Փետրուարեան Ապստամբութիւն
Փետրուարեան ապստամբութիւն՝ 1921 թուականի Փետրուարի 13ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում: Ճնշուել է 1921 թուականի Ապրիլի 2ին՝ բոլշեւիկների կողմից Երեւանի վերագրաւումով: Խորհրդային մամուլում յիշատակւում էր որպէս Փետրուարեան խռովութիւն:
1920 թուականի Դեկտեմբերին, Հայաստանի խորհրդայնացումից յետոյ ձերբակալուեցին Հայաստանի Հանրապետութեան շուրջ 1000 պաշտօնեաներ, այդ թւում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցներ: Նրանցից շատերն սպանուեցին, միւսներն էլ ուղարկուեցին Բաքուի եւ Ռուսաստանի բանտեր:
1921թ. Փետրուարի 13ին սկսուեց ապստամբութիւնը, որի ազդանշանը տուեցին Արագածի ստորոտում վերաբնակուած սասունցիները: Հայաստանում ժողովրդական ապստամբութիւնը եւ քաղաքացիական կռիւներն սկսուեցին տարերայնօրէն եւ ընդգրկեցին մի շարք շրջաններ:
Ժողովրդական զինուած պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը: Փետրուարի 16-18ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանութիւնը վերցրին իրենց ձեռքը: Փետրուարի 18ին ապստամբ ուժերը Կուռօ Թարխանեանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխաւորութեամբ մտան Երեւան: Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11րդ բանակի զօրամասերը դուրս էին բերուել Հայաստանից՝ Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար: Երեւանում ստեղծուեց «Հայրենիքի փրկութեան կոմիտէ» նախկին վարչապետ Սիմոն Վրացեանի նախագահութեամբ, ով հրապարակեց հրաման.
«Բոլշեւիկեան իշխանութիւնը Հայաստանում վերացուած է: Մինչեւ կառավարութեան կազմուելը ամբողջ իշխանութիւնը գտնւում է Հայրենիքի փրկութեան կոմիտէի ձեռքում». Սիմոն Վրացեան։
Մինչեւ հետ քաշուելը՝ բոլշեւիկները մէկ գիշերուայ ընթացքում կացնահարեցին Երեւանի բանտում պահուող գրեթէ բոլոր բանտարկեալներին: Նրանց մեծ մասը նախկին պաշտօնեաներ ու ռազմական գործիչներ էին, ում բոլշեւիկները ձերբակալել էին իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ: Սպանուածների թւում էին Համազասպ Սրուանձտեանը, գնդապետ Ղորղանեանը, ֆիդայիներ Սերգօն, Մարկեդոնը, Գրիգորը եւ այլք:
Խորհրդային Հայաստանի պետական եւ բոլշեւիկեան կուսակցութեան ղեկավար մարմինները Հայաստանի բանակի իրենց հաւատարիմ ուժերով եւ 2 զրահագնացքով հեռացան Երեւանից: Նրանք կենտրոնացան Ղամարլու (Արտաշատ) – Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, ընկնելով ապստամբների շրջապատման մէջ: Խորհրդային իշխանութիւնը պահպանուեց հիմնականում Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Վանաձոր) – Դիլիջան – Շամշադին (Տաւուշ) գօտում:
Ապստամբութիւնը յենւում էր ժողովրդական զանգուածների, առաջին հերթին արեւմտահայ գաղթական բնակչութեան աջակցութեան վրայ: Ռազմական գործողութիւններն սկզբում ընթանում էին փոփոխակի յաջողութեամբ, իսկ ռուսական զօրամասերի վերադարձից յետոյ ուժերի յարաբերակցութիւնը դասաւորուեց ի վնաս ապստամբների: Ռուսական 11րդ բանակի ուժերով կազմաւորուեց Երեւանի ուղղութեան զօրքերի խումբ, որը խնդիր ստացաւ ճնշել ապստամբութիւնը եւ գրաւել Երեւանը: Երեւանի վրայ յարձակումը կատարւում էր Սեւանի եւ Համամլուի (Սպիտակ) ուղղութիւններից:
1921ի Մարտի 16ին Մոսկուայում Բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ կնքւում է բարեկամութեան եւ եղբայրութեան պայմանագիր: Մարտի 20ին ռուսական բանակի ռազմական խորհրդի անդամ Գէորգի Օրջոնիկիձէն վերջնագիր է ներկայացնում Հայաստանին: Վերջնագիրը Թիֆլիսից Երեւան է բերում բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը: Սակայն Թումանեանին չի յաջողւում համոզել Վրացեանին, եւ վերջնագիրը մնում է անպատասխան:
ՊԱՐՏՈՒԹԻՒՆ
