«Մենք ներազգային պառակտուածութեան, թշնամանքի աստիճանի ենք հասել․ դրա գլխաւոր և միակ պատասխանատուն վարչապետի աթոռը զբաղեցնող խելագարն է»․Իշխան Սաղաթելեան

«Հորիզոն»-ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը հարցազրոյց է անցկացրել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ։ Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորև։

– Իշխանութեան ապազգային վարքագծի ու դիւանագիտական բնագաւառում արձանագրուած ահաւոր սխալների և թերացումների պատճառով պետութիւնն այսօր կանգնած է գահավէժ փլուզման առջև։ «Հայաստան» դաշինքն անցնող օրերին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Այսօր հրատապ հարց է դարձել երկրի սահմանների անվտանգութիւնը։ Ի՞նչ է նախատեսում դաշինքի նախընտրական ծրագիրն այս ուղղութեամբ։

– Առաջին հերթին պէտք է ձեռնամուխ լինենք մեր երկրի սահմանների պաշտպանութեան ու անվտանգութեան խնդիրների լուծմանը։ Այսօր դա ամենակարևոր խնդիրներից մէկն է։ Եթէ նկատել ենք, այս օրերին մեր վիճակն այնքան է վատացել, որ այլևս չենք խօսում Արցախից։ Հայաստանում այսօր արդէն օրակարգ է դարձել Հայաստանի սահմանների պաշտպանութիւնը։ Անշուշտ, մենք երբեք չենք մոռանալու Արցախը, Արցախի խնդիրները։  Արցախի ու Հայաստանի խնդիրները նոյնն են։ Մեր գլխաւոր օրակարգը մեր երկրի սահմանների պաշտպանութիւնն է։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին վերակազմաւորել և վերազինել բանակը։

Բանակի այսօրուայ խնդիրների գլխաւոր պատճառը քաղաքական ղեկավարութեան անկարողութիւնն է, տկարութիւնը, որը հետևողականօրէն բանակը հասցրեց այս վիճակին։ Խայտառակ յայտարարութիւնից յետոյ անցել է 6 ամիս, և մեր երկրի սահմանների, նոր դիրքերի պաշտպանութեան, կահաւորման ուղղութեամբ որևէ քայլ չի կատարուել։ Այսօր  ՀՀ Զինուած ուժերի Գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալը յստակ յայտարարեց՝ և՛ ֆինանսական հատկացումներն են կրճառուել, և՛ ժամանակին բազմիցս դիմել են կառավարութեանը, բայց այդ հարցերը չեն լուծուել։ Ստեղծուած իրավիճակում մեր գլխաւոր խնդիրն է՝ հեռացնել այս չարիքի կառավարութեանը, ձեռնամուխ լինել մեր երկրի անվտանգութեանը և սահմանների պաշտպանութեանը։ Մեր բանակը կարելի է շատ արագ վերակազմակերպել։

 

– Մայիսի 29-ին  «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ Ձեր ելոյթի ընթացքում նշեցիք, որ վերականգնուելու է սփիւռքի վստահութիւնը։ Ինչպէ՞ս պէտք է վերականգնել այս վստահութիւնը, ինչպե՞ս ներգրաւել սփիւռքահայութեանը պետութեան կառուցման գործում։

– Մենք դրա փորձառութիւնն ունենք։ 1998 թուականին, երբ Ռոբերտ Քոչարեանը եկաւ իշխանութեան, և այդ իշխանութեանը մաս էր կազմում նաև «Դաշնակցութիւնը», միանգամից փոխուեց սփիւռքի նկատմամբ մայր հայրենիքի վերաբերմունքը, և Հայաստան-սփիւռք յարաբերութիւններն ամբողջութեամբ տեղափոխուեցին նոր օրակարգ, նոր որակի յարաբերութիւններ ստեղծուեցին։

Ցաւօք, այս օրերին ՀՀ-ի ներքին իրավիճակով պայմանաւորուած՝ տագնապի մէջ է նաև սփիւռքը, սփիւռքի վստահութիւնը՝ դէպի հայրենիք։ Վերջին դէպքերից  մէկն էլ այն էր, որ համահակյական  հիմնադրամի միջոցների ոչ կանոնադրային նպատակների օգտագործումն էր, երբ  ամբողջ հայութիւնը պատերազմի օրերին աննախադէպ ծաւալի հանգանակութիւն արեց, յետոյ այդ  գումարն օգտագործուեց ոչ կանոնադրային նպատակով ու բիւջէ փոխանցուեց։ Սրանք հարցեր են, որոնք խորացնում են անվստահութիւնը Հայաստանի նկատմամբ։

Մեր նախընտրական ծրագրում  մենք  առաջարկութիւններով, ծրագրերով ենք հանդէս եկել, օրինակ՝ վերացնել երկքաղաքացիների մասնակցութեան արգելքը երկրի կառավարման գործում։ Օրինակ՝ այսօր ԱԺ պատգամաւորի թեկնածու, կամ վաղը՝ Կառավարութեան անդամ  չենք կարող առաջադրել երկքաղաքացիութիւն ունեցող քաղաքացուն,  քանի որ օրէնքի սահմանափակում կայ։ Մենք փորձելու ենք գտնել ձևեր, եղանակներ, որ մեր սփիւռքահայ քոյրերն ու եղբայրները, որոնք լաւ մասնագէտներ են ու կարող են ծառայել իրենց հայրենիքին, ներգրաւուեն այդ աշխատանքներում։

Մեր ընդհանուր հայեցակարգը հետևեալն է՝ Հայաստանը կարող է դարձնել ուժեղ՝ հայ ժողովրդի համազգային ներուժը համախմբելու ճանապարհով։ Սփիւռքը կարող է լինել ուժեղ, կայուն, զարգացող, հայապահպանութիւնը կարող ենք շարունակել սփիւռքում՝ ուժեղ հայրենիք ունենալու  և սերտ համագործակցելու միջոցով։

 

– Հայաստանում այս իշխանութեան տարած բացասական գործունէութեան պատճառով ներազգային պառակտուածութիւնը բևեռացրել է հասարակութեանը։ Ինչպէ՞ս կարելի է վերականգնելև ստեղծել համերաշխութեան կենսական մթնոլորտը։

– Առաջին հերթին՝ հարկաւոր է վերջ տալ այս ատելութեան քարոզին, հասարակութեանը սևերի-սպիտակների, յեղափոխականների-հակայեղափոխականների բաժանելը։ Մենք շատ յստակ յայտարարել ենք՝ այն մարդիկ, որոնք այս աղէտի, ողբերգութեան համար մեղաւոր են, պէտք է պատասխան տան, և դա պէտք է լինի հրապարակային արդարադատութիւն միջոցով։ Բայց, մենք չենք պատրաստւում երկիրը նորից անցեալի մէջ մխրճել ու կրկին այս ատելութեան ճանապարհով երկիրը տանել։

Պէտք է վերջ տրուի այս ամէնին։ Պէտք է նայենք երաշխաւորուած ապագային։ Մենք պարտաւոր ենք ՀՀ-ում ստեղծել նոր որակի իշխանութիւն, ստեղծել ազգային պետութիւն, որը տէր կը կանգնի հայ ժողովրդին, պետութեան շահերին, Հայաստանը կը դարձնի բարեկեցիկ երկիր, ապրելու երկիր։ Մենք ներազգային պառակտուածութեան, թշնամանքի աստիճանի ենք հասել․ դրա գլխավոր և միակ պատասխանատուն վարչապետի աթոռը զբաղեցնող խելագարն է, որը երեք տարի կայուն ատելութեան քարոզ է իրականացնում մեր երկրում։ Նոյնիսկ այս օրերին էլ իր ամբողջ ընտրարշաւը կառուցում է ատելութեան, չարութեան շուրջ։ Բայց, մեր ժողովուրդը արդէն զզուել ու յոգնել է այս մարդու պահուածքից։ Վստա՛հ եղէք՝ այս իշխանութեանը մնացել է ընդամէնը քսան օր։

Մանրամասնութիւնները տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.