4 տարի առաջ այս օրը Արտակը երդուեց կեանքի գնով պաշտպանել հայրենիքը

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան ընկերները յիշել են, որ Արտակ Իշխանեանը 2016թ. դեկտեմբերի 26-ին համալրել է ՀՅ Դաշնակցութեան շարքերը.

«4 տարի առաջ հենց այս օրը մեր անձնուէր ընկերը համալրեց Դաշնակցութեան շարքերը։

Դաշնակցութեան պատանեկան, երիտասարդական միութիւնների դպրոցով անցած Արտակի հոգում իւրայատուկ արձագանգ էին գտնում մեր հերոսների մասին պատմութիւնները, նրանց սխրագործութիւնները։

Դաստիարակուելով այդ պատմութիւններով` դարձաւ նորօրեայ հերոսներից մէկը։

Չանմահանալով էլ նա կարող էր անձնազոհութեան, ընկերասիրութեան, նուիրուածութեան ու հայրենասիրութեան կենդանի օրինակ լինել»։

Արտակ Իշխանեանը անդամակցել է ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեանը (ԱԵՄ), մի քանի անգամ նշանակուել ՀՅԴ ԱԵՄ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ, իսկ վերջին շրջանում զբաղւում էր Արցախում ՀՄԸՄ կառոյցի արմատաւորման հարցերով՝ լինելով ՀՄԸՄ Արցախի միաւորի վարչութեան անդամ:

Նա զոհուել է 2020թ. հոկտեմբերի 31-ին՝ Արցախի Մարտունի քաղաքի մատոյցներում, հայրենիքի պաշտպանութեան համար մարտերում։ Մասնակցել է նաև Ապրիլեան պատերազմին:

Leave a Comment

You must be logged in to post a comment.