Ամէն Օր Գիւմրիէն Հանրակառքերով Մարդիկ Կը Մեկնին Ռուսիա Եւ Թուրքիա


ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- «Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գիւմրիից, արտագաղթը վերջին շրջանում ահագնացող չափերի է հասել: Եթէ նախկինում գիւմրեցիները գարնանը գնում էին արտագնայ աշխատանքի, իսկ ձմրանը վերադառնում հայրենիք, ապա այսօր շատերն են ընտանիքներով անվերադարձ մեկնում», կը գրէ լրագրող Ռոզա Յովհաննիսեանը։
«Հետեւելով բնակարանների վաճառքի յայտարարութիւններին, ինչպէս նաեւ մեր շրջապատի տրամադրութիւններին՝ կարող եմ ասել, որ հիմա գնում են ընտանիքներով ու գնում են տարուայ բոլոր եղանակներին: Գիւմրիից ամէն շաբաթ մի քանի աւտոբուս մարդ է մեկնում Ռուսաստան ու Թուրքիա՝ արտագնայ աշխատանքի», «Լրագիր»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է Գիւմրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ Վահան Թումասեանը:
Ան նշած է, որ գիւմրեցիներուն մէջ քիչ չէ թիւը այն անձերուն, որոնք Թուրքիա կը մեկնին՝ այնտեղէն աշխատանքի առաջարկ ստանալով։ Գիւմերցիները նաեւ եւրոպական երկիրներ ու Միացեալ Նահանգներ կ՛երթան: Արտագաղթի առաջին պատճառն այն է, որ Շիրակի մարզին մէջ ընդհանրապէս, իսկ Գիւմրիի մէջ յատկապէս աղքատութեան ու անգործութեան մակարդակը բարձրագոյնն է. աղքատութիւն հոն 47.7 տոկոս է, անգործութիւնը՝ աւելի քան 50 տոկոս:
«Արտագաղթը նաեւ միջավայրի ու հոգեբանական պատճառներ ունի, վաղուայ օրուայ հանդէպ հաւատի բացակայութիւնը մարդկանց հոգեբանօրէն տրամադրում է, որ գնալն ամէն դէպքում ճիշդ է», նշած է ան։ Գիւմրիի քարուքանդ փողոցները, անընդհատ շարունակուող ու վերջ չունեցող բնակարանաշինութեան ծրագիրը, ըստ Վահան Թումասեանի, մարդիկը կը յուսահատեցնէ եւ զանոնք կը մղէ Գիւմրին լքելու։
«Չգիտեմ, իշխանութիւնների կողմից սա դիտաւորեալ է արւում, թէ ոչ: Ի՞նչ նպատակ ունեն, ինչո՞ւ են ձգտում, որ մարդիկ արտագաղթեն: Բայց սա միամտութիւն չի կարող լինել, ինձ թւում է՝ սա ինչ-որ նպատակ ունի: Անգամ քանդուած փողոցն այսօր հոգեբանօրէն ազդում է գիւմրեցու հոգեվիճակի վրայ: Ընդամէնը կենտրոնական մասում մի քանի փողոց վերակառուցեցին, մարդկանց մէջ որոշակի հաւատի նշոյլներ էր երեւում: Հասարակ բանից մարդիկ ոգեւորւում են, որովհետեւ առիթ են ման գալիս իրենց հայրենիքում  մնալու, առաւել եւս գիւմրեցիները», յայտնած է Վահան Թումասեանը: Ան իր շրջապատէն լսած է, որ արտագնայ աշխատանքի մեկնողները գոհ են աշխատանքի վարձատրութենէն:
Լուրջ ուսումնասիրութիւններ չեն կատարուած ճշդելու, թէ այսօր քանի բնակիչ ունի Գիւմրին: Երկրաշարժէն ետք շրջանին մէջ ապրած է 225-240 հազար մարդ: Վահան Թումասեանի համաձայն, տարբեր գնահատականներով, այսօր մօտ 80-90 հազար բնակիչ ունի Հայաստանի երկրորդ քաղաքը:
«Երեկոյեան վեցից յետոյ քաղաքում մարդ չես տեսնում, առաւօտեան ժամը տասին է քաղաքն արթնանում, ճնշող մթնոլորտ է՝ դատարկ փողոցներ: Մնացել են մարդիկ, ովքեր բնակարան ու միջոցներ չունեն, նպաստի ու թոշակի յոյսով են ապրում ու չեն կարող գնալ», նշած է Վահան Թումասեանը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.