Նախագահ Սերժ Սարգսեան Թուրքիոյ ապագայ նախագահին հրաւիրեց Հայոց Ցեղասպանութեան 100–րդ տարելիցի օրը այցելել Հայաստան


 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Թուրքիոյ ապագայ նախագահին պաշտօնապէս հրաւիրեց 2015-ի Ապրիլ 24–ին այցելել Հայաստան, երբ կը նշուի Հայոց Ցեղասպանութեան 100–րդ տարելիցը։ 

Այս մասին նախագահ Սարգսեան յայտարարեց երեքշաբթի Երևանի մէջ` ելոյթ ունենալով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած նախաձեռնութիւնները համակարգող պետական յանձնաժողովի չորրորդ նիստին։ 

Նախագահ Սարգսեան իր խօսքին մէջ ըսաւ, թէ Անգարան կը շարունակէ խօսիլ պատմաբաններու յանձնաժողով ստեղծելու և արխիւները բանալու մասին: «Նախևառաջ յայտնի է, որ Հայաստանի արխիւները միշտ բաց են եղել բոլոր այն հետազօտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատութիւններում և թանգարաններում պահուող նիւթերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութեանն առերեսուելու համար արխիւային աշխատանք ընդհանրապէս չի պահանջւում: Բաւական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, և վկայությունները կը լցնեն ցանկացած ունկնդրի սիրտը», – շեշտեց նախագահը։ 

«Եթէ Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտութիւնը, ուրեմն նրանք պէտք է գան Հայաստան և Ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թէ դրանից յետոյ նրանք արխիւներ այցելելու մասին միտք հնչեցնել կը կարողանան։ Օգտուելով այս առիթից` պաշտօնապէս հրաւիրում եմ Թուրքիոյ նախագահին, ով էլ որ ընտրուի յառաջիկայ ընտրութիւնների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թուականի Ապրիլ 24-ին և առերեսուելու Հայոց Ցեղասպանութեան պատմութեան խօսուն վկայութիւններին», – ընդգծեց նախագահը։ 

«Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդէպ: Աւելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կը կարողանան շփուել միմիանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին», – աւելցուց Սատգսեան։ 


Leave a Comment

You must be logged in to post a comment.