Վանի Բնակիչն Իր Այգին Վերածել Է Հայկական Եւ Քրդական Քաղաքակրթութիւնների Թանգարանի
Վանի նահանգի Իրիշաթ գիւղում բնակուող 58ամեայ Շահվելաթ Քըլըչը պեղում է հայկական եւ քրդական քաղաքակրթութիւններին պատկանող գտածոներ, դրանց մի մասը քանդակում է քարերի վրայ եւ հաւաքում իր այգում՝ այն վերածելով ցուցահանդէս-թանգարանի: Նա, թէեւ չունի քանդակագործի մասնագիտական կրթութիւն, բայց մանկուց գործ է ունեցել քարերի հետ եւ աստիճանաբար զարգացրել իր հմտութիւնները: Հիմա էլ փորձում է ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել երկու ժողովուրդների մշակոյթին:
Թուրքական «Haber fx» կայքը, անդրադառնալով այս թեմային, նշել է. «Քըլըչն իր այգում պահպանում է հայկական եւ քրդական պատմութիւնները»:
Նոյն աղբիւրի տեղեկացմամբ՝ Քըլըչը դժգոհել է թուրքական պետութեան մշակութային ժառանգութիւնների հանդէպ ցուցաբերած վերաբերմունքից: Նա ցաւով նշել է, որ Թուրքիայում ոչնչացուել են հայկական ու քրդական նիւթական մշակոյթի կարեւոր արժէքներ: Այնուամենայնիւ, դեռ առկայ է մշակութային ժառանգութեան մի մասը, որը հնարաւոր է փրկել:
«Տէր չկանգնեցինք դրան, ինչը ոչնչացուեց: Բայց հիմա գոնէ պիտի տէր կանգնենք՝ մնացած մասը փրկելու համար: Եթէ ինձ տրուի հնարաւորութիւն, ես պատմական հնագոյն գտածոները կը վերականգնեմ եւ կը նպաստեմ զբօսաշրջութեան զարգացմանը», ասել է Շահվելաթ Քըլըչը: