Մենք Այստեղ Ենք, Ամէն Մի Զինուորի Կողքին
ԱՐՄԻՆԷ ՆԱՌԻՆԵԱՆ
Ապրիլեան քառօրեան հայկական իրականութեան մէջ շատ բան փոխեց. այն համայն հայութեան ուշադրութիւնը, անկախ մասնագիտութիւնից եւ ապրելու վայրից, սեւեռեց դէպի առաջնագիծ, ուր 18-20 տարեկան զինուորն ու իրենից ոչ այնքան տարիքով սպան որոշեցին համայն հայութեան, անկախ մասնագիտութիւնից եւ բնակութեան վայրից, ճակատագիրը` անկարելին անգամ կարելի դարձնելով: Զոհասեղանին ամենաթանկն էր` բազում մատաղ կեանքեր…
Այսօր, 5 ամիս անց, ապրիլեան քառօրեան ու նրա հետեւանքները մեր կեանքի անբաժանելի մասն են շարունակում կազմել, բոլոր մտահոգութիւնները, յոյսերն ու աղօթքները ուղղուած են առաջնագծում կանգնած զինուորին ու սպային, նրանց անվտանգութեանը:
Ապրիլեան իրադարձութիւններին յաջորդած օրերին, երբ հասարակութեան մէջ շարունակում էր վհատութեան եւ յուսալքութեան մթնոլորտը գերիշխել, բաւական էր առաջնագիծ այցելել, ուր ժպիտը դէմքին դիմաւորելու էին գալիս զինուորները, սպաներն ու կամաւորականները, ուր մէկ այլ մթնոլորտ էր տիրում` յաղթանակի եւ վճռակամութեան, անձնազոհութեան եւ վրէժի պատրաստ:
«Քոյրի՛կ ջան, ամէն ինչ լաւ կը լինի, մենք այստեղ ենք, հանգիստ եղէք», նոյն ժպիտով ասում էին ինձ հանդիպած բոլոր զինուորները, երբ նկատում էին մտահոգութիւնս: Քանի՜ քանի դիրքերում եմ լսել այս խօսքերը եւ պարզապէս հասկացել` եթէ անպարտ է 18 տարեկան, դեռ կիսապատանի- կիսաերիտասարդ զինուորը, ապա մենք դատապարտուած ենք միայն յաղթանակելու, միայն թէ մենք` նրանց կողմից հսկուող սահմանից այս կողմ ապրողներս, իրենց պէս հաստատակամ լինենք ու նրանց թիկունքին անդաւաճան կանգնած` չթողնելով երկրի ճակատագիրը միայն նրանց` 18-20 տարեկանների ուսերին (չնայած, որ նրանք առանց այդ էլ անխօս եւ անմնացորդ վերցրել են այդ պարտականութիւնը):
5 ամսուայ ընթացքում հազարաւորներ են այցելել առաջնագիծ` իրենց երախտիքի խօսքը փոխանցելու, սեփական աչքերով տեսնելու կենդանի հերոսներին եւ պարզապէս ձեռք սեղմելու եւ ասելու` ապրէ՛ք, տղերք:
… Հերթական այցերից էր: Առաւօտեան Ստեփանակերտից ճանապարհուեցինք Մարտունու զօրամասերից մէկը, որտեղից մեզ պէտք էր ուղեկցէին առաջնագիծ: Այս անգամ ուղեկցում էի սփիւռքի մեր լրատուամիջոցներից մէկի` «Հորիզոն»-ի աշխատակիցներին` խմբագիր Վահագն Գարագաշեանին եւ լրագրող Նորա Եագուպեանին:
Սա նրանց առաջին այցելութիւնը չէր առաջնագիծ, սակայն առաջինն էր քառօրեայ պատերազմից յետոյ:
Պարզուեց վարորդը` Մասիսը, ապրիլեան դէպքերին առաջին կամաւորներից էր: Նրա եղբայրը զինուորական է, հայրն էլ, իմանալով, որ Մասիսը Թալիշի ուղղութեամբ է գնացել, պարտադրել էր զինկոմիսարիատի իր ծանօթ աշխատակցին` իրեն եւս ուղարկել այնտեղ: Սա մի գուցէ զարմանք առաջացնէր օտարների մօտ, բայց մեզ համար դա սովորական երեւոյթ է արդէն դարձել դեռեւս 25 տարի առաջ:
