Հայոց Ցեղասպանութիւնը՝ Թուրքիայի Նախագահի Թեկնածուների Աչքով
«Ակօս» պարբերականը «Հայերը՝ Նախագահի թեկնածուների Աչքով» վերնագրով յօդուած է հրապարակել, ուր ներկայացրել է Թուրքիայի նախագահի պաշտօնի թեկնածուների՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում ունեցած մօտեցումները:
Պարբերականն առաջինն անդրադարձել է երկրի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի վարած հակահայ քաղաքականութիւնը բոլորին լաւ ծանօթ է: Ըստ կայքի՝ Էրդողանը, ով շարունակ պնդել է, որ մուսուլմանը երբեք չի կարող ցեղասպանութիւն իրագործել, «առաջընթաց» է ապրել այնքան, որ Ապրիլի 24ի կապակցութեամբ ցաւակցական ուղերձ է յղել Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգներին:
«Նախագահի թեկնածու առաջադրուելուց ամիսներ առաջ 1915 թուականի համար ցաւակցական ուղերձ յղած եւ բոլորին այդ քայլով զարմացրած Էրդողանը Թուրքիայի քաղաքական անցեալում կը մնայ որպէս մարդ, ով Թուրքիայի քաղաքացի չեղող հայերին սպառնացել է երկրից արտաքսել: Իր ելոյթներում Թուրքիայի ժողովուրդների անուններն արտասանելիս՝ հայերի, յոյների, հրեաների եւ ասորիների անունները չյիշատակած Էրդողանի անունը, ով «յոյն» բառն ասելիս նախ ներողութիւն է խնդրում, կը մնայ բոլորի մտքում», գրում է կայքը ու յաւելում. «Էրդողանի ամենազարմացնող արտայայտութիւններից մէկն այն էր, երբ տարբեր երկրներում 1915 թուականի վերաբերեալ օրէնքներ էին ընդունւում եւ Թուրքիային դատապարտում, նա չէր վարանել սպառնալ Թուրքիայում բնակուող հայերին, ասելով. «Իմ երկրում 170,000 հայ կայ, նրանցից 70,000ը իմ քաղաքացիներն են: Մնացած 100ը ժամանակաւոր են: Մի օր, եթէ հարկ լինի, նրանց դուրս եմ հանելու երկրից, վերջապէս, նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտաւոր չեմ նրանց իմ երկրում տեղ տալ»:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգային շարժում» կուսակցութիւնների համատեղ առաջադրած թեկնածու, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն 1915 թուականի դէպքերը որակում է որպէս «պատմական պնդում»:
«1915 թուականին պատահած ցաւալի դէպքերը մեզ միշտ վշտացրել են եւ շարունակելու են վշտացնել: Ես շատ լաւ եմ յիշում, երբ համալսարանում դասախօսական կազմի երիտասարդ անդամ էի, մասնակցում էի մշակոյթի նախարարութեան միջոցառումներին եւ սերտ կապեր ունէի ԱԳ նախարարութեան հետ: Այս երկու նախարարութիւնների միջոցառումներին մասնակցելով՝ ծանօթ եմ այս հարցի էութեանը: Կառավարութեան ցաւակցական ուղերձը ճիշդ եւ տեղին էր: Թուրքիան այս հարցը պէտք է լուծի համբերատարութեամբ, սառնասրտութեամբ՝ օգտագործելով դիւանագիտական եւ գիտական բոլոր ճանապարհները: Այս պահին աւելին չեմ կարող ասել», ասել էր Իհսանօղլուն:
Իսկ ինչ վերաբերում է հայերի աջակցութեանն արժանացած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան նախագահ Սելահադդին Դեմիրթաշին, նա միշտ աչքի է ընկել Հայոց Ցեղասպանութեան եւ հայերի մասին իր օբյեկտիւ տեսակէտներով: Դեմիրթաշը բազմիցս յայտնել է, որ Թուրքիայի պետութիւնը պէտք է ներողութիւն խնդրի հայերից՝ շեշտելով, որ ցեղասպանութեան բեռը պէտք չէ դնել Թուրքիայի ժողովրդի ուսերին: «Ցեղասպանութիւնն իրագործողը Օսմանեան կայսրութիւնն է: Օսմանեան կայսրութիւնն այժմ չկայ, սակայն Թուրքիայի հանրապետութիւնը այդ դէպքերի համար պէտք է ներողութիւն խնդրի հայերից: Սա խաղաղութեան կարեւոր ներդրում կարող է լինել», ասել է նա:
Թարգմանեց՝
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ
«ԵՐԿԻՐ»