Զոհերից խուսափելու համար 11րդ բանակի ռազմական խորհրդի անդամ Գէորգի Օրջոնիկիձէն Մարտի 20ին վերջնագիր ներկայացրեց Հայրենիքի փրկութեան կոմիտէին: Նոյն օրը Թիֆլիսից Երեւան ժամանեց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը: Նա հանդէս էր եկել յօդուածներով եւ ներազգային պայքարն ու մարդկային զոհեր տալը համարում էր բախտախնդիրների գործ: Ազգային մեծ գործիչը ցաւ էր ապրում ժողովրդի արիւնը թափելու համար: Նրա համար գլխաւորը համազգային շահերն էին, հաշտութիւնը, ուստի Կարմիր բանակին եւս կոչ էր անում դադարեցնել անիմաստ պատերազմը: Խորհրդային զօրքերը Ապրիլի 2ին մտան Երեւան, որտեղ վերահաստատուեց խորհրդային իշխանութիւնը:
Ապստամբները, հաշուի առնելով ուժերի խիստ անհաւասարութիւնը եւ խուսափելով նոր զոհերից, այլեւս դիմադրութիւն ցոյց չտուեցին: Նրանք Բաշ-Գեառնիի վրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակւում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը: Հայաստանում խորհրդային իշխանութեան յաղթանակն անխուսափելի էր, քանի որ այդ իշխանութեան թիկունքում կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը:
Ապստամբների սկզբնական խնդիրն ընկերներին բանտարկութիւնից ազատելն էր, որը եւ լուծուեց: Այնուհետեւ իշխանութեան գրաւումը, ուժերի գոյութիւն ունեցող յարաբերակցութեան պայմաններում, հեռանկար չունէր: Դաշնակցութեան կողմից քաղաքացիական պատերազմի բորբոքումը իզուր արիւն թափել ու զոհեր տալ էր նշանակում եւ չէր բխում ազգային շահերից:
Ապստամբութիւնը բացասական ազդեց Հայաստանի ոչ միայն ներքին կեանքի, այլեւ արտաքին յարաբերութիւնների տեսանկիւնից: Ապստամբութեան օրերին Մոսկուայում ընթացող Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա բանակցութիւնները յանգեցրին Հայաստանի համար ոչ ձեռնտու պայմանագրի կնքմանը:
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Ապստամբութեան ճնշումից յետոյ Հայաստանի Ռազմյեղկոմը վերակառուցուեց Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Ժողկոմխորհ), որի նախագահ նշանակուեց Ալեքսանդր Միասնիկեանը (1886-1925): Նա Հայաստան եկաւ ՌԿ Կենտկոմի որոշումով: Մինչ այդ նա արդէն ճանաչուած գործիչ էր եւ Բելառուսում ու Ռուսաստանում ձեռք էր բերել ղեկավար աշխատանքի մեծ փորձ: Չնայած իր կարճատեւ (շուրջ մէկ տարի) գործունէութեանը, նա մեծ դեր խաղաց Հայաստանում քաղաքական լարուածութեան մեղմացման, հայ մտաւորականութեանը Հայաստանում համախմբելու, երկիրը խաղաղ շինարարութեան ուղի փոխադրելու գործում: Այնուհետեւ Ալեքսանդր Միասնիկեանը ղեկավար աշխատանքի տեղափոխուեց Թիֆլիս (Անդրկովկասեան դաշնութիւն): 1925 թուականին նա զոհուեց ինքնաթիռի վթարից:
ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Միջազգային հանրութիւնը չաջակցեց ապստամբութեանը, որովհետեւ նոր էր ապաքինւում Առաջին Համաշխարհային պատերազմի վէրքերից: Ապստամբութեան ժամանակ՝ Մարտի 16ին, Քեմալական Թուրքիան եւ Բոլշեւիկեան Ռուսաստանը Մոսկուայում ստորագրեցին ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագիրը, որով Ռուսաստանն եւ Թուրքիան պայմանաւորուեցին կիսել Հայաստանը: Ռուսաստանը 4 օր անց վերջնագիր ներկայացրեց Հայաստանին, եւս 5 օր յետոյ զօրք մտցրեց Հայաստան, միաժամանակ Թուրքիան զօրք մօտեցրեց Հայաստանի սահմաններին: Չունենալով բաւարար միջոցներ ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար, Հայաստանի ղեկավարութիւնը, զինուորականները, հարիւրաւոր հոգեւորականներ, մտաւորականներ եւ սպաներ հեռացան Հայաստանից:
ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Ապստամբութեան շնորհիւ բանտերից եւ վերահաս հալածանքներից ազատուեցին Յովհաննէս Քաջազնունին, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, պետական գործիչներ, հայ հոգեւորականներ, մտաւորականներ եւ սպաներ: Գարեգին Նժդեհի պայքարի, ինչպէս նաեւ ապստամբութեան ազդեցութեան շնորհիւ Զանգեզուրը չտրուեց Ադրբեջանին, այլ մնաց Հայաստանի կազմում: Ապստամբութեան պատմութիւնը խորհրդային բռնազաւթման տարիներին ոգեշնչել է Ազգային միացեալ կուսակցութեան անդամներին եւ անկախութեան պայքարի միւս նուիրեալներին: