Ի՞նչ կորուստներ կ’ունենար Հայաստանը, եթէ Արցախեան վերջին պատերազմը աւարտուէր 2020 թուականի հոկտեմբերի 19-ին

Արցախեան վերջին պատերզմի արդիւնքում, որը մեկնարկել էր 2020 թուականի սեպտեմբերի 27-ին և աւարտուեց նոյեմբերի 9-ին ստորագրուած հրադադարի մասին եռակողմ յայտարարութեամբ, Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնները կրեցին կորուստներ՝ ինչպէս տարածքային, նիւթական, այնպէս էլ մարդկային։

Յիշեցնենք, որ պատերազմի աւարտի պահին Ադրբեջանի զինուած ուժերը վերահսկողում էին Արցախին յարակից և անվտանգութեան գօտու մաս կազմող եօթ շրջաններից Ջրականի, Վարանդայի (Ֆիզուլի) ամբողջովին, Կովսականի (Զանգելան) և Որոտանի (Կուբաթլու) մեծ մասի՝ բացառութեամբ Հայաստանին սահմանակից որոշ հատուածների, ինչպէս նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս կազմող Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գիւղերի, Հադրութի գրեթէ ամբողջ շրջանի՝ բացառութեամբ Հին Թաղեր և Խծաբերդ գիւղերի, (պատերազմից մէկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին իրականացրած սադրանքի արդիւնքում դարձեալ անցան Ադրբեջանի վերահսկողութեանը), Ասկերանի և Մարտունու շրջանների որոշ գիւղերի, Շուշիի շրջանի Քարինտակ, Քիրսաւան գիւղերի և ամենացաւալին՝ Արցախի մշակութային կենտրոն հանդիսացող Շուշի քաղաքի նկատմամբ։ Եռակողմ յայտարարութեան շրջանակներում Ադրբեջանին յանձնուեցին Ակնայի (Աղդամ), Շահումեանի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջանները՝ բացառութեամբ Արցախի մնացեալ հատուածը Հայաստանին կապող միջանցքի, որը ներառում է Բերձոր քաղաքը և Աղաւնօ, Ներքին Սուս գիւղերը։

Պատերազմի կորուստների մասով անշուշտ հայկական կողմի համար ամենացաւալին զոհերի և վիրաւորների, ինչպէս նաև հաշմանդամութիւն ստացած անձանց առկայութիւնն է։      Նշենք, որ չնայած պատերազմի սկզբում հայկական կողմը ամէն օր հրապարակում էր իր զոհերի թիւը, այնուամենայնիւ որոշակի ժամանակահատուածից սկսած թիւերի հրապարակումը դադարեցուեց և մինչև այժմ յայտնի չէ, զոհերի և վիրաւորների պաշտօնական թիւը։ Զոհերի ոչ պաշտօնական թիւը ըստ մի շարք տուեալների գերազանցում է 5000-ը, իսկ Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները՝ այդ թւում նաև վարչապետը պնդում են, որ այն չի գերազանցում 4000-ը՝ չնայած մի քանի անգամ հրապարակել են միմիեանց հակասող թիւեր։

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում մնացել են շուրջ 1700 մշակութային և հոգևոր ժառանգութեան կոթողներ՝ թանգարաններ, խաչքարեր, եկեղեցիներ և այլն, որոնցից ամենախոշորներն են Դադիվանքի եկեղեցական համալիրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ և Կանաչ Ժամ եկեղեցիները, և այլն։

Երկար կարելի է բանավիճել այն հարցի շուրջ, թէ վերջին պատերազմը անխուսափելի՞ էր, թէ՞ ոչ, սակայն հաստատօրէն կարող ենք արձանագրել, որ ռազմական գործողութիւնները հնարաւոր էր դադարեցնել առնուազն 2020 թուականի հոկտեմբերի 20-ի դրութեամբ։ Մամուլում առկայ մի շարք տեղեկութիւնների համաձայն պատերազմի դադարեցման իրատեսական առաջարկներ եղել են մի քանի անգամ, որոնցից իւրաքանչիւր յաջորդը շատ աւելի բարենպաստ էր, քան իր նախորդները, սակայն այդ առաջարկները մերժել է հայկական կողմը։ Ամենևին նպատակ չունենալով տուրք տալ դաւադրութիւնների տեսութիւններին անդրադառնանք հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու առաջարկին, որի մասին յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Ռուսաստանի նախագահը յայտարարել է, որ իրեն յաջողուել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել, որ պատերազմը դադարեցուի և Շուշի քաղաքը մնայ հայկական կողմի վերահսկողութեան տակ, իսկ այնտեղ պէտք է վերադառնային ադրբեջանցի փախստականները։ Պուտինի խօսքով այս առաջարկը մերժել է Նիկոլ Փաշինեանը՝ նշելով, որ այդտեղ սպառնալիքներ է տեսնում Հայաստանի և Արցախի համար։

Նշենք, որ Հայաստանի վարչապետը անդրադառնալով Ռուսաստանի նախագահի առաջարկին ասել է, որ Շուշի քաղաքը ազատագրումից առաջ ունեցել է 90 և աւելի տոկոս ադրբեջանցի բնակչութիւն, և կասկածանք արտայայտել, թէ քաղաքը հայկական կը լինէր իր այդ կարգավիճակում։

Այս համատեքստում հարկաւոր է ուշադրութիւն դարձնել այն հանգամանքին, որ հայկական վերահսկողութեան դէպքում շատ քիչ ադրբեջանցիներ կը գտնուէին,կամ առհասարակ այդպիսինները չէին լինի, որոնք կը համաձայնէին այդ պայմաններում վերադառնալ Շուշի։ Միևնոյն ժամանակ յիշեցնենք, որ պատերազմի դադարեցման դէպքում, ինչպէս դա արտացոլուած է նաև նոյեմբերի 9-ի յայտարարութիւնում, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում տեղակայուելու էին ռուսական խաղաղապահ ուժերը։ Ասուածը աւելիի յստակ պատկերացնելու համար անհրաժեշտ է մտածել, արդեօք որևէ հայ կը համաձայնէր վերադառնալ օրինակ Շուշի, կամ Հադրութ, եթէ պայմանականօրէն յայտարարուէր, որ հայ փախստակններին թոյլատրւում է վերադառնալ այնտեղ։

Անդրադառնալով ամենացաւալի հարցին՝ զոհերի թիւին, նկատենք, որ չնայած հոկտեմբերի 19-ի և 20-ի համար զոհերի պաշտօնական թիւը չի յայտարարուել, այնուամենայնիւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը արդէն հոկտեմբերի 23-ին 5-րդ ալիքի լրագրող Ագնեսա Խամոյեանին տուած հարցազրոյցում յայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիւը չի գերազանցում 2000-ը՝ աւելին այն էականօրէն պակաս է լինելու 2000-ից։ Այսինքն եթէ նոյնիսկ հիմք ընդունենք զոհերի համար պաշտօնական շրջանակների կողմից յայտարարուող 4000 թիւը, ապա հոկտեմբերի 20-ին պատերազմը դադարեցնելու դէպքում հնարաւոր էր խուսափել զոհերի առնուազն կէսից և նոյնիսկ աւելիիից։ Փաստացի հոկտեմբերի 20-ից յետոյ հայկական կողմի ունեցած ամէն զոհի, վիրաւորի և անյայտ կորածի համար ուղիղ պատասխանատուութիւն է կրում Հայաստանի իշխանութիւնը։

Ինչ վերաբերում տարածքային կորուստներին ապա հայկական կողմը, եթէ համաձայնէր պատերազմը դադարեցնելու առաջարկին, ապա Ադրբեջանին էր վերադարձնելու Արցախին յարակից անվտանգութեան գօտու մաս կազմող 7 շրջանները, որոնք են՝ Շահումեանը, Քաշաթաղը, Որոտանը, Կովսականը, Վարանդան, Մեխակաւանը և Ակնան։ Նշենք, որ հոկտեմբերի 19-ի դրութեամբ այս շրջաններից Ադրբեջանը գրաւելի էր Մեխակաւանը գրեթէ ամբողջութեամբ, ինչպէս նաև Վարանդայի մի հատուածը։ Կովսական քաղաքը ադրբեջանցիներին յաջողուել է գրաւելի հոկտեմբերի 20-ին։

Բացի այդ քարտէզների համաձայն Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնուող տարածքների ցանկում նշուած են նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գիւղերը։       Վերոյիշեալ գիւղերի նկատմամբ վերահսկողութիւն հաստատելու մասին Ադրբեջանը յայտարարել է 2020 թուականի հոկտեմբերի 3-ին և 5-ին, սակայն այդ լուրերը հերքուել են Հայաստանի պաշտպանական գերատեսչութեան կողմից։

Տարածքային առումով հայկական կողմը իր վերահսկողութիւնը կը շարունակէր պահպանել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ողջ տարածքի՝ այդ թւում նաև Շուշի քաղաքի և Հադրութի շրջանի նկատմամբ։

Ներկայացնենք նաև Հայաստանի ՊՆ պաշտօնական ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը ռազմաճակատում առկայ իրավիճակի մասով քարտէզներ հրապարակեց 2020 թուականի հոկտեմբերի 24-ին, 29-ին և նոյեմբերի 3-ին, որոնց համաձայն ևս հայկական կողմը նոյնիսկ այդ օրերին գտնւում էր շատ աւելիի բարւօք իրավիճակում, քան նոյեմբերի 10-ի դրութեամբ։

Յիշեցնենք նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամաւոր Էդմոն Մարուքեանի այն յայտարարութիւնը, որ հոկտեմբերի 11-ից յետոյ ակնյայտ էր, որ պատերազմական գործողութիւնները զարգանում էին ի վնաս Հայաստանի և Արցախի։ Մարուքեանը այս մասին ասել էր Հայաստանի անվտանգութեան խորհրդի ընդլայնուած կազմով տեղի ունեցած նիստից յետոյ իր տարածած յայտարարութիւնում։

Բացի այդ Հայաստանի զինուած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարեանը, ով այդ պաշտօնը զբաղեցնում էր նաև պատերազմի օրերին, յայտնել է, որ ինքը պատերազմի չորրորդ օրը` անվտանգութեան խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծուած իրադրութեան վերաբերեալ զինուած ուժերի գնահատականը։ Գասպարեանը շեշտել է, որ երկու-երեք օրուայ ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դէպքում այս ինտենսիւութեամբ վարուող մարտական գործողութիւնների պարագայում հայկական կողմի ռեսուրսները սեղմ ժամկէտում կսպառուեն և իւրաքանչիւր յաջորդ օրերի ընթացքում կ’ունենանք բանակցային գործընթացի համար աւելի ոչ բարենպաստ պայմաններ:

Այսինքն հաշուի առնելով վերոյիշեալ հանգամանքները, կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկին համաձայնելու դէպքում այսօր Հայաստանը և Արցախը կը գտնուէին անհամեմատ աւելիի բարենպաստ իրավիճակում, կ’ունենային առաւելի քիչ զոհեր, վիրաւորներ և կորուստներ։

Հեղինակ՝ Դաւիթ Գոյումճեան

personanews.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.