Արցախցիները կարող են պահանջել, որ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս որպէս ծննդավայր՝ նշուի ոչ թէ Ատրպէյճանի Հանրապետութիւն, այլ տեղանունը. Գեղամ Ստեփանեան

ՅԱՍՄԻԿ ՊԱԼԷԵԱՆ

Արցախի հանրային խորհուրդը Երեւանում կազմակերպել էր պանելային քննարկում, որը նուիրուած էր արցախցիների նկատմամբ ատելութեան խօսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումներին, այդ համատեքստում անձանց նկատմամբ հետապնդումներին, վերադարձի իրաւունքի շուրջ ձեւաւորուող խօսոյթին։

Քննարկմանը մասնակցող՝ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը  նշեց՝ Հայաստանում արցախցիներն իրենց նկատմամբ ատելութեան խօսքի, խտրական վերաբերմունքի դրսեւորումներին բախուել են բռնի տեղահանուելուց յետոյ Հայաստանում հաստատուելու առաջին օրերից։

Գեղամ Ստեփանեանի խօսքով՝ 2023 թուականին Արցախի կորստից յետոյ Հայաստանի իշխանութիւնների նպատակն էր ամէն կերպ մեղաւոր գտնել այդ ամէնի մէջ եւ մեղադրել մարդկանց Արցախի կորստի հարցում․ այս ամէնը միջազգային տերմինաբանութեամբ կոչւում է զոհին մեղադրել։ 

«Սա շատ յաճախ է կիրառւում․ մենք ունեցանք նման դրսեւորում՝ Արցախը թողնել, փախչելու մէջ մեղադրանքներ հնչեցին ԱԺ նախագահի կողմից։ Նմանատիպ ցայտուն օրինակ էր նաեւ մեթրոյում տեղի ունեցած դէպքը (նկատի ունի այն միջադէպը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կշտամբել էր արցախցի կնոջը՝ իր խօսքում նշելով․ «Միւս անգամ փախածներով չփորձէք ասել, որ ես Ղարաբաղ եմ տուել»)»,-  ասաց ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը։

Ըստ Ստեփանեանի՝ միւս կեղծ թեման արցախցիներին անշնորհակալութեան մէջ մեղադրելն է, թէ՝ տարիներով Հայաստանի Հանրապետութիւնը աշխատել ու պահել է արցախցիներին։ «Սա մի կեղծ ու փչուած փուչիկ է, որը, ցաւօք սրտի, 30 տարի փչուել է, եւ հիմա արդէն պայթում է՝ թիրախաւորելով բոլորին։ Տարիներով մամուլի միջոցով անընդհատ այդ թեզն էր զարգացւում, որ Արցախն ու արցախցիները բեռ են, եւ հիմա մենք քաղում ենք դրա հետեւանքները։ Առաւել եւս, հիմա դա արդէն պետական մակարդակով է իրականացւում այդ «անշնորհակալութեան» պատումը»,- ասաց Գեղամ Ստեփանեանը։

Արցախի հանրային խորհրդի անդամ Նարէ Սիմոնեանը եւս անդրադարձաւ ատելութեան խօսքին՝ նշելով՝ յատկապէս քաղաքական ակտիւ շրջանում արցախցիների նկատմամբ ատելութեան խօսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների թեման արդիական է։ 

«Կարծես Հայաստանի օրուայ իշխանութիւնների համար արդէն յստակ է, որ ձախողումների համար կան հիմնական մեղաւորներ եւ այդ մեղաւորներից են ազգային ինքնութիւն կրող տարրերը։ Այդպիսիք Արցախն ու արցախցիներն են, Հայ Առաքելական եկեղեցին է, դա ազգային կառոյցներն են։ Ամէնօրեայ ռեժիմով ատելութեան խօսք կայ, աւելին՝ ոչ միայն ատելութեան խօսք կայ, այլեւ՝ ատելութեան խօսոյթ։ Այդ խօսոյթը համակարգուած առաջ է մղւում կա՛մ օրուայ իշխանութիւնների որեւէ յայտարարութիւններից յետոյ, կա՛մ նախորդում է այդ յայտարարութիւններին»,- ասաց Նարէ Սիմոնեանը։

Նա ընդգծեց՝ եղել են իրաւական գործընթացներ սկսելու փորձեր, երբ տարբեր անհատներ ատելութեան խօսք են տարածել արցախցիների վերաբերեալ, բայց ապարդիւն․․․

«Հաղորդումներ ենք ներկայացրել, սակայն մերժուել են։ Այդպիսի դէպք չգիտեմ, որ վարոյթն ընդունուել է եւ ընթացք տրուել՝ ի տարբերութիւն այլ դէպքերի, երբ որ օրինակ իշխանութիւնների դէմ է ատելութեան խօսք լինում»,- ասաց Նարէ Սիմոնեանը։

«Հորիզոն»-ի թղթակիցը հարց հնչեցրեց՝ փորձելով պարզել՝ ինչպէ՞ս է ստացւում, որ որոշ դէպքերում քաղաքացիների անձնագրում որպէս ծննդավայր նշւում է՝ Ատրպէյճանի Հանրապետութիւն, իսկ որոշ դէպքերում գրւում է շրջանի անունը, եւ քանի՞ քաղաքացի է ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել։

«Անձնագիր ստանալիս օրէնքի շրջանակում կարող են նշել պետութիւն, քաղաք, բնակավայր, որտեղ մարդը ծնուել է՝ որպէս ծննդավայր։ Ուղղակի ուզում եմ որպէս իրազեկում մեր քաղաքացիներին ասել՝ պահանջէ՛ք, որ ձեր ծննդականի մէջ նշուած ցանկացած տեղանուն նշեն։ Եթէ, օրինակ, իմ պարագայում նշուած է Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, Ատրպէյճանի խորհրդային հանրապետութիւն․ հիմա իրենք կարող են նշել կա՛մ Ատրպէյճան, կամ ԼՂԻՄ, կա՛մ Ստեփանակերտ։ Ես պէտք է պահանջեմ, որ չեմ ուզում, որ Խորհրդային Ատրպէյճան նշուի, եւ ուզում եմ՝ Ստեփանակերտ նշուի։ Եւ իրենք պարտաւոր են դա անել, որովհետեւ օրէնքը թոյլ է տալիս․ պէտք է քո ծննդեան վկայականի եւ անձնագրի միջեւ տարբերութիւն չլինի։ Ծննդականում նշուած ցանկացած տեղանուն կարող է տեղափոխուել անձնագրի մէջ»,- ասաց Գեղամ Ստեփանեանը։

Նա յաւելեց՝ վերջին տուեալներով 35 հազար անձ արդէն ստացել է ՀՀ քաղաքացիութիւն։ Նրանցից 12 հազարը անչափահաս է, որոնք ոչ թէ դիմել ու ստացել են, այլ իրենց ծնողների քաղաքացիութիւն ստանալու հանգամանքով պայմանաւորուած՝  դարձել են ՀՀ քաղաքացի։