Վիտալի Բալասանեանի «Արդարութիւն» կուսակցութիւնը միանում է Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին

Վիտալի Բալասանեանի «Արդարութիւն» կուսակցութիւնը միանում է Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին, այս մասին քաղաքական ուժը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ

Արդէն 45 օր է Արցախի և Ատրպէյճանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր:

45 օր շարունակ քաղաքական, դիւանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու յորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանեանի հետ մէկտեղ, Արցախի և Հայաստանի իշխանութիւններին ենք ներկայացրել բազմաթիւ առաջարկութիւններ, այդ թւում իրավիճակի շտկմանն ուղղուած առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործուած, իսկ Ազգային Ժողովում հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետութեան քաղաքական խշխանութիւնների ոչ համարժէք գործողութիւնների մասին:

Այս ընթացքում իշխանութիւնն ի ցոյց դրեց իր բացայայտ անկարողութիւնը, ներքին եւ արտաքին մարտահրաւէրները դիմակայելու անընդունակութիւնը:

Արցախի «Արդարութիւն». Կուսակցութիւնը փաստում է, որ այս իրավիճակի ողջ պատասխանատուութիւնը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանութիւնները, որոնք չձերբազատուեցին անսխալականութեան իրենց բարդոյթից՝ հայկական երկու պետութիւնները կանգնեցնելով ծանր իրողութիւնների, մարդկային, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագոյն կորուստների առջեւ:

Նիկոլ Փաշինեանը 2,5 տարի փակուղի մտցրեց բանակցութիւնները՝ հակասական յայտարարութիւններով կաթուածահար անելով գործընթացը՝ (Արցախը Հայաստան է և վերջ, լուծումը պէտք է ընդունելի լինի նաև Ատրպէյճանին, ինչ պէտք է այն էլ բանակցում ենք և այլն);

2,5 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինեանը և իր վարչակազմը վարկաբեկեց անուանի գեներալների, թիրախաւորեցին ազգային արժէքները, եկեղեցին, հայոց լեզուն և պատմութիւնը, ռազմահայրենասիրական դաստիրակութիւնը:

Պատերազմի 45 օրերի ընթացքում յաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին՝ բազմաթիւ զոհերից ու Արցախի մեծ մասի կորստից յետոյ ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ ընդորում դա արեց ժողովրդից գաղտնի, թէպէտ խոստացել էր, որ հիմնախնդրի ցանկացած ընդունելի լուծում կը քննարկի ժողովրդի հետ՝ Հանրապետութեան հրապարակում:

Խայտառակ փաստաթղթի ստորագրումից յետոյ, բացարձակապէս կտրուած լինելով իրականութիւնից, Նիկոլ Փաշինեանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախ նախկին իշխանութիւնների, ապա բանակի ու ժողովրդի վրայ՝ զուգահեռաբար քաղաքացիական բախումներ հրահրող յայտարարութիւններ անելով:

Մեր կուսակցութիւնը համոզուած է, որ անկախ մեղաւորներ փնտրելու ջանքերից, Փաշինեանը Հայոց պատմութեան մէջ մնալու է որպէս Արցախը ժողովրդից թաքուն յանձնած դաւաճան, որը դեռ խաղաղ հեռանալու շանս ունի:

Սիրելի հայրենակիցներ, քոյրեր և եղբայրներ.

Օրհասական այս պահին Արցախի Արդարութիւն կուսակցութիւնը կոչ է անում բոլորին միանալ Հայաստանում գործունէութիւն ծաւալող այն քաղաքական ուժերին, որոնք անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում են ստեղծուած աղետալի վիճակի համար պատասխանատու Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Փաշինեանի եւ նրա կառավարութեան ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը:

Արցախի «Արդարութիւն» կուսակցութիւն»:

Յիշեցնենք՝ ՀՀ քաղաքական կուսակցութիւնները յայտարարութիւն են տարածել, որտեղ անդրադառնում են Արցախում ստեղծուած իրադրութեանը և պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.