Ստեփանակերտի ռազմական վարժարանի տղաքն ու աղջիկները

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

Լուսանկարները՝ Քնար Բաբայեանի

«Հորիզոն»

Ամէն օր ժամը  7:00-ին` վերկաց, առաւօտեան մարզանք՝ ձմրանը 20 րոպէ, եղանակային տաք պայմաններում՝ 30, լուացուել, անկողինների յարդարում, նախաճաշ, առաւօտեան ստուգում, ժամը 9:00-ից մինչեւ 14:00՝ դասաժամեր: 15:00-16:00 հանգստի ժամն է, ապա՝ ինքնապատրաստման, երեկոյեան՝ մարզական խմբակները: Այսպէս է անցնում 2001 թուականից Ստեփանակերտում գործող Քրիստափոր Իւանեանի անուան ռազմական վարժարանի 107 սաների առօրեան, որոնցից 17-ը՝ աղջիկ։

Ռազմական վարժարանի պետ Վահրամ Յակոբեանի այցը Մոսկուայի Սուվորովի անուան ռազմական ուսումնարան վճռորոշ եղաւ վարժարան՝ աղջիկների ոտք դնելու հարցում։ Այդպէս, կազմակերպվեց աղջիկների առաջին ընդունելութիւնը: Առաջին տարուայ համար վարժարան ընդունուեցին 3 աղջիկներ, որոնցից մէկը յետագայում թողեց ուսումը, միւս երկուսն արդէն մտածում են ռազմական բարձրագոյն կրթութեան մասին:

«Այն, որ աղջիկներից մէկը կարճ ժամանակ անց թողեց ուսումը՝ ե՛ւ լաւ է, ե՛ւ վատ: Լաւ է այն առումով, որ երեխան բաւական արագ կողմնորոշուեց եւ հասկացաւ, որ «ռեժիմային» կեանքն իր համար չէ, եւ ի զուր ժամանակ չկորցրեց: Վատ է այն իմաստով, որ նման անյաջող փորձը, այնուամենայնիւ, սթրես է երեխայի համար: Շատ կուզենայի հնարաւորինս խուսափել նման դէպքերից: Քանի որ մեր վարժարան գալիս են որպէս աւագ դպրոց. պէտք չէ մոռանալ, որ գործ ունենք բաւականին խոցելի տարիքային խմբի երեխաների հետ», բացատրում է Վ. Յակոբեանը:

Ք. Իւանեանի անուան ռազմական վարժարանում ընդունելութիւնը կատարւում է  9-րդ դասարանից սկսած՝ աւագ դպրոցի սկզբունքներով: Կրթութիւնն իրականացւում է հանրակրթական ծրագրերի բազայի վրայ, որին աւելանում են նաեւ խիստ մասնագիտական մի շարք առարկաներ:

Սաներն ուսումնարանում լինում են շաբաթական 6 օր: Շաբաթ օրը՝ կէսօրից յետոյ գնում են տուն ու վերադառնում յաջորդ Երկուշաբթի՝ առաւօտեան մարմնամարզութիւնից առաջ: Վարժարանում առայժմ գիշերում են միայն տղաները: 11 աղջիկ սաների համար այս պահին անհրաժեշտ յարմարութիւններ ապահովել են միայն միջօրէի հանգստի համար. գիշերակացի հարցը, յոյսով են, կը լուծուի արդէն միւս տարի: Այդ նպատակով վարժարանի ղեկավարութիւնը դիմել է վերադասներին՝ փոքրիկ շինութիւն յատկացնելու խնդրանքով, որտեղ աղջիկների համար հանրակացարան կը կառուցուի:

Քրիստափոր Իւանեանի անունը կրող ռազմական վարժարանի թուով 78 շրջանաւարտներ այսօր ուսադիրներով ծառայում են հայկական բանակի շարքերում, թուով 114 շրջանաւարտներ սովորում են Հայաստանի եւ արտերկրի տարբեր բարձրագոյն ռազմաուսումնական հաստատութիւններում։ «Հայրենիքի ապագայ պաշտպաններ պատրաստելը եւ կրթելը մեծ պատասխանատուութիւն է», շեշտել է Վ․ Յակոբեանը։

Զինուորական համազգեստ հագնելն ամենամեծ երջանկութիւնն է

Սվետլանա Ասրեանին զինուորական համազգեստ հագնելու երազանքն է հասցրել ռազմական վարժարան։ Որոշման ընդունման հարցում կարեւոր դեր է խաղացել նաեւ Ապրիլեան պատերազմի ընթացքում եղբօր վիրաւորուելու հանգամանքը։ Սվետլանայի երազանքն այդ օրերին դարձել է նպատակ։

«Ապրիլեան պատերազմի ժամանակ բոլորն էին առաջնագծում՝ հայրենիքը պաշտպանելու նպատակով, իսկ ես ոչնչով օգտակար չեղայ։ Հասկացայ, որ եթէ, Աստուած մի արասցէ, ապագայում եւս պատերազմ բռնկուի, ես նորից կը յայտնուեմ դիտորդի դերում։ Այդ փաստի հետ չէի կարող համակերպուել», ասում է Սվետլանան։

Ծնողների համաձայնութիւնն ստանալն ամենադժուարն էր։ Փաստի առաջ է կանգնեցրել ընտանիքին՝ կամ ուսումը շարունակելու է ռազմական վարժարանում, կամ էլ՝ ոչ մի տեղ։

«Որոշ յաջողութիւններ գրանցելուց յետոյ ծնողներս մեղմացան, հասկացան, որ իրենց աղջիկը տարբերւում է միւսներից. ընդունեցին, մերուեցին,- Սվետլանայի դէմքին ուրուագծուեց երջանիկ ժպիտ՝ յիշել էր պապիկի նախատումը՝ «Հեզիկ-նազիկ աղջիկները սեւ-սպիտակ հագուստ են հագնում, դու՝ զինուորական բոտինկաներ»,- Ա՜խր զինուորական համազգեստ հագնելն ամենամեծ երջանկութիւնն է ինձ համար։ Ռազմական վարժարանն աւարտելուց յետոյ ուսումս շարունակելու եմ բարձրագոյնում՝ համազգեստից չբաժանուելու համար»։

Ասում է, որ վարժարանն ու դպրոցը երկու բեւեռներ են։ Այստեղ սաները վատ սովորելու տարբերակ չունեն։ Բոլորն ունեն նպատակ, որը պահանջում է առաջադիմութիւն բոլոր առարկաներից, բոլոր ասպարէզներում։

«Դպրոցում դասերին մեծ ուշադրութիւն չէի դարձնում, իսկ այստեղ գերագոյն նպատակը կարծես թէ մոթիւացնում է ինձ»,- անկեղծանում է նա։

Արտաքուստ նուրբ Սվետլանայի բնաւորութիւնը եւս մեղմ է, սակայն նշում է, որ նպատակասլացութիւնն է օգնում յաղթահարել դժուարութիւնները՝ ֆիզիքական վարժութիւնները։

Երկուշաբթիից մինչեւ շաբաթ Սվետլանան ռազմական վարժարանում է, դասերից յետոյ շտապում է պարի եւ գորգագործութեան խմբակներին․ «Այսօր տղաների եւ աղջիկների միջեւ չկան խտրականութիւններ։ Հայրենիքը հզօրացնելու եւ ամուր պահելու խնդիր ունենք. պէտք է համախմբուենք եւ մէկ բռունցք դառնանք՝ մէկս միւսի թիկունքին, մէկս միւսի կողքին»,- ասում է պատանի զրուցակիցս։

Բոլորս մի ընտանիք ենք

Սիւզաննա Միրզոյեանը երբեք ցանկութիւն չի ունեցել ուսումը շարունակել ուժային հաստատութիւնում։ Ռազմական վարժարան է ընդունուել Արցախեան պատերազմի մասնակից եւ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր հայրիկի խորհրդով։

«Հայրիկս յաճախ էր պատմում պատերազմական օրերի մասին: Ասում էր, որ իսկական ընկերներին ձեռք է բերել հենց այդ օրերին՝ մի խրամատում նստած, ցուրտ ու մութ, սոված ու ծարաւ օրերին։ Այդ պատմութիւններն ինձ գերեցին, ցանկութիւն առաջացրին՝ ապրել այդ օրերը»,- ասում է երկրորդ գուրսի սանը։

