44-օրեայ պատերազմի մասնակիցներին լսողութիւնը բարելաւող սարքեր են տրամադրւում մեր հոգատար հայրենակիցների ջանքերով 

Երևանում մեկնարկել է  արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում լսողական խնդիրներ ստացած՝ հայրենիքի պաշտպաններին  լսողական սարքեր տրամադրելու ծրագիր։ Այն իրականացւում է «Արաբկիր» միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի, «Արաբկիր» բժշկական համալիրի, Լոս Անջելեսի «Հայաստան. լսողութեան  աջակցութիւն ծրագրի» հիմնադիր Գաւուգճեան ընտանիքի և հայ համայնքի բարերարների  գործուն ջանքերի շնորհիւ։

Հայրենիքի պաշտպանները, որոնք ունեն լսողական խնդիրներ,  կարող են այցելել Մամիկոնեան 17 («Աննաբելլա» հիւրանոց), որտեղ կազմակերպւում են ամերիկեան հանրայայտ «Սթարքի» (Starkey) ընկերութեան կողմից արտադրուած լսողական սարքերի ընտրութեան, յարմարեցման և տրամադրման բոլոր գործընթացները: Այս նորագոյն տեխնոլոգիայի թուային լսողական սարքերը կարող են օգնել նոյնիսկ նրանց, որոնք ունեն լսողական ծանր խնդիրներ։ Սարքերի համակարգչային հարմարեցումից յետոյ շահառուները կը ստանան նաև սարքի հետ կապուած անվճար ծառայութիւններ ստանալու հնարաւորութիւն` անսարքութիւնների շտկման եւ հնարաւոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքաւորուող մարտկոցներով:

«Հայաստան լսողութեան  աջակցութիւն ծրագրի» հիմնադիր, «Սթարքի» հիմնադրամի ներկայացուցիչ, լսողական սարքերի մասնագէտ ամերիկահայ բարերար Հայկուհի Գաւուգճեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ «Սթարքի»-ի հետ համագործակցութեան ուղի կերտելու ու այդ ընկերութեան արտադրած սարքերը Հայաստան բերելու համար երկար տարիներ աշխատանքներ են տարուել։ «Արաբկիր» միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի,  Լոս Անջելեսում բնակուող Գաւուգճեան ընտանիքի ջանքերով  և, իհարկէ, «Սթարքի» (Starkey) ընկերութեան հետ համատեղ՝ 2015 թուականին Հայաստանում սկիզբ  դրուեց բարեգործական առաքելութեան՝  լսողական սարքեր տրամադրել դրանց կարիքն ունեցող սոցիալապէս անապահով մարդկանց։ Ծրագրի առաջին փուլը կեանքի կոչուեց  2017 թուականի յուլիսին․ լսողական սարքեր ստացան  Հայաստանում ու Արցախում բնակուող բազմահազար շահառուներ, և այս բարի գործը դարձաւ շարունակական՝  բարի աւանդոյթ։

Լոս Անջելեսից հայրենիք ժամանած տէր և տիկին Գաւուգճեաններին միացել են հոգատար ու բարի մարդիկ, որոնք թիմ են կազմել, մի ընտանիք  դարձել և օգնում են հայրենիքի պաշտպանների կեանքի որակը բարելաւել, աշխարհի հնչիւններն ու գոյները փոխել նրանց համար։ Երևանում սփիւռքից ժամանած մասնագէտներին միացել են հայաստանաբնակ մասնագէտները․ նրանք աշխատում են համատեղ ջանքերով․ հայրենիքի պաշտպանները գրանցւում են, ստանում մասնագիտական խորհրդատուութիւն, ապա ձեռք են բերում լսողական սարքերը։ Սփիւռքահայ մասնագէտներն իրենց փորձն ու մասնագիտական հմտութիւններն են փոխանցում Հայաստանում բնակուող մասնագետներին, որպէսզի այս  գործը շարունակական լինի ու արդիւնաւէտ։

Հայկուհի Գաւուգճեանը մեր թղթակցի  հետ զրոյցում պատմեց՝ ամերիկահայ բարերարները պատրաստակամութիւն են յայտնել աջակցել աւելի մեծ թիւով  շահառուների․ նրանց գրանցման գործընթացը  շարունակւում է:

«Ես և ամուսինս, լինելով լսողութեան սարքերի մասնագէտներ և տեսնելով, թէ ինչ է կատարւում պատերազմի օրերին՝ դեռ 2020 թուականի սեպտեմբերին արդէն հասկանում էինք, որ նրացից ոմանք պիտի ունենան լսողութեան խնդիրներ։ Այդ ընթացքում արդէն հիմնադրել էինք  «Հայաստան. լսողութեան  աջակցութիւն ծրագրի» հիմնադրամը՝ Լոս Անջելեսի հայ համայնքի աջակցութեամբ։ Այս հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, որում ընդգրկուած են անդամներ Հայաստանից, ԱՄՆ մի քանի նահանգից և «Արաբկիր» հիմնադրամի հետ միասին որոշեցինք, որ դրամահաւանքների միջոցով, ամերիկահայերի միջոցով  կազմակերպենք այս առաքելութիւնը։ Այս ծրագրի համար 2021 թուականի սեպտեմբերի 23-ին ժամանեցինք Հայաստան։ Հոկտեմբերի 1-4-ը կատարել ենք սարքերի տեղադրումը», — «Հորիզոն»-ի  թղթակցին պատմեց Հայկուհի Գաւուգճեանը։

