Չորս տարի անց, երբ Նոյեմբեր 9-ի փաստաթղթի ժամկէտը լրանայ, պարզ չէ ՝ ինչ կարող է լինել. թրքագէտ

Երբ Հայաստանի տէ ֆակտօ իշխանութիւնը յայտարարում է այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի տարածք է, դա արդէն խնդրայարոյց է այն պարզ պատճառով, որ խիստ սահմանափակւում են Հայաստանին օժանդակել ցանկացող՝  հնարաւոր դաշնակից երկրների   իրաւական ու դիւանագիտական գործողութիւնների շրջանակները․ թրքագէտ

Երևանում՝ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում, տեղի ունեցաւ  սեմինար, որը նուիրուած էր Արցախեան 44-օրեայ պատերազմի տարելիցին։ Սեմինարի բանախօսը թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ Արևելագիտութեան ֆակուլտետի դասախօս Վարուժան Գեղամեան էր, որն անդրադարձաւ վերջին մէկ տարում մեր տարածաշրջանում ծաւալուած իրադարձութիւններին, Թուրքիայի ու Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումներին և մեր հայրենիքին առնչուող սպառնալիքներին ու վտանգներին, որոնք կախուած են դամոկլեան սրի պէս։

«Եթէ նայենք մեծ քարտէզին,  կը հասկանանք՝ Թուրքիայի համար դէպի Արևելք ծաւալուելու համար կայ միայն մէկ խոցելի  ու հնարաւոր հատուած՝ Հայաստանի Հանրապետութիւնը, աւելի կոնկրետ՝ Սիւնիքի՝ Մեղրիի հատուածը։ Մինչև 2020 թուականի սեպտեմբերի 27-ը իրավիճակն այսպիսին չէր, քանի որ կար ևս 125 կմ՝ պաշտպանուած ոչ թէ  միջազգային իրաւունքով, այլև այնտեղ կանգնած մեր տղաներով։ Ջրականի գիծը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թէ ինչ-որ խղճուկ  ռազմաճակատի հատուած էր, այլ, ըստ էութեան, տարածաշրջանի գլխաւոր աշխարհաքաղաքական սահմաններից մէկը»,— անդրադառնալով թշնամու ծաւալապաշտական քաղաքականութեանն ու ստեղծուած իրավիճակին՝ ընդգծեց թուրքագէտը՝ ընդգծելով այն ցաւալի փաստը, որ այժմ Սիւնիքի մի հատուածն օկուպացուած է Ադրբեջանական  զօրքերի կողմից։

Մասնագէտը նշեց՝ այն բաժանարար գործօնը, որն այժմ Թուրքիային խոչընդոտում է գերտէրութիւն դառնալ, ձգւում է ընդամէնը 20-30 կմ։

«Ռազմական գործից փոքրիշատէ հասկացողը գիտի՝ զուտ ռազմական տեսանկիւնից այդ 20-30 կիլոմետրը  զինուորը 5 ժամում կարող է անցնել, այսինքն՝ ռազմական առումով դա այլևս խնդրայարոյց չէ։ Մնում է մէկ  գործօն, որը Թուրքիային թոյլ չի տալիս իր պլանն իրագործել․ դա այս պահին աշխարհաքաղաքական ուժերի բալանսն է։ Եթէ Իրանն ու Ռուսաստանը մի քիչ աւելի թոյլ լինէին, քան կան այժմ, Սիւնիքը վայրկենապէս կ’օկուպացուէր, դրանում չկասկածէ՛ք, ընդ որում, եթէ նայել էք Ալիևի վերջին ելոյթը ՄԱԿ-ում, մի  իւրայատուկ հատուած կայ իր խօսքում․ Ալիևն ասում է․ «Եթէ հայերը պնդում են, որ մենք Գեղարքունիք ու Սիւնիք ենք մտել, եթէ պնդում են, որ դրանք  իրենց տարածքներն են, եկէ՛ք բանակցենք, հասկանանք», և այս բանակցութիւնները կարող են, ասենք՝ 30-40 տարի տևել։ Պատկերացրէ՛ք՝ եթէ երկու պետութիւնների՝ Իրանի ու Ռուսաստանի բալանսը քանդուի, ադրբեջանական զօրքերը, որ այսօր Կապանից հեռու են 600 մետր, մտնելու են Կապան և յայտարարելու են․ «մենք ապահովում ենք նախկին կապանցի թիւրքերի վերադարձն իրենց «հայրենական» հողեր, և քանի որ դա անվտանգութեան առումով խնդրայարոյց է, մենք  այստեղ պէտք  է գտնուենք, մենք չենք ասում՝ դա Հայաստանի տարածքը չէ, բայց անվտանգութեան տեսանկիւնից ելնելով՝  այստեղ ենք»։ Ահա այսպիսի յայտարարութիւններ են անում թուրքերը՝ Սիրիայի հետ կապուած։ Թուրքական զինուած ուժերը գտնւում են Սիրիայի օրինական տարածքում, իրենք խոստովանում են, ասում են՝ մենք գտնւում ենք Սիրիայում, բայց ապահովում ենք մեր երկրի  և մեր ենթակառուցուածքների անվտանգութիւնը։ Այս համգամանքը չպէտք է մոռանանք», — բացատրեց  թուրքագէտը։

Վարուժան Գեղամեանը նշեց՝ պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն յայտարարութեան 9-րդ կէտում յստակ նշուած է, որ Ադրբեջանն ու Նախիջևանը պէտք է ունենան ցամաքային կապ, և այդ կապի  անվտանգութիւնը չեն ապահովելու հայերը՝ Հայաստանը, ապահովելու է երրորդ կողմը՝ այս դէպքում՝ Ռուսաստանը։

«Իսկ չորս տարի անց, երբ այս փաստաթղթի ժամկէտը լրանայ, պարզ չէ ՝ ինչ կարող է լինել, քանի որ դրա  վերաբերեալ որևէ խօսք չկայ։ Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ կարող  է լինել,  եթէ այդ ճանապարհն աշխատի», — հռետորական հարց բարձրացրեց թուրքագէտը։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցի ընթացքում Վարուժան Գեղամեանը նշեց՝ ստեղծուած իրավիճակը շտկելու համար առաջին հերթին  հարկաւոր է փոխել Հայաստանի անվտանգային համակարգը, և դրա ամենակարևոր կէտն, անշուշտ, Սիւնիքն է, քանի որ դրա շուրջն են կենտրոնացած թէ՛ մեր թշնամիների, թէ՛ տարածաշրջանի բոլոր գործընթացների առանցքային հատուածը։

«Անվտանգային համակարգը ենթադրում է մի քանի բաղադրիչ․ այդ բաղադրիչներից առաջինն ու ամենապարզը մեր պաշտպանական համակարգի ուժեղացումն է՝ ՀՀ  զինուած ուժերի մոդեռնիզացիա, համապատասխան նոր դիրքաւորում՝ ստեղծուած իրավիճակում։ Բայց միայն սրանով չի կարելի սահմանափակուել․ անվտանգային միջավայրը պէտք է ապահովուի նաև աւելեալ այլ գործողութիւններով՝ համագործակցութիւն տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք պատրաստ են այս պահին զբաղուել նոյն խնդրով, քանի որ դա բխում է նաև տուեալ երկրների շահերից․ խօսքս առաջին հերթին Իրանի ու  Ռուսաստանի մասին է։ Բայց,  այս գործակցութեան շրջանակը սահմանափակուած չէ այս երկու երկրով․ այստեղ պէտք է թուարկել նաև տարածաշրջանի այն պետութիւններին, որոնք բախւում են թուրքական ծաւալապաշտական քաղաքականութեան հետ․ խօսքս արաբական երկրների մասին է, Յունաստանի մասին և այլն․․․ Այս գործակցութիւնների իրականացումը կարող է հնարաւորութիւն տալ աւելեալ երաշխիքներ ստեղծել Սիւնքի անվտանգութեան համար։ Իհարկէ, դրանով Սիւնիքին ու ՀՀ-ին ուղղուած  սպառնալիքները չեն սահմանափակուի, սակայն, առնուազն, մասամբ կարող են որոշակի սպառնալիքներ  չէզոքացուել», — նշեց թուրքագէտը՝ շեշտելով՝ առաջնայինը ՀՀ զինուած ուժերի համակարգն է, որը պէտք է ապահովի այդ անվտանգութիւնը։ Ըստ Վարուժան Գեղամեանի՝ անշուշտ, հնարաւոր է այս քայլերն իրագործել՝ հետևողական ու ջանադիր աշխատանքի շնորհիւ, բայց դա, ցավօք, այժմ չի իրականացւում։

«Հորիզոն»-ի թղթակցի հարցին՝ հնարաւո՞ր է նաև Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչների հնչեցրած յայտարարութիւնները Հայաստանին միջազգային հարթակներում հարուածներ հասցնեն, չէ՞ որ այս իշխանութիւնը երբեմն հանդէս է գալիս այնպիսի յայտարարութիւններով, որոնք ունեն նման պոտենցեալ․ օրինակ՝ մեր հայրենիքի բաղկացուցիչ տարածքների մասին խօսելիս դրանք անուանում են ադրբեջանական անուններով, թուրքագէտը պատասխանեց․ «Անշուշտ, արդէն իսկ հարուած են հասցնում։ Երբ Հայաստանի տէ ֆակտօ իշխանութիւնը յայտարարում է այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի տարածք է, դա արդէն խնդրայարոյց է։ Խնդրայարոյց է այն պարզ պատճառով, որ խիստ սահմանափակում են ՀՀ-ին օժանդակել ցանկացող՝  ՀՀ հնարաւոր դաշնակիցների գործողութիւնների  իրաւական ու դիւանագիտական գործողութիւնների շրջանակները։

Եթէ հայկական կողմը, որի ճանապարհը ադրբեջանցիները գրաւել են, յայտարարում է, որ այդ ճանապարհն Ադրբեջանի տարածք է, առաւել ևս, նշւում են դրա թուրքերէն անուանումները, ապա սա արդէն իսկ  խիստ վնաս է հասցնում հայկական կողմին։ Ուրիշ հարց է, որ եթէ դիտարկենք հետևեալ տեսանկիւնից, որ ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւններն ուղղակի ընդունում են  Ադրբեջանի պարտադրած իրականութիւնը, դա արդէն նշանակում է՝ ՀՀ տէ  ֆակտօ իշխանութիւնը պարզապէս չի սպասարկում ՀՀ շահերը․ սա շատ պարզ է, սա ևս վնաս է հասցնում մեր շահերին ու հետաքրքրութիւններին»։

Թուրքագէտը չբացառեց նաև այն հանգամանքը, որ, գուցէ, թշնամին փորձի իր շատ ցանկալի «միջանցքը» ստանալ ռազմական ճանապարհով։ Վարուժան Գեղամեանը յիշեցրեց՝ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջև ցամաքային կապի ապահովումը ռազմավարական նպատակ է Ադրբեջանի ու Թուրքիայի համար և, վստահաբար, այդ երկու երկրներւմ հասկանում են, որ աւելի թոյլ Հայաստան դժուար է պատկերացնել, հետևաբար՝ աւելի լաւ հնարաւորութիւն չի ստեղծուելու այդքան ցանկալի ցամաքային  կապը ստանալու համար։

«Հետևաբար՝ ես չեմ բացառում, որ համապատասխան աշխարհաքաղաքական միջավայրի բաւարար պայմաններում նաև ռազմական գործողութիւններ ծաւալեն այդ ճանապարհի համար։ Այդ ճանապարհի կասեցումն այս պահին միայն Հայաստանի խնդիրը չէ․ այստեղ լուրջ ուժեր են բախւում․ հնարաւոր է դա մեզ թոյլ  տա դիմադրել թուրքական ռազմական սպառնալիքին», — նշեց թուրքագէտը։

Վարուժան Գեղամեանն ընդգծեց՝ եթէ ՀՀ  տէ ֆակտօ իշխանութիւնը փոխի իր մօտեցումն այս հարցում ու դիմադրի թուրքական պահանջներին, ապա հնարաւոր է կասեցնել թշնամուն, բայց, ցավօք, տեսնում ենք հակառակը, և որքան այսպէս  շարունակուի, այնքան աւելի  բարդ է լինելու միջանցքի կասեցումը։

Յասմիկ Բալէեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.