Սփիւռքի Քաղաքականութեան Ռազմավարութեան Հայեցակարգը. Նախագիծ

Փաստաթուղթը պատրաստել են՝ ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը եւ ՀՀ Սփիւռքի նախարարի խորհրդական Վահէ Սահակեանը։

Նախնական այս տարբերակի մշակումն իրականացուել է Սփիւռքի ուսումնասիրութուններով զբաղուող հետեւեալ մասնագէտների հետ խորհրդակցութեամբ՝

Խաչիկ Թէօլէօլեան (Ուեզլեյեան համալսարան, ԱՄՆ, Diaspora: A Journal of Transnational Studies գիտական ամսագրի հիմնադիր եւ խմբագիր),
Հրաչ Չիլինկիրեան (Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա),
Արա Սանճեան (Միչիգանի համալսարան-Դիրբորն, ԱՄՆ)
Ռազմիկ Փանոսեան (Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրէն, Պորտուգալիա)

Հայեցակարգում ներառուած են նաեւ իրենց կողմից հնչեցուած առաջարկութիւնները եւ կարծիքները, սակայն հայեցակարգի բոլոր հատուածների մշակումն իրականացուել է Մխիթար Հայրապետեանի եւ Վահէ Սահակեանի կողմից:

Հայեցակարգի շրջանակներում «սփիւռք» հասկացութիւնը սահմանել ենք շատ լայն, որ ընդգրկում է բոլոր նրանց, ովքեր Հայաստանում չեն ապրում, այլ երկրների մշտական բնակիչներ կամ քաղաքացիներ են, իրենց որեւէ կերպ հայ են համարում, ունեն հայկական ծագում կամ արմատներ:

Խորհրդային Եւ Անկախ Հայաստանի Իշխանութիւնների Վարած Սփիւռքի
Քաղաքականութիւնների Անցեալն Ու Ներկան

Հայաստանի խորհրդայնացումից մինչ այսօր, եթէ (խորհրդային կամ անկախ) Հայաստանի իշխանութիւնները վարել են Սփիւռքի քաղաքականութիւն, ապա այդ քաղաքականութիւնները եղել են հայաստանակենտրոն եւ միտուած են եղել ողջ Սփիւռքի կամ դրա այս կամ այն հատուածների վրայ հայաստանեան իշխանութիւնների ու ներհայաստանեան օրակարգերի պարտադրմանը:

Սփիւռքի քաղաքականութիւնները խորհրդային եւ հետխորհրդային Հայաստանի տարիներին նպատակ են ունեցել.

ա) ծառայեցնել Սփիւռքի միջոցները (հիմնականում ֆինանսական) խորհրդային կամ անկախ Հայաստանի զարգացման ծրագրերին,

բ) Հայաստանը դարձնել բոլոր հայերի հայրենիքը (չնայած այն հանգամանքին, որ ցեղասպանութիւնից փրկուածներն ու իրենց սերունդներն այդ Հայաստանում երբեք չէին ապրել),

գ) կազմակերպել հայրենադարձութիւն, վերադարձ դէպի հայրենիք,

դ) Խորհրդային եւ յետագայում անկախ Հայաստանի քաղաքական ազդեցութիւնը եւ հայաստանեան (հիմնականում արեւելահայ) մշակոյթը տարածել սփիւռքեան գաղութների վրայ:

Այս բոլորը դրսեւորուել են թէ՛ 1920-1930ականներին Հայ օգնութեան կոմիտէի գործունէութեան եւ Հայաստանի խորհրդային իշխանութիւնների, թէ՛ 1946-48ի դրամահաւաքների ու «Մեծ հայրենադարձութեան» տարիների, թէ՝ 1960-1980ականներին Սփիւռքի հետ մշակութային կապերի կոմիտէի եւ թէ՛ անկախութեան տարիներին Համահայկական հիմնադրամի, 1998-2008 Ռ. Քոչարեանի կառավարութեան, իսկ 2008-2018 ՀՀ Սփիւռքի նախարարութեան վարած քաղաքականութիւններում:

Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների գրեթէ մէկդարեայ պատմութիւնը ցոյց է տուել, որ նաեւ այսպիսի քաղաքականութիւնների արդիւնքում՝

– Սփիւռքի ողջ ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսները, մեծ առումով, Հայաստան չեն ուղղուել,

– ողջ Սփիւռքը չի ենթարկուել հայաստանեան այս կամ այն իշխանութիւնների պարտադրած քաղաքական, մշակութային եւ արժէքային օրակարգերին,

– արտերկրում ծնուած եւ մեծացած, իրենց երկրներում եւ իրենց ոլորտներում մեծ յաջողութիւններ արձանագրած Սփիւռքի երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդները մեծ մասամբ անհաղորդ են դարձել հայաստանեան իրադարձութիւններին եւ տարբեր պատճառներով հեռացել են նաեւ սփիւռքեան աւանդական կառոյցներից ու կազմակերպութիւններից,

– հայկական խիստ բազմազան Սփիւռքի միայն փոքր մասն է այսօր ընդգրկուած սփիւռքեան տարբեր միաւորումներում, կազմակերպութիւններում կամ նախաձեռնութիւններում եւ միայն փոքր մասն է հետեւողականօրէն հետաքրքրւում Հայաստանի Հանրապետութեան խնդիրներով,

– Սփիւռքի մի ստուար զանգուած տարերայնօրէն ակտիւանում է միայն Հայաստանում որեւէ ճգնաժամային իրավիճակ առաջանալիս, ինչպիսին էր, օրինակ, 1988ի երկրաշարժը կամ կամ Արցախեան պատերազմը:

Սփիւռքի Քաղաքականութեան Վերագնահատման
Պատմական Հնարաւորութիւնը

Թաւշեայ յեղափոխութիւնն այլ խիստ կարեւոր հարցերի շարքում նաեւ ստեղծել է պատմական ամենաբարենպաստ պահը, երբ Հայաստան պետութիւնը կարող է վերագնահատել Սփիւռքի հետ համագործակցութեան մօտեցումները եւ արմատապէս վերանայել Սփիւռքի նկատմամբ վարած իր քաղաքականութիւնը:

Հայաստանը կարեւոր դեր կարող է ունենալ Սփիւռքի բազմազան շրջանակներին հայաստանակենտրոն ու ոչ հայաստանակենտրոն տարբեր ծրագրերում ներգրաւելու եւ նրանց սոցիալական, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապիտալը Հայաստանի կամ Սփիւռքի կարեւորագոյն խնդիրների լուծման նպատակով հաւաքագրելու աշխատանքներում: Աւելին, Սփիւռքում շատերն ակնկալում են, որ Երեւանը կարող է դառնալ հէնց այն «չէզոք» վայրը, ուր սփիւռքահայ տարբեր շրջանակներ կարող են հանդիպել եւ քննարկել իրենց յուզող խնդիրները, մտածել այդ խնդիրների լուծման ուղղութիւնների շուրջ:

Պատմական փորձը ցոյց է տալիս, որ Սփիւռքի հետ մէկ օրակարգով հնարաւոր չէ արդիւնաւէտ աշխատել: Սփիւռքը բազմաշերտ է, եւ Սփիւռքի համայնքների, կազմակերպութիւնների ու անհատների հետ աշխատանքներում պէտք է ունենալ բազմակի օրակարգեր ու դինամիկ քաղաքականութիւններ: Սփիւռքի նկատմամբ նոր քաղաքականութեան նպատակը երկարաժամկէտ հեռանկարում պէտք է լինի ուժեղ Հայաստանի կայացումը եւ ուժեղ Սփիւռքի գոյութիւնը: Մեր պատկերացմամբ, ուժեղ Սփիւռք ունենալու գաղափարը չի հակասում ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին եւ ընդհակառակը՝ ուժեղ Հայաստանի կառուցումը չպէտք է ենթադրի Սփիւռքի միջոցների սպառում եւ սփիւռքեան կազմակերպութիւնների, միութիւնների, համայնքների թուլացում իրենց երկրներում: Սփիւռքի նկատմամբ սպառողական ու չհամակարգուած քաղաքականութիւնը կարող է կարճաժամկէտ հեռանկարում Հայաստանի համար շահ ապահովել, բայց հեռահար ժամկէտում՝ նուազեցնել կամ սպառել Սփիւռքի ներուժը: Սփիւռքի հետ համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցութեան ցանկացած գործելակերպ պէտք է խարսխուած լինի հէնց հեռահար արդիւնաւէտութեան հաշուարկի վրայ:

Առանձին խնդիր է Սփիւռքի ճանաչողութեան հարցը: Եթէ հրէական, աֆրիկեան, չինական, հնդկական կամ այլ սփիւռքների մասին բազմաթիւ լուրջ գիտական ուսումնասիրութիւններ կան, տարբեր երկրներում ձեւաւորուած հայ սփիւռքեան բամազան ինքնութիւնների ու համայնքների մասին շատ քիչ ուսումնասիրութիւններ կան: Այդ պատճառով, անհրաժեշտ է նաեւ ունենալ արդի սփիւռքագիտական տեսական ու համեմատական ուսումնասիրութիւններին հաղորդակից հայ Սփիւռքի ուսումնասիրութեան կենտրոններ տարբեր երկրներում, որ պարբերաբար նոր գիտելիքներ կը ստեղծեն եւ տուեալներ կը հաւաքագրեն Սփիւռքի բազմազան համայնքների, նրանց խնդիրների, հայկականութեան բազմազան դրսեւորումների, Սփիւռքի այս կամ այն համայնքներում առկայ հմտութիւնների, հնարաւորութիւնների, միջոցների եւ շատ այլ հարցերի շուրջ (Հայաստանում եւ մի քանի այլ երկրներում այդպիսի կենտրոններ կան, սակայն դրանց կարեւոր մասը գործել եւ գործում են միջազգային տեսական ու համեմատական սփիւռքագիտական փորձից անկախ, հայ Սփիւռքի մասին եղած որոշ աւանդական պատկերացումների համատեքստերում): Այսպիսի կենտրոնների կողմից իրականացուող հայ Սփիւռքի նորարարական ուսումնասիրութիւններին ու հետազօտութիւններին հաղորդակից լինելը հնարաւորութիւն կ՛ընձեռի մշակելու Սփիւռքի աւելի իրատեսական քաղաքականութիւններ:

Սփիւռքի նկատմամբ նոր քաղաքականութիւններ մշակելու եւ դրանք հետեւողականօրէն իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ որակապէս եւ գաղափարապէս նորովի աշխատող, արդիւնաւէտ լայն լիազօրութիւններով պետական մասնագիտացած գերատեսչութիւն՝ նախարարութեան կարգավիճակով:

Նորացուած Սփիւռքի Նախարարութեան Տեսլականն Ու Առաքելութիւնը

Նորացուած Սփիւռքի նախարարութիւնը պէտք է ծառայի «Ուժեղ Հայաստան-Ուժեղ Սփիւռք» տեսլականին: Այս տեսլականին ուղղուած՝ նախարարութեան հիմնական առաքելութիւնը կարող է լինել՝

– Հայաստանի պետական շահերի պաշտպանութեան եւ սոցիալ-տնտեսական զարգացման ու ռազմավարական այլ նպատակների համար Սփիւռքի ներուժի հաւաքագրումը,

– Սփիւռքի բազմազան շրջանակների հետ համագործակցութեամբ ու համատեղ Սփիւռքի ներուժի վերարտադրութեանն ու Սփիւռքի ուժեղացմանն ուղղուած ծրագրերի մշակումն ու իրագործումը:

Սփիւռքի ուսումնասիրութիւնների տեսութիւնն ու պրակտիկան ցոյց են տալիս, որ սփիւռքների սահմաններն անորոշ են եւ այդ իմաստով Սփիւռքում ներկայացուցչական մարմինների ստեղծումը գործնականում անիրագործելի է:

Սփիւռքի նախարարութիւնը, սակայն, պարբերաբար տեղեկանալով Սփիւռքի բազմազան շրջանակների, խմբաւորումների, համայնքների խնդիներին, տարբեր ու բազմազան շրջանակների հետ մշտական կապի եւ քննարկումների մէջ լինելով եւ վայելելով այդ շրջանակների վստահութիւնը՝ կարող է նրանց ներկայացնողն ու ներկայացուցիչը դառնալ Հայաստանում եւ ՀՀ կառավարութիւնում:

Ինչպէս, օրինակ, գիւղատնտեսութեան կամ կրթութեան նախարարութիւնը միաժամանակ ներկայացնում են ինչպէս պետութեան, այնպէս էլ՝ այդ ոլորտում աշխատողների եւ այդ ոլորտում գործող կառոյցների շահերը, Սփիւռքի նախարարութիւնն էլ կարող է հանդիսանալ այդ միջնորդ կառոյցը, որ Հայաստանը կը ներկայացնի Սփիւռքում, եւ Սփիւռքի բազմազան շահերի ներկայացնողը կը լինի Հայաստանում: Ուժեղ Հայաստան եւ ուժեղ Սփիւռք ունենալու տեսլականի իրագործման համար Սփիւռքի հետ յարաբերութիւնները պէտք է կառուցուեն փոխշահաւէտութեան սկզբունքով, որոնք Հայաստանի զարգացմանը զուգահեռ կը նպաստեն նաեւ Սփիւռքի բազմազան շրջանակների կարողութիւնների եւ ներուժի հարստացմանը:

Այս տեսլականին ու առաքելութեանը ծառայող նորացուած Սփիւռքի նախարարութիւնը կարող է լինել այն գերատեսչութիւնը՝

ա) որ կը մշակի Սփիւռքի նորարարական քաղաքականութեան ռազմավարութիւնը, նպատակները, խնդիրները; որ կը ստեղծի Սփիւռքի քաղաքականութեան արդիւնաւէտութեան գնահատման մեխանիզմներ՝ մշտական խորհրդատուական խորհրդում Սփիւռքը լաւ ճանաչող մասնագէտների ներգրաւմամբ ու նրանց աջակցութեամբ, որ նոյն խորհրդի աջակցութեամբ կը մշակի կարճաժամկէտ քաղաքականութիւններ, որոնք կը լինեն իրատեսական, փոխշահաւէտ, ուղղուած կը լինեն Հայաստանի զարգացմանը եւ միտուած կը լինեն սփիւռքեան բազմազան համայնքների կարիքներին:

բ) որ այլ երկրների կառավարութիւնների հետ համագործակցութեամբ կը մշակի եւ կ՛իրագործի Սփիւռքի տեղական ներուժն ու միջոցները ներգրաւող եւ Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղուած ծրագրեր:

գ) որ կը համագործակցի Սփիւռքում գործող կառոյցների, անհատների հետ՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան:

դ) որ Սփիւռքի բազմազան գործարար եւ այլ շրջանակների հետ պարբերաբար հանդիպումների եւ քննարկումների արդիւնքում ՀՀ այլ գերատեսչութիւնների հետ համատեղ հանդէս կը գայ Հայաստանում սփիւռքահայերի ներգրաւման եւ ներդրումների դաշտի բարելաւմանն ուղղուած քաղաքականութեան առաջարկներով եւ օրէնսդրական նախաձեռնութիւններով:

ե) որ Սփիւռքի ամերիկեան, ռուսական, եւրոպական կամ այլ երկրներում հաստատուած բազմազան գործարար, գիտական եւ մասնագիտական շրջանակների հետ պարբերաբար հանդիպումների եւ քննարկումների միջոցով կ՛օգնի ՀՀ կառավարութեանը գնահատել եւ պատկերացումներ կազմել միջազգային շուկաներում հայաստանեան արտադրութեան ապրանքների սպառման հնարաւորութիւնների մասին, որ կ՛օգնի նաեւ պատկերացումներ կազմել Հայաստանում այն ոլորտների մասին, որոնցում սփիւռքահայ ներդրողները կարող են էական գործունէութիւն ծաւալել:

զ) որի համապատասխան վարչութիւններն ու բաժինները Սփիւռքի տեղական կառոյցների կամ անհատների հետ կ՛ուսումնասիրեն այս կամ այն երկրում առկայ համատեղ գրանտային (դրամաշնորհային-Խմբ.) ծրագրերի միջոցով Հայաստանում կամ Սփիւռքի այս կամ այն համայնքում տարբեր զարգացման ծրագրեր իրականացնելու հնարաւորութիւնները, կը մշակեն հայաստանեան եւ սփիւռքեան տարբեր կազմակերպութիւնների հետ համատեղ առաջարկներ եւ ծրագրեր:

է) որ Արտագին գործոց նախարարութեան եւ Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ համատեղ կ՛աշխատի սփիւռքահայ շահերի խմբերի հետ՝ իրենց իսկ երկրներում հայկական համատեղ քաղաքական օրակարգերի շուրջ, ու թերեւս, որոշ քաղաքական օրակարգերի շուրջ նաեւ ոչ հայկական այլ շահերի խմբերի հետ համագործակցութեամբ:

ը) որ կ՛աջակցի Սփիւռքի տարբեր կազմակերպութիւններին եւ նախաձեռնութիւններին՝ բազմազան ծրագրերի շուրջ ստեղծելու եռակողմ համագործակցութիւններ իրենց երկրներում գործող տեղական (հասարակական կամ այլ) կազմակերպութիւնների, իրենց կազմակերպութեան եւ Հայաստանում գործող նմանատիպ (հասարակական կամ այլ) կազմակերպութիւնների միջեւ:

թ) որ Սփիւռքի տարբեր շրջանակների հետ համատեղ կը մշակի ու կ՛իրագործի Հայաստանում զարգացման, ներդրումների եւ մասնագիտական ներգրաւման ծրագրեր, միջնորդ կը հանդիսանայ Հայաստանում առկայ կարիքների, այդ կարիքների շուրջ աշխատող հասարակական կազմակերպութիւնների ու պետական հաստատութիւնների եւ Սփիւռքի տարբեր անհատների, կազմակերպութիւնների ու հաստատութիւնների միջեւ:

ժ) որ շարունակաբար ներկայ կը լինի Սփիւռքի բոլոր համայնքներում տեղեկատուական բնոյթի գրքոյկների, պարբերաբար թարմացուող արդիական կայքէջի, սոցիալական ցանցերում ներկայացուածութեան, Սփիւռքի տարբեր կազմակերպութիւնների, հաստատութիւնների եւ անձանց հետ պարբերաբար կապի մէջ գտնուող իր վարչութիւնների ու բաժինների, ինչպէս նաեւ ՀՀ ներկայացուցչական մարմիններում Սփիւռքի գծով կցորդ (attache) պաշտօնեաների միջոցով:

ժա) որի համապատասխան վարչութիւններն ու բաժինները ամէնօրեայ ռեժիմով կը հետեւեն Սփիւռքում լոյս տեսնող ինչպէս տպագիր, այնպէս էլ ինտերնետային ու թուային հայ պարբերականների բովանդակութեանը թէ՛ հայերէնով, թէ՛ հէնց իրենց՝ Սփիւռքի բազմազան լեզուներով (ռուսերէն, անգլերէն, իսպաներէն, ֆրանսերէն, արաբերէն եւ այլն), եւ տեղեակ կը լինեն Սփիւռքի բոլոր զարգացումներին:

ժբ) որ տարբեր համայնքների մասին պարբերաբար տեղեկատուութիւն ստանալով՝ կը կարողանայ կապել Սփիւռքի մէկ վայրում կամ ոչ-սփիւռքեան տարածութիւններում առկայ միջոցները այլ սփիւռքեան վայրերում առկայ կարիքներին՝ այդպիսով համակարգելով միջոցների աւելի արդիւնաւէտ ծախսը եւ նպաստելով Սփիւռքի տարբեր կենտրոնների միջեւ անդրազգային կապերի ձեւաւորմանն ու ամրապնդմանը:

ժգ) որ հարցումների եւ հետազօտութիւնների հիման վրայ պարբերաբար կը մշակի տարբեր երկրներում, կամ մէկ երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում բնակուող ազգութեամբ, ծագմամբ կամ որեւէ կերպ իրենց հայ համարող անձանց ու խմբաւորումներին տարբեր ծրագրերում ներգրաւելու դինամիկ քաղաքականութիւններ, այդպիսով հաւաքագրելով Սփիւռքի՝ հայկական նախաձեռնութիւններից ու Հայաստանից կտրուած մեծ թիւ կազմող այս սփիւռքահայ զանգուածներին:

ժդ) որ կը կարողանայ անուղղակիօրէն՝ խորհրդատուութեամբ կամ խնդիրների լուծմանն իր աջակցութեամբ, մասնակից դառնալ Սփիւռքի տարբեր կազմակերպութիւնների կողմից սփիւռքեան դպրոցների կամ այլ հաստատութիւնների ստեղծման, ընդլայնման, կամ փակման, սահմանափակման եւ օտարման որոշումներին;

ժե) որ պատրաստ կը լինի նախարարի, փոխնախարարների, համապատասխան վարչութիւնների ու բաժինների մակարդակով արձագանգել Սփիւռքի տարբեր կառոյցների (կուսակցութիւնների, եկեղեցիների, բարեգործական, երիտասարդական, մշակութային կամ այլ կազմակերպութիւնների) կողմից ստացուած դիմումներին, եւ համապատասխան խնդրանքի դէպքում նաեւ մասնակցել ու միջնորդել Սփիւռքի տարբեր համայնքներում առկայ խնդիրների լուծմանը (հարկ եղած դէպքում նաեւ՝ պետական-դիւանագիտական միջնորդութեամբ):

ժզ) որ համապատասխան վարչութիւնների ու բաժինների պատասխանատուների միջոցով սփիւռքեան տարբեր կառոյցների հետ համատեղ կը մշակի եւ կ՛իրականացնի տեղական կոնտեքստներին (միջավայրերուն-Խմբ.)  համապատասխան արեւմտահայ կամ արեւելահայ լեզուների ուսուցման, տեղական հայկական կրթութեան ու մշակոյթի զարգացմանը միտուած ծրագրեր:

ժէ) ուր ցանկացած սփիւռքահայ Հայաստան գալուն պէս կը ստանայ տեղեկատուութիւն իր մասնագիտական կամ այլ մասնակցութեան ու ներդրումների, Հայաստանում հաստատուելու, ուսանելու, զինուորական ծառայութիւն անցնելու եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

ժը) որ կ՛օգնի սփիւռքահայ հայրենադարձներին հաստատուել Հայաստանում եւ կը նպաստի հայրենադարձների՝ սփիւռքահայից-հայաստանցի անցմանը՝ խորհրդատուութեան եւ այլ ծրագրերի միջոցով, ինչպէս նաեւ Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի հետ ժամանակ առ ժամանակ հարցումների եւ հարցազրոյցների միջոցով ստացուած խնդիրներին արձագանգելով եւ այդ խնդիրները լուծելով:

Ի հարկէ, այսքանով չեն սահմանափակւում մեր պատկերացրած վերափոխուած Սփիւռքի նախարարութեան անելիքները: Ռազմավարական ուղղութիւնների այս շարքը կարելի է ընդլայնել փորձագէտների եւ շահագրգիռ աւելի լայն շրջանակների հետ քննարկումների արդիւնքում: Սփիւռքի հետ նման բազմամակարդակ յարաբերութիւններ ձեւաւորելու համար անհրաժեշտ է ունենալ առանձին գերատեսչութիւն, որ ներկայացուած կը լինի կառավարութիւնում, հաշուետու կը լինի կառավարութեանը, որ այլ գերատեսչութիւնների հետ համագործակցութեամբ՝ կը մշակի ու կ՛իրագործի Սփիւռքի կրթական, մշակութային, քաղաքական, արտաքին քաղաքական ներուժի հարստացմանը նպաստող եւ այդ ներուժը արդիւնաւէտօրէն հաւաքագրող բազմազան ծրագրեր:

Սփիւռքի Քաղաքականութեան Միջազգային Փորձը

Սփիւռքի նորարարական քաղաքականութիւնների միջազգային փորձ կայ: 2015թ.ին Իռլանդիայի կառավարութեան մշակած Սփիւռքի քաղաքականութիւնը, օրինակ, ունի հետեւեալ նպատակները.

ա) աջակցել իռլանդացի արտագաղթողներին, որպէսզի լաւագոյն հնարաւոր կենսապայմաններ ստեղծեն իրենց բնակութեան երկրներում:

բ) օգնել արտագաղթածներին եւ նրանց սերունդներին զարգացնել եւ պահպանել իրենց իռլանդական ինքնութիւնը եւ կապը Իռլանդիայի հետ:

գ) Սփիւռքի անդամների հետ համատեղ աշխատել ի նպաստ Իռլանդիա կղզում շարունակական խաղաղութեան ու բարեկեցութեան:

«Գլոբալ իռլանդացի» խորագրով Սփիւռքի քաղաքականութեան այս նպատակները հիմնուած են իռլանդական սփիւռքի իրատեսական ըմբռնման վրայ, որն ընդգրկում է թէ՛ Իռլանդիայից վերջին տարիներին արտագաղթածներին, եւ թէ՛ իռլանդական ծագումով անձանց, որոնք ապրում են Իռլանդիայից դուրս, բայց այս կամ այն կերպ կապուած են իռլանդական մշակոյթին ու ժառանգութեանը: Կարելի է, իհարկէ, ուսումնասիրել, թէ ինչպէս է իռլանդական կառավարութիւնն իրագործում այս նպատակները, սակայն կարեւոր էլ չէ, որ Հայաստանի քաղաքականութիւնը ընդօրինակի իռլանդական, հրէական, հնդկական, լիբանանեան կամ այլ սփիւռքների քաղաքականութիւնները:

Ամփոփում

Սփիւռքի համեմատական ուսումնասիրութիւնները հայ Սփիւռքի էմպիրիկ հետազօտութիւններին զուգահեռ՝ հիմքեր կ՛ապահովեն աւելի արդիւնաւէտ եւ ճկուն Սփիւռքի քաղաքականութիւններ մշակելու համար: Աւելին, Սփիւռքի նորացուած նախարարութեամբ եւ քաղաքականութեամբ յետյեղափոխական Հայաստանը կարող է նաեւ հանդիսանալ պետութիւն-Սփիւռք(ներ) յարաբերութիւնների ու նորարարական քաղաքականութիւնների արտահանողն ու մոդելը: Վերը շարադրուած հեռանկարներն ունենալու տեսանկիւնից Սփիւռքի հետ նորարարական քաղաքականութիւնների մշակման այս պատմական հնարաւորութիւնների փուլում Սփիւռքի հետ յարաբերութիւնների անկախ գերատեսչութիւն ունենալն առաւել քան կարեւոր է: Սակայն Սփիւռքի նախարարութեան ռազմավարութեան, ծրագրային ու կադրային վերանայումն ու օպտիմալացումն անհրաժեշտութիւններ են:

Մեր համոզմամբ, Սփիւռքը աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունի եւ կարող է ունենալ, ինչպէս այլ երկրների համար իրենց բնական պաշարները: Եթէ ռազմավարական առումով, երկարաժամկէտ հեռանկարում, Սփիւռքի ներուժի հզօրացումն ու հաւաքագրումը Հայաստանի համար նոյնքան կարեւոր է, որքան գիտութեան, բժշկութեան, տնտեսութեան զարգացումը, ապա Սփիւռքի հետ յարաբերութիւնները նոյնպէս պէտք է ընդգրկուած լինեն Հայաստանի ներքին քաղաքական կարեւորագոյն ոլորտների շարքում: Սփիւռքի նախարարութեան գործունէութիւնը ժամանակի ընթացքում գերարդիւնաւէտ դարձնելով՝ հնարաւոր կը լինի Սփիւռքի բազմազան համայնքների, կազմակերպութիւնների եւ Սփիւռքի ամենահեռացած եւ օտարուած շրջանակների հետ ուղղակի կապեր ստեղծել, եւ ժամանակի ընթացքում նպաստել Սփիւռքի հզօրացմանն ու Հայաստանի ռազմավարական խնդիրների լուծման նպատակով Սփիւռքի ներուժի հաւաքագրմանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.