ՀՅԴ Գերագոյն Մարմնի յայտարարութիւնը Արցախի Հանրապետութեան դէմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչութեամբ

Անդրադառնալով նախընթաց օրերուն Արցախի Հանրապետութեան դէմ յաճախակի դարձած Ադրբեջանի սադրանքներուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմինը հրապարակած է յայտարարրութիւն.

  1. Ի սկզբանէ, միտումնաւոր խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի էութիւնը, Ադրբեջանը հետեւողականօրէն իրականացրել է եւ շարունակում է էթնիկ զտման քաղաքականութիւնը:
  2. Միջազգային իրաւունքի եւ ԽՍՀՄ օրէնսդրութեան պատշաճ պահպանմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշուել է իր պատմական տարածքում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան անկախութիւնը, այն հաստատելով նոյն թուականի դեկտեմբերի 10-ին հանրաքուէով:
  3. Գործող զինադադարի պայմաններում, սահմանագծում պարբերական սադրանքներից յետոյ, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ օգտուելով միջազգային իրավիճակից, Հայոց պետականութիւնը թուլացնող Հայաստանի գործող իշխանութիւնների քաղաքականութիւնից, անտեսելով Հելսինկեան Եզրափակիչ Ակտի (1975թ.)՝ մասնաւորապէս ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտաւորութիւնը, Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ, ինչպէս նաեւ միջազգային ահաբեկչական խմբաւորումների անմիջական ներգրաւմամբ Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ:
  4. Հակառակ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը, Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքների եւ ՀՀ իշխանութիւնների յանձնուողական վարքագծի արդիւնքում Ադրբեջանի վերահսկողութեանը յանձնուեցին Արցախի եւ Հայաստանի անվտանգութիւնն ապահովող բազմաթիւ տարածքներ եւ դիրքեր։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի եւ ներխուժման հետեւանքով բռնագրաւուած են Հայաստանի Հանրապետութեան տարածքները։ Արցախից բռնի տեղահանուած մեր հազարաւոր հայրենակիցները շարունակում են դիմագրաւել ճգնաժամը, անորոշ է իրենց բնակավայրեր վերադառնալու հեռանկարը:
  5. Ինչպէս 44-օրեայ պատերազմի ընթացքում, այնպէս էլ դրան յաջորդող ժամանակահատուածում, Ադրբեջանը եւ նրա դաշնակիցներն իրագործել են մարդկութեան դէմ ուղղուած, պատերազմական յանցագործութիւններ՝ կիրառելով արգելուած զինատեսակներ, թիրախաւորելով քաղաքացիական ենթակառուցուածքներ եւ խաղաղ բնակչութեանը, խախտելով ռազմագերիների պահպման վերաբերեալ միջազգային նորմերը, խոչընդոտելով զոհուած անձանց մարմինների դուրսբերման միջազգային պարտաւորութիւնները:
  6. Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անկայունութեան աղբիւր, որի դրսեւորումներից մէկն էլ 2021 թ. յունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպէս կոչուած Շուշիի խիստ անընդունելի հռչակագիրն է:
  7. Մարդկութեան դէմ ուղղուած եւ միջազգային իրաւունքով դատապարտելի այս գործողութիւնները դեռեւս չեն արժանացել համընդհանուր միջազգային գնահատականի, որն իր հերթին առավել սանձարձակ է դարձրել ադրբեջանական իշխանութիւններին՝ շարունակելու էթնիկ զտման, մշակութային արժէքների ոչնչացման, Արցախի հայաթափման ցեղասպանական քաղաքականութիւնը:
  8. Մտացածին պատճառաբանութիւններով, «բնապահպանների» անուան տակ հանդէս եկող ադրբեջանական սադրիչների կողմից Շուշի-Քարին տակ ճանապարհահատուածը պարբերաբար փակելը, ռուս խաղաղապահներին սադրելը, դէպի Արցախի Հանրապետութեան տարածք մուտք գործելու փորձերը, գիւղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչութեան նկատմամբ ադրբեջանական զինուած միաւորումների շարունակական թիրախաւորումը Ադրբեջանական ռազմատենչ սադրանքների ցայտուն դրսեւորումներ են։
  9. Ադրբեջանը ոտնահարում է Քաղաքացիական եւ քաղաքական, ինչպէս նաեւ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների մասին ՄԱԿ-ի եւ այլ միջազգային դաշնագրերում ամրագրուած իրաւունքները, մինչդեռ Արցախի Հանրապետութիւնը միակողմանիօրէն եւ կամովին ստանձնել է բազմաթիւ համաձայնագրերով ամրագրուած պարտաւորութիւններ, որոնց համաձայն ինքնորոշման իրաւունքի ուժով տուեալ ժողովրդի իրաւունքն է լիակատար օգտուելու իր բնական հարստութիւններից եւ ռեսուրսներից:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակուող ու միջազգային իրաւունքին հակասող հակահայ քաղաքականութիւնը, անվերապահ աջակցութիւնը յայտնելով Արցախի Հանրապետութեան հերոսական ժողովրդին, վստահեցնելով, որ իր ողջ կարողականութիւնը պատրաստ է ի սպաս դնել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը

  1. Դիմելով միջազգային հանրութեանը՝ կոչ է անում գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական քաղաքականութեանը, դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնագրաւումը, միջոցներ ձեռնարկել սանձելու Պաքուի ռեժիմի ծաւալապաշտական նկրտումները, պատասխանատուութեան ենթարկել ռազմական յանցագործութիւններ կատարած անձանց, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազամաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանը, գործօն քայլեր իրականացնել բոլոր հայ ռազմագերիների, պատանդների ու այլ պահուող անձանց հայրենադարձման հարցում, ինչպէս նաեւ անյետաձգելի քայլեր ձեռնարկել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչուած միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան միջնորդական ձեւաչափի վերականգնման ուղղութեամբ:
  2. Զօրակցելով Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբին՝ կոչ է յղում վերջինիս իր առաքելութեանը համապատասխան, բոլոր հնարաւոր միջոցներով ապահովել Արցախի բնակչութեան անվտանգութիւնը, բնականոն գործունէութիւնը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ անխափան կապը եւ կանխել Ադրբեջանի ցեղասպանական նպատակադրումները։

Միաժամանակ, Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են ապահովել Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորի Հայաստանի Հանրապետութեան յանձնառութիւնը, Արցախի Հանրապետութեան ինքնորոշուած ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ գործօն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան փոխադրամիջոցների հաղորդակցութեան, Արցախ կազի, ելեկտարականութեան մատակարարման, հեռախօսային եւ ինտերնետային կապի անխափանութիւնն ապահովելու ուղղութեամբ։

Աներկբայ է՝ Արցախի հիմնահարցի քաղաքական լուծման միակ միջոցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն է։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
12.12.2022թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.