Խօսելով վարժարանի առօրեայի մասին՝ նշում է, որ այստեղ սաներն իրենց մէջ ունեն չգրուած կանոններ՝ աղջիկները տղաների փոխարէն հարդուկն են անում, տղաներն էլ իրենց հերթին օգնութեան ձեռք են մեկնում աղջիկներին եւ մեծ եղբօր պէս միշտ իրենց թիկունքին են։

«Այստեղ բոլորս մի ընտանիք ենք՝ վարժարանի պետից սկսած մինչեւ սան»,- նշում է Սիւզաննան։

Ի տարբերութիւն Սվետլանայի՝ Սիւզաննան կարօտում է քաղաքացիական հագուստը։ Վարժարանի կանոններից չի մերւվում միայն՝ սանին վայել չէ շպարով զինուորական համազգեստ հագնել կանոնի հետ։

«Ի վերջոյ, աղջիկ եմ։ Ես էլ եմ ուզում աղջկական շորերով գնամ դասի»,- անկեղծանում է ռազմական բժիշկ դառնալու նպատակ ունեցող Սիւզաննան։

Սիրում եմ իմ առաջ խնդիր դնել ու հասնել լուծման

«Կեանքս վերածուեց մեծ տօնի, երբ իմացայ, որ ռազմական վարժարանում ընդունում են նաեւ աղջիկների,- ասում է Լենա Ամիրխանեանը, ում ընտանիքը 2013 թուականին է որպէս վերաբնակիչ հաստատուել Արցախի Քաշաթաղի շրջանում,- մայրիկս երբեք դէմ չի եղել իմ որոշումներին։ Վստահ է եղել իմ ուժերի վրայ»։

Ռազմական վարժարան Լենայի ընդունուելու որոշումը անյարմարութիւն է պատճառել միայն քրոջը, ով ստիպուած է եղել բարձրագոյն ուսումը շարունակել Արցախի պետական համալսարանում։ Այսօր քոյրերը վարձով ապրում են Ստեփանակերտում։

«Առաջին օրերին դժուար էր միայն այն իմաստով, որ ես նոր էի տեղափոխուել Արցախ ու բարբառի հետ կապուած խնդիր կար. շատ ժամանակ չէի հասկանում, թէ ի՛նչ են ասում ինձ։ Նաեւ մթնոլորտն էր անծանօթ՝ 15 հոգանոց գուրսում միայն երկու աղջիկ էինք»,- պատմում է Լենան ու նշում, որ որոշ ժամանակ անց բոլորն իրար որպէս քոյր ու եղբայր էին համարում։

Լենայի կեանքում հակասող ու նուրբ համընկնումներ շատ են եղել․ եօթ տարի յաճախել է դաշնամուրի, բայց տարբեր մարտարուեստներ եւս գրաւել են իրեն։ Նկարում ու բանաստեղծութիւններ է գրում, բայց հագնուելու առումով նախընտրում է սբորթային յարմարաւէտ հագուստը։

«Ես սիրում եմ վտանգը, սիրում եմ իմ առաջ խնդիր դնել ու հասնել լուծման։ Բնաւորութեամբ էլ ուժեղ եմ ու սկզբունքային։ Եթէ մի բան ասում, հաստատ խօսքիս տէրն եմ լինում»,- այսպէս է բնորոշում իրեն Լենան։

Ռազմական վարժարանի էտալոնը զինուորական համազգեստն է համարում։

«Ամէն առաւօտ ստիպուած չես լինում պատասխանել՝ ինչ հագնել հարցին։ Պատասխանը միշտ նոյնն է՝ հարդուկուած համազգեստ եւ փայլեցրած բոտինկաներ»,- գոհունակութեամբ ասում է նա։

Ապագայի մասին խօսելուց յիշում է մայրիկին տուած խոստումը՝ ռազմական բժիշկ դառնալը։ Այսօր երկրորդ գուրսի ուսանողուհուն աւելի շատ գրաւում է հակաօդային պաշտպանութիւնը կամ համազօրային ծառայութիւնը։

