ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան շարքերը համալրեցին մի խումբ նորագիրներ
«Այս օրը շրջադարձային է. ձեր կեանքում սկզբնաւորւում է մի նոր ուղի, որը դժուարին է, տեղ-տեղ` փշոտ, բայց նաև պատուաբեր և իմաստաւորուած: Դա այն ուղին է, որը 130 տարի շարունակ անցել են հարիւրաւոր երևելի գործիչներ և դէմքեր, որոնցից շատերի անունները ոսկէ տառերով են գրուած հայոց պատմության էջերում». այսօր Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմի առջև տեղի ունեցած ՀՅԴ աւանդական երդման արարողութեան ժամանակ նշեց ՀՅԴ գործիչ Ա. Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետության անկախութեան տարեդարձի օրը երդում տուեցին և Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան շարքերը համալրեցին մի խումբ նորագիրներ:
«Այն քաղաքական ուժը, որին դուք այսօրուանից անդամակցում եք, Արցախեան փառապանծ յաղթանակի կերտողներից մէկն է: Բայց պէտք է նաև յիշել, որ Դաշնակցութեան առաքելութիւնը միայն զէնքի օգնութեամբ ազգային-ազատագրական պայքար մղելը չէ. Դաշնակցութիւնը խորհրդանշում է և՛ հայ մտաւորականին, և՛ աշխատաւորին ու շինականին: Հետևաբար, Դաշնակցութեան մեծ ընտանիքում դուք ամէն մէկդ ձեր ոլորտում ծառայելու էք մեր հայրենիքի շէնացմանն ու հզօրացմանը, իսկ օրհասական ժամին, ինչպիսին Ապրիլեան քառօրեան էր, յիւրաքանչիւր դաշնակցական պարտաւոր է դառնալ հայրենիքի զինուորը և կանգնել մեր բանակի կողքին»,- իր խօսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկներ յանձնախմբի նախագահ Արտաշէս Մխիթարեանը: