Հայկական օրակարգ. Ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղութիւնը

Այլընտրանքային նախագծեր խումբը  «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։

Թևան Պօղոսեան՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ.            Արցախը 2030 թուականին պէտք է ունենայ 200 հազար  բնակչութիւն, սա այն է ինչի մասին մենք պէտք է մտածենք։

Այսօր խօսում են խաղաղութեան օրակարգից։ Ժամանակին իշխանութիւնները մի թեզ էին պտտում, թէ Արցախեան խնդրի կարգաւորումը պիտի բխի երեք ժողովուրդների շահերից։           Ակնյայտ է, որ խաղաղութիւն ասելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները շատ տարբեր բաներ են հասկանում։ Ադրբեջանական պետութիւնը խաղաղութիւն ասելով հասկանում է Արցախի լիարժէք հայաթափում և Հայաստանի վերջնական  կապիտուլացիան։ Խաղաղութեան այս ծայրայեղ տարբեր ընկալումները մենք պիտի յստակ արձանագրենք։

Բանակցելու համար պիտի բատնայ ունենաս։ Հիմա գնաս նստես, ի՞նչ բանակցես, մենք այլընտրանք ունե՞նք։ Եթէ մեր կողմից դրուի Արցախի դեմոգրաֆիկ իրավիճակը փոխելու, ծնելիութեան խրախուսման, Արցախում ապրող նորաստեղծ ընտանիքների աջակցման  նպատակ՝ դա կը փոխի իրավիճակը բանակցութիւններում։ Եթէ բանակցութիւններին զուգահեռ իշխանութիւնը ասում է Արցախը 2030 թ-ին պիտի ունենայ 200 000 բնակչութիւն,ես կասէի գնացէք՝բանակցէք։

Արման Աբովեան՝ ԲՀԿ, ԱԺ նախկին պատգամաւոր.   Այսօր գոյութիւն չունի միջազգային անվտանգային համակարգ

Դիտարկելով պրոցեսները որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և առհասարակ աշխարհում՝ Սիրիա, Լիբիա, Հիւսիսային Իրաք, պէտք է հասկանալ մի բան,որ այլևս գոյութիւն չունի միջազգային անվտանգային համակարգ։ 44 օրեայ պատերազմը ցոյց տուեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ ուզում անում է։  Չգիտես ինչու 44 օրեայ պատերազմը դաս չեղաւ  մեր հասարակութեան համար առ այն,որ որ հարթակից ինչ գեղեցիկ ճառեր ուզում ես ասա՝ միևնոյն է իրականութեան հետ կապ չունի։ Այսօր գծւում են նոր աշխարհաքաղաղաքական սահմաններ, գծւում են նոր անվտանգային համակարգի դրոյթները՝ թէ ինչպէս է ապրելու երկրագունդը։ Հայաստանը որևէ պարագայում, այս գործընթացներից զերծ մնալ չի կարող։ Սահմանները, որոնք գծւում են, անցնելու են նաև Հայաստանի տարածքով։ Մեզնից է կախուած դրանք ինչպէս ու որտեղով են անցնելու։

Տիգրան Աբրահամեան՝ ԱԺ պատգամաւոր . Իրականում այն քայլերը, որոնք արւում են իշխանութեան կողմից խաղաղութեան օրակարգի շրջանակներում, մեզ մօտեցնում են նոր պատերազմի։

Կայ մի մեծ մոլորութիւն, որ Հայաստանի իշխանութիւնների համար իջեցուել է խաղաղութեան օրակարգ, որովհետև այն, ինչի մասին խօսում է ՀՀ իշխանութիւնը և այն, ինչ ներդաշնակօրէն ներկայացւում է ադրբեջանցիների կողմից՝ դրա մէջ աւելի շատ պատերազմ կայ, քան՝ խաղաղութիւն։ Հանրային ընկալման մէջ տպաւորութիւն կայ, իբր կայ օրակարգ և դա խաղաղութիւնն է, և դրան կողմ է իշխանութիւնը, և կան մնացածը, ովքեր դէմ են խաղաղութեանը։ Իրականում այն քայլերը, որոնք արւում են իշխանութեան կողմից խաղաղութեան օրակարգի շրջանակներում՝ մեզ շատ աւելի են մօտեցնում պատերազմին, քան մնացած բոլոր ուժերի քայլերը կամ խօսքերը։ Իշխանութեան կողմից յայտարարուած խաղաղութեան դարաշրջանում, ՀՀ սուվերեն տարածքը երեք անգամ ագրեսիայի ենթարկուեց և, ըստ պաշտօնական տեղեկութիւնների, Վայոց ձորի,  Գեղարքունիքի, Սիւնիքի հատուածներում Ադրբեջանական ներխուժումների արդիւնքում ՀՀ սուվերեն տարածքը օկուպացուեց, և սա տեղի է ունեցել խաղաղութեան օրակարգի պայմաններում։ Ցաւալիօրէն այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախում, կ’անուանենք դա էներգետիկ ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ, թէ առհասարակ՝անվտանգային ճգնաժամ, փոխկապակցուած է բանակցային գործընթացների հետ և ցաւալիօրէն գնում է աւելի վատ սցենարով,  քան փորձագէտները հետպատերազմական ժամանակաշրջանում  կանխատեսում են։

