Ինչո՞ւ է Վազգեն Մանուկեանը շարժման՝ վարչապետի թեկնածուն․ Իշխան Սաղաթելեան
Վարչապետ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու ճանապարհը հետևեալն է՝ պէտք է տեղի ունենայ Ազգային Ժողովի նիստ, որտեղ պէտք է քննարկուի Նիկոլ Փաշինեանի պաշտօնանկութեան հարցը՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը շարժման խորհրդի նիստից յետոյ։
Հարցին՝ ի՞նչ են անելու, եթէ չհեռանայ, Սաղաթելեանը պատասխանեց՝ Փաշինեանը ստիպուած է հեռանալու, որովհետև ինքն այլ ճանապարհ չունի, պէտք է հեռանայ րոպէ առաջ, պէտք է հեռանայ անցնցում։ Իշխան Սաղաթելեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանի՝ րոպէ աւելի իշխանութեան մնալը հիւծում է մեր երկիրը, պառակտում մեր հասարակութիւնը և նորանոր անվտանգային խնդիրներ կուտակում։
Ինչո՞ւ է Հայրենիքի փրկութեան շարժումը իբրև անցումային կառավարութեան վարչապետի թեկնածու ընտրել Վազգեն Մանուկեանին՝ Իշխան Սաղաթելեանը պատասխանեց․ «Վազգեն Մանուկեանը իր անցած ճանապարհով, իր կենսագրութեամբ, իր հմտութիւններով այն մարդն է, ով երկրին կը բերի հանդարտութիւն, կայունութիւն, առաջիկայում կը կարողանայ կազմակերպել արդար, թափանցիկ ընտրութիւններ, և Վազգեն Մանուկեանը այն թեկնածուն է, որը կարող է յաղթահարել մեր երկրի առջև այս պահին կանգնած մարտահրաւէրները՝ իր գլխաւորութեամբ գործող ժամանակաւոր կառավարութեան»։
https://www.youtube.com/watch?v=0qXoZsd1kzc&feature=emb_logo&ab_channel=YerkirDaily