Նա ընդգծեց՝ Հայաստան է բերուել 400 թուային լսողական սարք։

«Կան զինուորներ, որոնք մէկ ականջի համար այդ սարքի կարիքն ունեն, ուստի այս սարքերը կարող ենք տրամադրել 200-ից աւելի հայրենիքի պաշտպանների։ Մինչև այժմ արդէն 130 հոգու սարքեր ենք տրամադրել, հաւնաբար, վաղն արդէն 175 հոգու տրամադրած կը լինենք։

Մնացած սարքերը կը թողնենք այստեղ, որպէսզի մասնագէտները շարունակեն տեղադրել։ Ոմանք էսթետիկական պրոբլեմներից ելնելով՝ բարդոյթներ են ունենում, բայց երբ սարքը տեղադրում ենք, զինուորները տեսնում են, այս սարքերը առանձնապէս տեսանելի չեն, բացի այդ՝ նրանք շատ գոհ են այս սարքերից։ Այս զինուորները իրենց ընկերներին լուր են տալիս, միւսներն էլ են գալիս, ուստի ունենք աւելի շատ նոր դիմող զինուորներ, քան  նախապէս գրանցուած զինուորները», — պատմեց Հայկուհի Գաւուգճեանը՝ ընդգծելով՝ իրենք շարունակելու եմ իրենց  առաքելութիւնը, անվճար լսողական սարքեր են տրամադրուելու մեր հայրենիքի պաշտպաններին այնքան ժամանակ, քանի դեռ մեր քաջերն ունեն դրանց կարիքը։

Պատերազմի մասնակից Էդմոնդ Ստեփանեանը, որը մեր ռեպորտաժը պատրաստելու պահին փորձարկում էր լսողական սարքը, մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝  թէև դեռ մասնագիտական խորհրդատուութիւն պէտք է ստանայ, որոշակի հետազոտութիւններ պիտի իրականացուեն, բայց արդէն իսկ փորձարկել  է սարքը և  զգացել դրական տարբերութիւնը։

«Հայաստան. լսողութեան  աջակցութիւն ծրագրի» հոգաբարձուների խորհրդի անդամ Նորա Եագուպեանը, որը սիրով ու գորովանքով աշխատում է իրեն հարազատ դարձած թիմում, գրանցում է լսողական սարքերի կարիք ունեցող՝ հայրենիքի պաշտպանների տուեալեները։ Տիկին  Նորան ասում է՝ մեր քաջերի հետ շփուելիս հպարտութիւն է զգում ու խորին երախտագիտութիւն։

«Պատերազմի օրերին  մենք կարդում էինք մեր քաջերի հերոսութիւնների մասին, գիտէինք, որ նրանք լեգենդ են։ Երբ եկանք այստեղ ու շփւում ենք նրանց հետ, նրանց  շնորհակալութիւն ենք յայտնում, որ պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։ Իրենք են, որ սփիւռքում մեզ հայ են պահում։ Հայ զինուորն է, որ  սփիւռքում մեզ յոյս ու հաւատ  է տալիս։ Երբ  մենք նրանց շնորհակալութիւն ենք յայտնում, իրենք են մեր թիմին՝ Հայաստանի թիմին ու արտերկրից եկած մասնագէտների թիմին շնորհակալութիւն են յայտնում։ Մենք գիտենք, որ «մենք» և «դուք» չկայ․ բոլորս մէկ ենք։ Մենք զինուորներին խոստացել ենք, որ մինչև մահ իրենց կողքին ենք լինելու։ Ցաւ կայ, բայց և յաղթանակի զգացողութիւն կայ, քանի որ մեր տղաները չեն պարտուել։ Մենք   յոյս ունենք, որ մեր հողերը ետ պիտի բերենք»,  — ասաց Նորա Եագուպեանը։

Ռեպորտաժը պատրաստելիս նկատելի էր, որ զինուորների հետ անմիջականօրէն աշխատող մասնագէտները կանայք էին, որոնք մայրական գորովանքով աշխատում էին իւրաքանչիւր զինուորի հետ, նրանց հետ խօսում մայրաբար, ոչ թէ լոկ որպէս մասնագէտներ։  Այս վերջին պարբերութիւնում ես՝  այս հրապարակման հեղինակս, առաջին դէպքով պիտի գրեմ՝ ակամայ յիշեցի Գարեգին Նժդեհի խօսքերը․ «Մայրերի ափի մէջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»․ ես տեսայ այդ յուսալի ու ջերմ ափերը․․․

Յասմիկ Բալէեան
Մանրամասները՝ տեսանիւթում

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.