ էլ անվտանգութեան հետ կապուած որևէ խնդիր չէր կարող իրեն ետ պահել։ Առաջին իսկ հնարաւորութեան դէպքում   նա տիկնոջ հետ  հայրենիք է ժամանել՝ մեր ժողովրդին  թև ու թիկունք լինելու, մեր քաջերին բուժելու։ Տիկին Քլարիսն էլ վստահ է եղել՝ Հայաստանում կը կարողանայ կամաւորական աշխատանք գտնել, օգտակար լինել իր քոյրերին ու եղբայրներին,  և, իսկապէս, գտել է այդպիսի  կառոյց՝ «Թափանցիկ բարեգործութիւն» հասարակական կազմակերպութիւնը, որտեղ  աշխատում է այս օրերին։

Մինչև Հայաստան ժամանելը  գանատահայ ամուսինները գանատայում ջանք ու եռանդ չեն խնայել հայրենիքին ու հայրենակիցներին օգտակար լինելու համար։ Դրամական փոխանցումներ են կատարել, անհրաժեշտ պարագաներ գնել ու հայրենիք ուղարկել։

«Պատերազմի մասին լսելով՝ մեր  ընտանիքի անդամներն իրենց տեղը չէին գտնում, բայց մենք վստահ էինք՝ անգամ հայրենիքից հեռու պէտք է հայրենիքի  կողքին լինենք։ Ես վստահ եմ՝ եթե մարդը ցանկանայ, անկախ իր մասնագիտութիւնից կամ ֆինանսական հնարաւորութիւններից՝ կարող է ինչ-որ բան անել, ինչ որ կերպ օգտակար լինել իր հայրենիքին։ Պատերազմի օրերին մի գաղափար յղացայ․ որոշեցի թխուածքաբլիթներ պատրաստել,  դրանք վաճառել ու հասոյթը փոխանցել հիմնադրամին։ Ես իմ գաղափարը կեանքի կոչեցի, ինձ այդ հարցում մեծապէս օգնեցին դուստրս, որդուս կինը և  15-ից աւելի տաղանդաւոր ու բարի տիկնայք, որոնք ևս միացան իմ գործին․  վաճառքի օրը տեսայ՝  նոյնիսկ անծանօթ տիկնայք իմ գաղափարի մասին տեղեկանալով՝  տարբեր տեսակի բլիթներ, խմորեղէն  էին թխել։ Նրանք եկան, ինձ միացան, ասացին ուզում են օգնել մեր հայրենակիցներին։ Հոկտեմբերի 4-ին, 25-ին և նոյեմբերի 8-ին վաճառեցինք խմորեղէնը ու   դրամական  ողջ հասոյթը փոխանցենինք հիմնադրանին։ Մեր եկեղեցին աջակցեց, տեղ յատկացրեց, որպեսզի  վաճառքն իրականացնենք։ Մենք ահագին գումար վաստակեցինք ու փոխանցենինք», —  «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմում  է  Քլարիս Ղարաբեգին։

Ռոբերտ Պողոսեանն ու Քլարիս  Ղարաբեգին Իրանում են ծնուել, մեծացել, ամուսնացել և  1998 թուականին, երբ արդէն ծնուել էին նրանց երկու զաւակները,   տեղափոխուել են Գանատա։ Միշտ հայրենիքից հեռու ապրելով՝ ամուսիններն իրենց սրտում են պահել հայրենիքը։ Իրենք հայրենիքում չեն ապրել, բայց հայրենիքն է ապրել իրենց մէջ։

Իրանում ապրելու տարինեին տիկին Քլարիսը դաշնամուրի ուսուցչուհի է եղել, և պատահական չէ, որ դեկտեմբերի 5-ին Հայաստան ժամանելուց յետոյ նա գտաւ այնպիսի բարեգործական հասարակական կազմակերպութիւն, որտեղ կարող էր  իր սէրն ու ջերմութիւնը փոխանցել արցախցի փոքրիկներին։  Տիկին Քլարիսն ասում է՝ երեխաների համար նուէրներ փաթեթաւորելիս ու նրանց տեսնելիս, նրանց հետ շփուելիս աննկարագրելի ջերմ զգացողութիւններ է ունեցել․   երեխաների  հետ շփումները դրական լիցքերով են լցրել այս դժուարին օրերը։

Ռոբերտ Պողոսեանը Հայաստան ժամանելուց հետո  Կուրորտաբանութեան և ֆիզիքական բժշկութեան գիտահետազօտական ինստիտուտում սկսել է բուժել մեր քաջերին և իր մասնագիտական փորձը փոխանցել մեր մասնագէտներին։ Ռոբերտ Պողոսեանի կիրառած մեթոդները Հայաստանում նորութիւն են․ մի շարք մասնագիտական հմտութիւնների փունջ է կիրառւում բուժումների ընթացքում․ Արցախում վիրաւորում ստացած զինծառայողներն ու  կամաւորները փաստում են՝ Ռոբերտ Պողոսեանի ձեռքերը  կարծես մոգական ուժ ունեն։ Անդրանիկ Զաքարեանն  ասում է՝  Արցախում ողնաշարի   ճողուածք է ստացել, մասնագէտներն ասում էին՝ ամենայն հաւանականութեամբ վիրահատութիւնն անխուսափելի է, բայց Ռոբերտ Պողոսեանի ջանքերի  շնորհիւ Անդրանիկի մօտ  նկատելի առաջընթաց է նկատւում․ հիմա արդէն վիրահատութեան մասին խօսք չկա։