Նոյնիսկ կատակով ասում էին. «Մենք` հայերս, զարմանալի ժողովուրդ ենք, արտագաղթում ենք խաղաղ ժամանակ, ներգաղթում` պատերազմի դէպքում»:
Զօրանոցի նեղ եւ աղքատ գրադարանի փոքրիկ ելեկտրական վառարանի վրայ մեզ համար սուրճ եփեցին: Գրադարանի աշխատակից կանայք հիւրերին հարցուփորձ էին անում, թէ որտեղի՛ց են եւ կէս կատակով, կէս լուրջ, առանց պատասխան ակնկալելու, հարցնում` մեր հարցից ի՞նչ են խօսում աշխարհի մեծերը…
Առաջնագիծ…
Դիրքի դիմաց մեզ են դիմաւորում դիրքապահ շները: Հոտոտալուց յետոյ, մեր կողմից վտանգ չտեսնելով, թոյլ են տալիս ներս մտնել:
Դիրքի աւագը` ժպտադէմ, խոշոր, թուխ աչքերով երիտասարդը, դիմաւորում է մեզ` թոյլատրելիի սահմաններում ներկայացնելով իրենց կենցաղն ու առօրեան:
Դիրքում անմիջապէս աչքի է զարնում արեւային ուժանիւթով ելեկտրականութեան սարքը, եւ զինուորներից մէկը պարծանքով նշում է` եզակի դիրքերից ենք, որ ելեկտրականութիւն ունենք, սարքը Մոնթէ Մելքոնեանի ընկերներն են նուիրել:
Մի քանի րոպէ շրջելով դիրքում` մեզ հրաւիրում են քարից շինուած սեղանի շուրջ` համտեսելու իրենց իսկ պատրաստած սուրճը:
Փոխհրամանատարը, ով մեզ ուղեկցում էր, դառնում է դէպի տղաները, ովքեր այդ պահին ազատ էին, հրաւիրում` միասին նստելու:
Նա անվերջ կատակում էր, բոլորին անուն առ անուն ճանաչում էր, գիտէր որտեղից եւ որ շրջանից են` դիմելով իւրաքանչիւրին իր իսկ բարբառով:
Լսել էի, որ առաջնագծում համտեսած սուրճն ամենաիւրայատուկն ու համեղն է լինում, իսկ այս անգամ համոզուեցի` իւրայատկութիւնը սուրճի մէջ չէ, այլ թէ ո՛ւմ հետ ես այն ըմպում:
Զարմանալի մի իւրատպութիւն ունի հայ զինուորը` չի ցանկանում իր իսկ հերոսութեան մասին խօսել, դրանից ինքնըստինքեան քաշւում ես, սկսում ես բառերը հատիկ-հատիկ ընտրել` գիտակցելով, որ դիմացդ ոչ թէ 18-20 տարեկան երիտասարդ է, այլ` պատերազմով անցած տղամարդ…
Մի պահ լռութիւն է տիրում: Վաշտի հրամանատարը, ով այդ ժամանակ շրջայց էր կատարում դիրքերում, կոտրելով լռութիւնը` ասում է.
– Չկարծէք, որ եթէ լուռ են, գործի մէջ էլ են կրաւորական, զարմանալի է, բայց այս սերունդը մեզնից անվախ է եւ գերազանցող:
Ամենաչարաճճի զինուորն էլ կողքից աւելացնում է.
– Պարո՛ն հրամանատար, ձեր հրամանով եւ ձեզ հետ պատրաստ ենք դեռ աւելին անել:
Պատրաստւում էինք վերադառնալ: Ընկեր Վահագնը եւ Նորան մի առ մի բոլորին իրենց երախտիքը յայտնեցին` սեղմելով բոլորի ձեռքերը` ե՛ւ եղբայրաբար, ե՛ւ մայրաբար գրկելով նրանց:
Վերադարձին մեզ ուղեկցող կատակասէր հրամանատարն ասաց.
– Տեսա՞ք տղաների ուրախութիւնն ու ժպիտները. իմ ամենամեծ եւ առաջնային առաքելութիւնը դա է, յետոյ արդէն` միւս բաները: Երբ զինուորն ուրախ է եւ զգում է, որ հրամանատարը, բացի հրաման տալուց նաեւ կարող է վստահել եւ արժեւորել իրեն, նա անպարտելի է դառնում: Դուք հանգիստ եղէք, մենք այստեղ ենք, ամէն մի զինուորի կողքին, եւ սա լոկ խօսքեր չեն… Շուտով երեք զաւակներս էլ զինուոր կը լինեն… Զինուոր լինելն ամենապատուաբեր գործն է այսօր…