Արցախի պատգամաւորներն արձագանգել են ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքին՝ թէ այդ հողերը չենք ուզում
1593
0
ԼՂՀ ԱԺ պատգամաւորներն անդրադարձել են Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրոյցին, որի ժամանակ վերջինս կարծիք է յայտնել, թէ ՀՀ-ն Ղարաբաղի հարցում պատրաստ է տարածքային փոխզիջման:
Նա մասնաւորապէս նշել էր.
«Մեր փոխզիջումը ոչ թէ 5 գրաւեալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մատրիտեան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպէս մեր խաղաղ, ինքնիշխան պետութեան համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետութեան համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կ’ընդունուի, կը լինի հանրաքուէն եւ կ’ընդունուի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կ’ընդունի Ղարաբաղի անկախութիւնը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրայ մենք այսօր այդ իրաւունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է եւ սա մեր անվտանգութեան երաշխիքն է»:
Հարցի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ տարբեր խմբակցութիւնների պատգամաւորների հետ.
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Իշխանեանը նման յայտարարութիւնն անընդունելի է համարում:
«Այն տեսակէտները, որոնք Հերմինէ Նաղդալեանը փորձեց մատուցել ոչ միայն հայ հանրութեանը, այլեւ Ղարաբաղի հիմնահարցով շահագրգիռ եւ ոչ շահագրգիռ կողմերին, իսկը ատրպէյճանական շահերը սպասարկող յայտարարութիւն էր:
Մտահոգութիւն կայ, որ ՀՀ քաղաքական շրջանակներում ուրուագծւում է զիջողական կամ պարտուողական դիրքորոշում, որը փորձում են մատուցել հայ հասարակութեանը»:
Դաւիթ Իշխանեանը շեշտեց, որ Արցախի սահմանադրութեամբ ամրագրուած տարածքները սակարկման առարկայ լինել չեն կարող: Պատգամաւորը նշեց, որ հարցը նաեւ պէտք է դիտարկել համահայկական շահերի տիրոյթում:
«Այդ տարածքները, որոնց մասին «համոզուած» խօսում է տիկին Նաղդալեանը, մեր ազգային անվտանգութեան բաղադրիչներն են: Նման տեսակէտ եւ համոզմունք ունեցող անձը չի կարող զբաղեցնել ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտօնը: Նման անձը չի կարող ղեկավարել ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութիւնը: Ես ամօթ եմ զգում. ամօթ՝ նման պաշտօնեաներ ունենալու համար: Դրանից հետեւութիւններ պէտք է անի ՀՀ բարձրագոյն ղեկավարութիւնը», ընդգծել է Դաւիթ Իշխանեանը:
ԼՂՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցութեան անդամ Արզիկ Մխիթարեանը նշեց.
«Եթէ նա կարող էր այդքան անլուրջ գտնուել եւ նման յայտարարութիւն անել, ապա դա արտակարգ մտահոգիչ է: Ես ինձ թոյլ եմ տալիս արտայայտուելու, որ Նաղդալեանը չէր կարող այդքան մանկամիտ լինել եւ նման միտք արտայայտել: Կա՛մ դա մշակուած քաղաքականութիւն է, որը մինչեւ հիմա մեզ յայտնի չէ (ինչը շատ վտանգաւոր է), կա՛մ էլ՝ մանկամտութիւն: Նա պէտք է խիզախութիւն ունենայ հայցելու մեր ժողովրդի ներողամտութիւնը: Նման յայտարարութիւնը, իրօք, ապա կողմնորոշում է մեր հասարակութեանը եւ անկայուն իրավիճակ է ստեղծում:
Անձամբ ճանաչելով Հերմինէ Նաղդալեանին՝ միշտ այն կարծքին էի, որ նա մեր խնդրի արդարացի լուծման ջատագովներից է, եւ եւրբեւէ չէի մտածում, որ կարող է նման խօսքեր իրեն թոյլ տալ»:
Արզիկ Մխիթարեանի խօսքով՝ այսօր Հերմինէ Նաղդալեանը զանգել է ԼՂՀ ԱԺ՝ ասելով, որ նման յայտարարութիւն չի արել, եւ դա լրագրողական սխալ սղագրութեան պատճառ է:
«Պէտք է ճշդել՝ դա թիւրիմացութի՞ւն է, թէ՞ նա հենց այդ գաղափարների տէրն է: Եթէ տիկին Նաղդալեանը նման գաղափարների տէր է, ապա պէտք է շատ լուրջ վերաբերել երեւոյթին եւ լրջօրէն դնել այդ հարցը: Իսկ եթէ թիւրիմացութիւն է կամ լրագրողական ինչ-որ սխալ սղագրութիւնների արդիւնք, ապա եւս մէկ անգամ անհրաժեշտ է յստակեցնել նրա կարծիքը Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ, այլապես մենք իրաւունք չունենք նման քաղաքական գործչին վստահել Արցախի հիմնախնդրի լուծման առաքելութիւնը, քանզի նա նոյն յաջողութեամբ նման թիւրիմացութիւն թոյլ կը տայ նաեւ ԵԽԽՎ-ում»:
ԼՂՀ ԱԺ «Շարժում-88» խմբակցութեան ղեկավար Էդուարդ Աղաբեկեանը, խօսելով հարցի շուրջ, շեշտեց.
«Նաղդալեանի կարծիքն ինձ չի հետաքրքրում: Նա իր կարծիքը կարող է արտայայտել միայն իր ամուսնու մօտ: Այդպէս էլ հրապարակէք կարծիքս: Ո՛չ Նաղդալեանը, ո՛չ ՀՀ նախագահը չեն կարող որոշել՝ Ղարաբաղը պէ՞տք է արդեօք բան տայ, թէ՞ ոչ: Գուցէ մինչեւ Ապրիլի 1-ը կարող էին, ապա Ապրիլի 1-ից իրադրութիւն է փոխուել: ՀՀ-ի զիջողական դիրքերն են պատճառը, որ այսօր Ատրպէյճանը Հայաստանն անուանում է արեւմտեան Ատրպէյճան: Հերմինէ Նաղդալեանը թող դրան պատասխան տայ»:
«Վերածնունդ » խմբակցութեան պատգամաւոր
Հայկ Խանումեանն էլ նշեց.
«Պէտք է նկատել, որ ԱԺ փոխնախագահի կողմից արուած յայտարարութիւնները ամբողջովին պարտուողական եւ զիջողական են, ինչը ոչ միայն վիրաւորում է Արցախի ժողովրդի արժանապատուութիւնը եւ լկտիացնում Ատրպէյճանին, այլեւ զգալի թուլացնում է Հերմինէ Նաղդալեանի՝ կուսակցի դիրքը բանակցութիւններում: Երբ որ այդ նոյն կուսակցութեան ներկայացուցիչը՝ ՀՀ նախագահը, գնում է բանակցութիւնների եւ իր կուսակցութեան բաւականին բարձրաստիճան դէմքը՝ Աժ փոխնախագահը, յայտարարում է, որ պատրաստ են տարածքներ զիջել, պատկերացնո՞ւմ էք այդ բանակցութիւններ վարողի դիրքը բանակցային սեղանի շուրջ կամ էլ՝ Ատրպէյճանի դիրքը, որն արդէն իսկ գիտի, որ Սերժ Սարգսեանի կուսակցութեան պատասխանատու դէմքերից մէկը պատրաստ է զիջումներ անել Արցախի սահմանադրութեամբ ամրագրուած շրջանների շուրջ: Ինչպէ՞ս կը պահի իրեն Ատրպէյճանը. բնականաբար, աւելի լկտի:
Միւս կողմից՝ ամբողջովին անբարոյականութիւն է, երբ որ զինուորը կանգնած է սահմանին եւ կեանքի գնով պահում է դիրքը, նմանատիպ յայտարարութիւններ անել: Կրկնակի անբարոյականութիւն է այդ շրջաններում ապրող բնակիչների տեսանկիւնից, որովհետեւ մարդիկ այնտեղ ապրում են, այնտեղ աշխատում եւ արարում, իսկ ինչ-որ մի պաշտօնեայ յայտարարում է իրենց հողերը կամ իրենց տները յանձնելու մասին:
Աւելին՝ վտանգաւոր է նաեւ նրանով, որ լուրջ հարուածներ է հասցնում այդ շրջաններում նախատեսուող ներդրումային ծրագրերի համար»:
Խանումեանը եւս մտահոգութիւն յայտնեց Նաղդալեանի՝ Հայաստանի պատուիրակութիւնը Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գլխաւորելու համար: Մի վայր, որտեղ Ատրպէյճանը բաւականին ակտիւ փորձում է տարբեր բանաձեւեր ընդունել տալ:
«Հետեւաբար, մի լուծում կայ՝ Հ. Նաղդալեանը պէտք է հրաժարական տայ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտօնից եւ պէտք է նաեւ հրաժարուի ԵԽԽՎ պատուիրակութիւնում ՀՀ ներկայացուցչի պաշտօնից», եզրափակեց Հ. Խանումեանը:
«Ժողովրդավարութիւն » խմբակցութեան ղեկավար Վարդգէս Բաղրեանն էլ մեզ հետ զրոյցում ասաց.
«Ես, միանշանակ, այն կարծիքին եմ, որ ոչ մէկը չի կարող կասկածի տակ դնել ԼՂՀ սահմանադրութիւնը, իսկ այն տարածքները, որոնց մասին խօսուել է ճեպազրոյցի ժամանակ, մեր հանրապետութեան սահմանադրօրէն անբաժանելի մասն են: Խօսել տարածքներ զիջելու մասին, ոչ միայն ժամանակավրէպ է, այլեւ, իմ խորին համոզմամբ, ուղղակի անթոյլատրելի: Ես չեմ բացառում նաեւ, որ ինչ-որ բան այնպէս չի ասուել կամ կոնտեքստից խօսք է դուրս մնացել, սակայն այն, ինչը տեսել եմ տեսագրութեան ձեւով, անընդունելի է: Եթէ տիկին Նաղդալեանը կարծում է, որ իր խօսքերը կոնտեքստից դուրս են հրապարակուել, այդ իսկ պատճառով չեն ընկալուել, ապա նա հնարաւորութիւն ունի հրապարակաւ ճշդում մտցնելու այդ հարցում»:
Հարցազրոյցը վարեց՝ Արմինէ Նարինեանը