Հայրենիքի պաշտպան Էդուարդ Կիզերեանը   ևս  հիացած է Ռոբերտ Պողոսեանի պրոֆեսիոնալիզմով, հոգատարութեամբ ու բարութեամբ։

«Արցախում պատերազմի օրերին յաճախ ստիպուած էինք ծանր կշիռք ունեցող զինատեսակները մի վայրից մյուսը տեղափոխել։ Այդ ընթացքում կրծքավանդակի շրջանում լուրջ  վնասուածքներ ստացայ։ Ես վերականգնողական բուժում եմ ստացել ու հիմա համեմատաբար  լաւ եմ զգում ինձ․ այդ հարցում իր մեծ աւանդն ունի Ռոբերտ Պողոսեանը։ Նա ոչ միայն հիանալի մասնագէտ է, նաև հիանալի մարդ։ Որպէսզի հասցնի աւելի շատ մարդկանց օգնել,  մենք  նկատում ենք,  նա նոյնիսկ չի հասցնում ընդմիջում անել, անդադար աշխատում է», —  պատմում է Էդուարդ Կիզերեանը։

Խօսելով մեր զինծառայողների հետ աշխատելու մասին՝ Ռոբերտ Պողոսեանն ասում է՝ նրանք մնացած բոլորից տարբերւում են․ կամային են, ուժեղ, հզօր։

«Տղաներն ասում են՝ խնդրում ենք, մեզ բուժէք, հնարաւորինս շուտ ոտքի կանգնենք, որ կարողանանք վերադառնալ մեր ծառայութեանը․ ահա այսպիսի քաջ տղաներ ունենք։ Ոչ միայն ես եմ  իրենց ուժ ու յոյս տալիս, այլև իրենք ինձ․ իսկապէս, ես ուժ եմ ստանում նրանցից», —  ասում  է Ռոբերտ Պողոսեանը։

Նա որոշել է Հայաստանում հիմնել մի կեդրոն, որտեղ կարող են բուժուել  ոչ միայն մեր հայրենակիցները, այլև արտասահմանցիները։ Այդ կեդրոնը Հայաստանում ապրող մասնագէտներին հնարաւորութիւն կը տայ Ռոբերտ Պողոսեանի կիրառած  մասնագիտական բոլոր գաղտնիքները, հմտութիւնները իւրացնել, սովորել  Ռոբերտ Պողոսեանից, որը պատրաստ է սիրով իր փորձը փոխանցել հայ մասնագէտներին։

Ռոբերտ Պողոսեանն ասում է՝ հայերը և Հայաստանը շատ դժուարին օրեր են տեսել, բայց կարողացել են ոտքի կանգնել, հիմա էլ կը կարողանանք։ Մենք ընկել ենք, բայց երբեք չենք ծնկել։

«Երբ խօսում եմ զինուորների հետ, հասկանում եմ, որ նրանք այնպիսի միջադէպերի ականատես են եղել, որոնց մասին նոյնիսկ չեն ուզում խօսել։ Չեն ուզում խօսել ոչ թէ այն պատճառով, որ վախեցել են, այլ այն պատճառով, որ չեն ուզում՝ իրենց որևէ մեկն ընկճուած տեսնի։ Յաղթական ուժ կայ մեր տղաների մէջ։ Այն զինուորները, որոնք զոհուել են յանուն հայրենիքի, ունեն լաւ ընկերներ, ու այսօր այդ տղաները այցելում են իրենց  զոհուած ընկերների հարազատներին, որդիաբար նրանց կողքին են լինում․ դա շատ դժուար բան է, ամէն մարդ չի կարող անել, բայց մեր տղաները հոգեբանօրէն շատ ուժեղ են։  Մեր տղաների շարքում նոր հերոսներ կան, կան նոր անուններ, որոնց մասին նոր սերունդները կ՚իմանան, նրանցով կը հիանան,  կը հպարտանան, ինչպէս Անդրանիկով ու Նժդեհով։ Մենք մեր ուժերը պիտի մեկտեղենք, որ կարողանանք մեր երկիրը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերել․ ես հաւատում եմ, որ կարող ենք դա անել», —  եզրափակեց Ռոբերտ Պողոսեանը։

Մանրամասները՝  տեսանիւթում

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵ
ՅԵԱՆ

https://www.facebook.com/120633978044872/videos/1043774946107707

Leave a Comment

You must be logged in to post a comment.