Հայ դատի տարածաշրջանային գրասենեակների արձագանգը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման կապակցութեամբ

Հայ դատի Ուաշինկթընի, Պրուքսէլի, Մոսկուայի, եւ Ֆրանսայի գրասենեակները խստօրէն դատապարտելով Հայաստանի հանդէպ ուժի եւ սպառնալիքի կիրառման քաղաքականութեան պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, միաժամանակ հանդէս են գալիս արցախահայութեան հիմնարար իրաւունքների պատշտպանութեան նպատակով միջազգային իրաւասու մարմնի ստեղծման օգտին։

Հայ դատի գրասենեակները համոզում են յայտնել, որ նման քայլով միջազգային հանրութիւնն ըստ էութեանն լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով հակամարտութիւնները «լուծելու» եւ էթնիկ զտումների քաղաքականութիւնը։ Ըստ յանձնախմբերի, Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ իրական խաղաղութիւնը պէտք է հիմնուած լինի ոչ թէ Հայաստանի կողմից ատրպէյճանական պահանջների կատարման եւ դրանց միջազգայնօրէն ընդունման, այլ առաջնային հետեւեալ հանգամանքների վրայ․

_ Ատրպէյճանում պահուող հայ գերիների անյապաղ ազատ արձակում

_ Հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն

_ Հայաստանի անվտանգութեան ու ինքնիշխանութեան նկատմամբ ամբողջական յարգանք եւ բռնագրաւող զինուած ուժերի դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից

_ Արցախից բռնի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի իրացում՝ համաձայն Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թ․ Նոյեմբերի 17_ի որոշման

Ներկայումս Հայ դատի համաշխարհային ցանցը աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղեան հակամարտութեան միջազգայնացման ուղղութեամբ՝ վերջնական նպատակ ունենալով Ղարաբաղեան հակամարտութեան խորացած հետեւանքների յաղթահարմամբ զբաղուող միջազգային նոր հարթակի առաջացմանը նպաստելը, ինչի նախադէպը կարող է լինել, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան զուիցերիական նախաձեռնութիւնը»։
Մասնաւորապէս, Հայ դատի յիշեալ յանձնախմբերը նկատել են․

Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակ

Մինսկի խմբի լուծարումը խաղաղութեան քայլ չէ, այլ Ատրպէյճանի պարտադրած պայման՝ առաջ մղելու անհաւասար գործարք, որը ձեռք է բերուել ճնշմամբ եւ ուժի կիրառմամբ։ Այս վտանգաւոր նախադէպը պարգեւատրում է Արցախում Պաքուի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ապօրինի բանտարկութեան ու խոշտանգումների, ինչպէս նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական բռնագրաւման համար՝ խարխլելով միջազգային իրաւունքի ու դիւանագիտութեան սկզբունքները, որոնց մարմնաւորումը ժամանակին ԵԱՀԿ Մինսկի գործընթացն էր։

Հայ դատի Եւրոպայի գրասենեակ

Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ԵԱՀԿ_ին եւ դրա անդամ պետութիւններին կոչ է անում հաւատարիմ մնալ իր հիմնական սկզբունքներին՝ դիւանագիտութեանն ու արդարութեանը։ Մենք յիշեցնում ենք կառոյցին եւրոպական առանցքային մարմինների՝ օրինակ՝ Եւրոպական խորհրդարանի, ինչպէս նաեւ Պելճիքայի եւ Զուիցերիայի նման երկրների յանձնառութիւնների մասին, որոնք ձեռնարկել են կոնկրետ քայլեր՝ պահանջելու եւ պաշտպանելու Արցախի հայ բնակչութեան վերադարձի իրաւունքը՝ միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ, հայ պատանդների ազատումը եւ Ատրպէյճանի բանակի դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Այս հարցերը մնում են չլուծուած՝ իրականութիւն, որը հասկանում են բազմաթիւ եւրոպական ղեկավարներ։

Հայ դատի Ֆրանսայի յանձնախումբ

Ֆրանսան, որպէս Մինսկի խմբի համանախագահ, կրում է առանձնայատուկ պատասխանատուութիւն։ Փարիզն այժմ պէտք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ պաշտպանելու այն միջազգային իրաւունքի սկզբունքները, որոնց երկար ժամանակ աջակցել է։ Մենք կոչ ենք անում Ֆրանսային եւ ԵԱՀԿին շարունակել ներգրաւուածութիւնը՝ պաշտպանելու տեղահանուած հայերի իրաւունքները, ապահովելու գերիների ազատ արձակումը եւ մշակութային ժառանգութեան պահպանութիւնը։ «Թշնամանքի էջը փակելը», ինչպէս յայտարարուել է 2025 թ․ Օգոստոսի 8ին Ուաշինկթընի հռչակագրում, չի կարող իրականացուել պարտադրուած լռութեամբ։ Դրա համար անհրաժեշտ է ճշմարտութիւն եւ արդարութիւն։

Հայ դատի Մոսկուայի գրասենեակ

Առանց միջազգային միջնորդական ձեւաչափի եւ անվտանգութեան գործուն երաշխիքների հնարաւոր չէ հասնել Արցախեան հակամարտութեան կայուն կարգաւորման։ Այդ ձեւաչափի անգործութիւնն էր, որ պատերազմից յետոյ առիթ տուեց Ատրպէյճանին բնաջնջման սպառնալիքի տակ հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին։ Այդ ձեւաչափի վերացումը կը խրախուսի Ատրպէյճանին շարունակելու իր ցեղասպանական քաղաքականութիւնը՝ զուգահեռաբար վերացնելով հայերի հետքը հայկական Արցախից։ Ըստ այդմ, կոչ ենք անում վերականգնել միջազգային միջնորդական ձեւաչափը՝ աւելի գործուն երաշխիքներով եւ գործիքակազմով ապահովելու համար Արցախից բռնի հայրենազրկուած հայերի վերադարձի իրաւունքը, Պաքուում ապօրինի պահուող անձանց՝ գերիների եւ ռազմաքաղաքական ղեկավարների ազատութեան իրաւունքը, պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան իրաւունքը եւ արցախահայերի ինքնորոշման իրաւունքը։

Հ.Յ.Դ. Հայ դատի կեդրոնական գրասենեակ
4 Սեպտեմբեր 2025 թ.