Հրանտ Մելիք Շահնազարեան. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար. Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ, ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։

Հայաստանը միայն Նիկոլ Փաշինեանը չէ,  Հայաստանը՝  Արարատ Միրզոյեանը չէ,  Հայաստանը միայն ընդդիմադիրները չեն, Հայաստանը ամէնից առաջ հէնց մեր ժողովուրդն է։

Ես աւելի քան համոզուած եմ, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէ  ո´չ Հայաստանի ճակատագրի,  ո´չ Արցախի ճակատագրի,  ո´չ այն իրողութիւնների նկատմամբ, որոնք ձևաւորուել են մեր տարածաշրջանում, բայց հայ հանրութիւնը ունի մի լրջագոյն խնդիր․ մենք ապակողմնորոշուած ենք։ Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ, ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։ Ապակողմնորոշուած լինելուց բացի հայ հանրութիւնը հիասթափուած է։ Հիասթափուած է իր էլիտաներից, հիասթափուած է մեր դաշնակիցներից,  նոյնիսկ մեր թշնամիներից։ Բոլորից, բոլորից և որպէս սրա հետևանք, հասարակութիւնը սկսում է չկարողանալ  խնդիրներ ձևակերպել, պահանջներ դնել իր առաջնորդների առաջ, ինչը մեզ թոյլ է տալիս առաւօտից երեկոյ հայհոյել Նիկոլ Փաշինեանին, որովհետև էլիտաները սկսում են զբաղուել իրենց օրակարգով և կտրւում են հասարակութիւնից։ Մինչդեռ կարևոր ուղերձն այն է, որ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինեանը չէ, Հայաստանը միայն Արարատ Միրզոյեանը չէ, Հայաստանը միայն  ընդդիմադիրները չեն, Հայաստանն ամէնից առաջ հէնց մեր ժողովուրդն է։ Այո, տրամաբանական է, որ պատասխանատուն նրանք են, քանի որ նրանք են իշխանութիւնը, բայց բաւարարուելով նրանով, որ Փաշինեանը տականք է, ստոր է՝ խնդիրը չի լուծուելու։ Օրինակ՝  որպէս հանրութիւն պէտք է պահանջել Ռուսաստանից ապահովել Արցախի անվտանգութիւնը։ Չէ ո՞ր գազատարը փակելով՝ Ադրբեջանը նախ նաև թքում է այն փաստաթղթերի վրայ, որի տակ դրուած է Պուտինի ստորագրութիւնը։ Հանրային պահանջ է պէտք, դրա արդիւքնում պիտի լինի գործողութիւնը։

ՌուբԷն Մելքոնեան՝ թուրքագէտ. Արևելքում պարտուածի ու յաղթածի միջև խաղաղութիւն չի կարող լինել։

Մանաւանդ, որ այդ պարտուածի բանակցութիւնները շարունակում է վարել պարտուածը։ Պարտուածի «face»-ի հետ կարող է քննարկուել իր կապիտուլացիան աւարտին հասցնելու հարցը, բայց ոչ խաղաղութիւնը։ Մենք պիտի յստակ հասկանանք, որ այս բանակցութիւններում նոյնիսկ տեսականօրէն մենք ոչինչ չենք կարող շահել, որովհետև բանակցում են պարտուածները։ Ի՞նչ Սիւնքի անվտանգութիւն։ Այս երկրում պահւում է ընդամէնը մէկ մարդու անվտանգութիւն։ Գործընկերներս ասում են՝ ի՞նչ անենք իշխանութիւնները հեռանան։ Իրենց աշխատանքի արդիւնքները մենք տեսանք.  Արցախի մի հատուածի կորուստ, հանրային բարոյականութեան անկում, եկեղեցու թիրախաւորում, հոգևորի նկատմամբ ատելութիւն։ Ինչքան աշխատեցին հերիք է, հիմա իշխանութիւնը պիտի աշխատի մի ուղութեամբ՝աշխատի հեռանալ և մենք այստեղ պիտի օգնենք իշխանութեանը։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

Leave a Comment

You must be logged in to post a comment.