Արցախի Նախագահ Բակօ Սահակեանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրուայ առթիւ


Սիրելի հայրենակիցներ,

 Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրուայ առթիւ:

Հայ ժողովուրդն աշխարհի հնագոյն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ եւ հասել մինչեւ մեր օրերը: Դժուարին ու բարդութիւններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատուով է անցել ՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակոյթը, ազգային արժանապատուութիւնն ու աւանդոյթները եւ, որ ամենակարեւորն է, անկախ պետականութիւնը վերականգնելու դարաւոր երազանքը:

Այդ երազանքն իրականութիւն դարձաւ 1918 թուականին` Հայաստանի Առաջին Հանրապետութեան կազմաւորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին եւ տէր կանգնեց իր հողին ու ջրին: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակները կերտող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդէն ճանապարհ էին բացում մեր հետագայ յաջողութիւնների համար: Առաջնորդուելով քաջ հայորդիների գաղափարախոսութեամբ եւ շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք յաղթանակ արձանագրել արցախեան ազատամարտում եւ վերածնել հայոց անկախ պետականութիւնը:

Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետութիւններով եւ Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութեամբ, որը մեր բոլոր յաջողութիւնների հիմնական գրաւականն է: Դասեր քաղելով անցեալից` հայ ժողովուրդն այսպէս միասնական ու համախմբուած պէտք է շարունակի իր ճանապարհը` դէպի պայծառ ու լուսաւոր ապագայ:

 Թանկագին հայրենակիցներ,

 Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի կապակցութեամբ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու ամենայն բարիք: 


Leave a Comment

You must be logged in to post a comment.