«Ռազմական բժիշկ դառնալու խոստումը մայրիկիս համոզելու միջոցն էր։ Դեռեւս երկու տարի ունեմ մասնագիտութիւն ընտրելու համար։ Հիմիկուանից պէտք է անցնեմ մայրիկիս համոզելու գործին»,- ժպտում է Լենան։

Այստեղ կը գտնէք ինքներդ ձեզ

Արմէն Բաղրեանի խօսքով՝ իր հարազատները սկզբից լաց ու կոծով էին ճանապարհել իրենց չարաճճի ու խնդիրների մէջ սահուն կերպով մտնող զաւակին ռազմական վարժարան։ Յետոյ, երբ մի քանի շաբաթ անց դուռը ծեծեց լրջացած ու հասուն տղամարդը, ծնողներն խորը շունչ քաշեցին։

«Դպրոցական տարիներին ամբողջ օրը կռիւների ու ռազբորկաների մէջ էի։ Վարժարանում, սակայն, ամէն ինչ այլ է։ Այստեղ դէմ յանդիման ես քո խղճի։ Այստեղ մեծանում ու հասունանում ես։ Այլեւս չես մտածում անիմաստ ինտերնետային խաղերի ու ապարդիւն վէճերի մասին։ Այստեղ խաղն իրական է։ Հերոսը՝ դու ես։ Քեզանից է կախուած՝ յաղթելո՞ւ ես, թէ պարտուելու», ասում է Արմէնը։

Այսօր մեծացած պատանին փոխել է նաեւ ընկերական շրջապատը․ «Ընկերներիս հետ չեմ կարողանում շփուել, ընդհանուր թեմաներ չունենք, իրենք երեխայական բաներ են մտածում, անում։ Ասում եմ՝ եթէ խելացի էք, լսէք խորհուրդս եւ ընդունուէք ռազմական վարժարան։ Հաստատ չէք փոշմանի։ Այստեղ կը գտնէք ինքներդ ձեզ», հպարտ-հպարտ կեցուածքով ասում է ապագայ զինուորականը։

Մենք միշտ առաջնագծում ենք լինելու

Զինուորական դառնալը ժառանգաբար է փոխանցվել Ռոպերթ Աւանէսեանին։ Հայրը Արցախեան պատերազմից յետոյ է անցել զինուորական ծառայութեան։ Աչքի առաջ միշտ ունենալով հօր կերպարը՝ որոշել էր, որ ինքն էլ է ռազմական գործիչ դառնալու։

«Ամենադժուարը առաւօտեան վերկացին սովորելն էր։ Տանը հեշտ էր, զարթուցիչը հինգ րոպէ առաջ տալու տարբերակ ունէիր. այստեղ առաջին վերկացից հինգ րոպէ անց պէտք է հագնուած, անկողինդ հաւաքած լինես», պատմում է Ռոպերթը։

Սբորթմասսայական, ռազմակիրառական եւ մշակութաժամանցային միջոցառումներն է սիրում Ռոպերթը։ Բարձրագոյն ուսումը ցանկանում է շարունակել հրետանային գծով։

«Գիտակցաբար եմ ընդունուել ռազմական վարժարան եւ գիտակցաբար եմ ցանկանում շարունակել ուսումս։ «Վախ» բառը հայոց լեզուի առարկայով չեմ անցել, չգիտեմ ինչ է դա նշանակում, քանզի եթէ հարցը վերաբերում է մեր հայրենիքին, վախենալու բան չպէտք է լինի,- զինուորական համազգեստով 16-ամեայ փոքրամարմին պատանին իր տարիքից աւելի մեծ էր երեւում. այս խօսքերն ասելուց կարծես թէ զրուցում էի մի ամբողջ կեանք ապրած մարդու հետ,- մեր պետութեանը շատ մասնագիտացուած սպաներ են պէտք։ Հայրենիքը պաշտպանելու խնդիր ունենք։ Մենք միշտ առաջնագծում ենք լինելու»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.