Ջաւախքի Երկու Քաղաքներուն Մէջ Ընտրուած Են Իշխող Կուսակցութիւնը Ներկայացնող Հայ Թեկնածուներ
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Վրաստանի մէջ 15 Յունիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիններու (ՏԻՄ) ընտրութիւններով ամբողջացաւ իշխանափոխութեան գործընթացը այդ երկրին մէջ: Այս ընտրութիւններուն գրեթէ բոլոր շրջաններուն մէջ յաղթանակ տարած են «Վրացական երազանք» կուսակցութեան ներկայացուցիչները:
Լրագրողներուն հետ ունեցած հանդիպման ընթացքին այս մասին յայտնած է Վրաստանի հարցերով փորձագէտ Ջոնի Մելիքեանը: «Ընտրութիւններում միակ խնդիրը ընտրողների ցածր մասնակցութիւնն էր: Եթէ համեմատենք 2010 թուականին անցկացուած ՏԻՄ ընտրութիւնների հետ, որին մասնակցել էր ընտրելու իրաւունք ունեցող բնակիչների 49 տոկոսը, ապա այս տարի մասնակցել է 43 տոկոսը: Ընտրութիւնների ցածր մասնակցութիւնը պայմանաւորուած էր նրանով, որ նոր իշխանութիւնները չեն կարողացել իրականացնել դեռեւս 2012 թուականին ներկայացուած ծրագիրը՝ բարեփոխումներ, երկրի տարբեր շրջանների տնտեսական համաչափ զարգացում, Ռուսաստան մեկնելու մուտքի վիզայի վերականգնում՝ կորցնելով բնակչութեան վստահութիւնը», մեկնաբանած է փորձագէտը:
Անոր համաձայն՝ հակառակ անոր որ նախընտրական շրջանին եղած են բախումներ եւ միջադէպեր (կրակած են Միացեալ ազգային շարժման ներկայացուցիչներէն մէկուն վրայ), շարք մը երկիրներ բարձր գնահատած են տեղի ունեցած ընտրութիւնները՝ նշելով, որ անոնք քայլ մը դէպի առջեւ են Վրաստանի հետ ԵՄ Ընկերակցութեան համաձայնագիրի ստորագրութեան նախաշեմին:
«Այս ընտրութիւններին մեծ կարեւորութիւն է տրւում, քանի որ ուղղակի քուէարկութեան ճանապարհով, Թբիլիսիից բացի, ընտրուելու էին երկրի եւս 11 քաղաքների քաղաքագլուխներ եւ 12 շրջանային վարչակազմերի ղեկավարներ: Առկայ տուեալների համաձայն, չորս քաղաքներում քաղաքապետերն ընտրուել են, իսկ ութում երկրորդ փուլի անհրաժեշտութիւնը կայ: Մեծամասնական ընդհանուր ընտրութիւններում առաջին տեղում է «Վրացական երազանք»ը, որին յաջորդում է Միացեալ ազգային շարժումը, «Բուրջանաձ»-Միացեալ ընդդիմութիւն կոալիցիան եւ վերջապէս Վրաստանի հայրենասէրների դաշինքը:
Նախնական տուեալների համաձայն՝ Ջաւախքի երկու քաղաքներում՝ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում յաղթել են իշխող կուսակցութեան կողմից առաջադրուած հայ թեկնածուներ Գագիկ Կարսլեանը (80 տոկոս) եւ Էդուարդ Աղասեանը (60 տոկոս): Այնինչ, Թիֆլիսի քաղաքային խորհրդում հայազգի անդամներ չեն լինի: 85 հազարանոց հայ համայնք ունեցող Թիֆլիսում ընտրական ցուցակներում թէեւ հայեր եղել են, բայց անցողիկ տեղեր չեն զբաղեցրել եւ նրանց ընտրուելը իրատեսական չէ: Ինչը վկայում է, որ կամ հայութիւնը դեռ չի վստահում այս նոր իշխանութիւններին, կամ իշխող կուսակցութիւնը չի կարողացել գտնել ազգութեամբ հայ անդամի, որ կը կարողանար առաջ տանել կոալիցիայի գաղափարախօսութիւնը եւ միաժամանակ ներկայացնէր հայերի շահերը», նշած է Մելիքեան: