«Արցախի Ժողովուրդի Պատմական Ընտրութիւնը Այլեւս Անշրջելի է». Սերժ Սարգսեան


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է ԼՂ անկախութեան տօնին առիթով: Ուղերձին մէջ կը նշուի.

“Սիրելի՛ արցախցիներ,

Շնորհաւորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախութեան տօնի առթիւ: Արցախի ժողովրդի պատմական ընտրութիւնն այլեւս անշրջելի իրականութիւն է: Ողջ հայութեան աջակցութեամբ, եւ առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիւ, ինչպէս նաեւ մեծագոյն զոհողութիւնների գնով դուք ստեղծեցիք եւ կայացրիք պետականութիւն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն այսօր հպարտօրէն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանօրէն տարբերւում են իրենց կազմակերպուածութեամբ, հզօր բանակով եւ պետական կուռ կառոյցներով: Ժողովրդավարութեան խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպէս նաեւ տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպաւորում են ոչ միայն մեզ: Արցախը եւ՛ իրեն, եւ՛ աշխարհին արդէն ապացուցել է, որ կայացած եւ ծաղկուն պետութիւն լինելու համար ունի հզօր քաղաքակրթական պաշար:

Մեզ պարտադրուած պատերազմը եւ սահմանների երկայնքով իրականացուող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզօր ոգու համեմատութեամբ, որ առաջնորդում է արցախցուն եւ ողջ հայութեանը:

Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դէպի ազատամարտ եւ այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դէպի արարում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի կապակցութեամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ առաջընթաց”:


Leave a Comment

You must be logged in to post a comment.