Վազգէն Մանուկեանը մէկ տարի անց կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ․ Հայրենիքի փրկութեան շարժման յայտարարութիւնը
Նիկոլ Փաշինեանը և նրա վարչախումբը, ըստ էութեան, երկիրը տարան կապիտուլիացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագոյն կորուստների առջև, փոշիացնելով տասնեակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգութիւնը: Կատարուածն ազգային աղէտ է և դաւաճանութիւն, որի քաղաքական ու իրաւական ամբողջական գնահատականը կը տրուի առաջիկայում:
Ն. Փաշինեանի և նրա վարչախմբի գործունէութեան իւրաքանչիւր ժամը մեր պետականութիւնը հիւծող և ՀՀ քաղաքացիների անվտանգութեանն ուղղուած սպառնալիք է:
Ակնյայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողուած վարչախումբն անկարող է դիմագրաւել աշխարհաքաղաքական մարտահրաւէրները, յաղթահարել երկրում օրաւուր խորացող քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեբարոյական ճգնաժամը:
Նոր որակի իշխանութեան ձևաւորումը հրամայական է:
Ելնելով ստեղծուած իրավիճակից, հաշուի առնելով հանրութեան լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցութիւնների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևաւորելով Հայրենիքի փրկութեան շարժում:
Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցութիւնների, մտաւորականութեան և հասարակութեան լայն շրջանակների ներկայացուցիչների:
Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը յայտարարում է.
- Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատուել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարութիւն, որը կը կանխի Հայաստանի պետականութեան կորուստը, կ՚իրականացնի երկրի հետպատերազմեան առողջացումը, կ՚աշխատի ազգային-պետական շահերի վրայ հիմնուած ներքին և արտաքին քաղաքականութեան, քաղաքացիների անվտանգութեան երաշխաւորման բարձրացման ուղղութեամբ և կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:
- Որպէս անցումային կառավարութեան ղեկավար՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդիւնաւէտ բանակցութիւններ վարելու կարողութիւն, ներքին համերաշխութիւն և համազգային համախմբուածութիւն ապահովելու կամք ու վճռականութիւն:
- Վազգէն Մանուկեանը վարչապետ դառնալուն պէս կասեցնելու է իր կուսակցական գործունէութիւնը, պարտաւորւում է յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտօնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականութիւն՝ մէկ տարի յետոյ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ ԸՕ-ին համապատասխան հաւասար պայմաններ երաշխաւորելով քաղաքական բոլոր ուժերի համար:
- Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 1500-ին, Ազատութեան հրապարակում հրաւիրուած համազգային մեծ հանրահաւաքին կը ներկայացնի նոր կառավարութեան առաջնահերթ գործողութիւնները և հակաճգնաժամային քայլերը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկութեան շարժմանը իւրաքանչիւրիդ մասնակցութիւնն անհրաժեշտութիւն է:
Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդ