«ՀՅԴ-ն չի հրաժարւում իր քաղաքական պատասխանատուութիւնից». ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան

ՀՅԴ-ն չի հրաժարւում իր քաղաքական պատասխանատուութիւնից, յատկապէս այն ոլորտների հետ կապուած, որոնք ղեկավարել է։ Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը: Միեւնոյն ժամանակ նա գտնում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա ունենալն անգամ չի կարող ժխտել, որ Դաշնակցութիւնը պահել է իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրուայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու միւսների նման չենք։ Նա յաւելեց, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունեն՝ յատկապէս ազգային խնդիրները լուծելու հարցում:

 

– Պարոն Տէր Խաչատուրեան, սկսենք Ձեր՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընտրուելուց։ Տեսակէտ կայ, որ 18 տարի ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը փոխարինուեց, որպէսզի ՀՅԴ-ն ռեբրենդինգ անի՝ կրկին վերարժեւորելով կուսակցութիւնը, հաշուի առնելով, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխուել, իսկ ՀՅԴ-ն հեռացուած իշխանութեան հետ սերտ համագործակցելէ։

– Ես մէկ բան ասեմ, որ իսկապէս հաւատում եմ սրան․ ամէն անգամ, երբ Ընդհանուր ժողով է տեղի ունենում, ասում ենք, որ մենք ցանկանում ենք տալ նոր սկիզբ, նոր գաղափարներ, այժմէականացման խնդիրներ ենք առաջ քաշում, երիտասարդութեան ներգրաւում եւ այլն։ Այս ժողովն էլ բացառութիւն չէր, քանի որ կրկին ասացինք, որ ցանկանում ենք դասեր քաղել անցեալից, մեր փորձառութիւնից, որովհետեւ ամենակարեւոր բանն այն է, որ պէտք է սովորես։ Մենք հասկացանք, որ կա՛մ Դաշնակցութեան խօսքը պէտք եղած ձեւով չեն կարողացել հասցնել ժողովրդին, այսինքն՝ իրականութեան մէջ միջոցի խնդիր է, կա՛մ այն է, որ կան հիմնական հարցեր, որոնք այս Բիւրոն պէտք է վերանայի։ Սակայն այդ վերանայումը ենթադրում է Ընդհանուր ժողովի համատեքստում, այսինքն՝ Ընդհանուր ժողովի որոշումները պարտադիր են բոլորի, այդ թւում՝ Բիւրոյի համար, այսինքն՝ այս առումով հիմնական հարցերի հետ քայլ չի կարող լինել, իսկ այդ հարցերն են ընկերատնտեսական ուղղուածութիւնը, Արցախի հիմնահարցը, մեր ՀՀ-ի ապագայի մասին պատկերացում՝ ազատ, անկախ ու միասնական Հայաստանը։ Եթէ այս դրոյթներին հակասող որեւէ դրոյթ կը լինի մեզ համար, ապա կը մնայ անընդունելի։ Բայց այն, որ կարող են մտցնել որոշ փոփոխութիւններ միջոցի, ձեւի, ժամկէտների առումով, մենք կարող ենք փոխել, լսել նաեւ մեզ համակիր կամ հակադիր մարդկանց։

– Այսինքն՝ համակարծիք չէ՞ք, որ ՀՅԴ-ն այս տարիների ընթացքում վարկանիշի կորուստ է ունեցել, ինչի մասին խօսում է նաեւ այն, որ 1999 թ.-ից յետոյ առաջին անգամ է, որ ՀՅԴ-ն չի յայտնւում խորհրդարանում։

– Համակարծիք չեմ։ Բանն այն է, որ անցնող 8-9 ամիսներին Հայաստանը բոլորովին տարբեր իրավիճակներում էր, եւ ընդհանուր էյֆորիան, որը գոյութիւն ունէր, բոլորի հեղինակութեան վրայ ազդել է։ Կար մի շարժում, որը սկսուեց անձի մերժումով եւ վերջացաւ ընդհանուր փոփոխութիւնների պահանջով։ Այս համատեքստում կասկած չկար, որ այս շարժումն իրականացրած ուժը պէտք է ջախջախիչ մեծամասնութիւն ունենար, իսկ շատ ուժեր, որոնք դարձան ընդդիմադիր, այդ թւում նաեւ Դաշնակցութիւնը, չանցան խորհրդարան։ Տոկոսային առումով բոլորս էլ պիտի փափաքէինք, որ աւելին լինէր, բայց մենք նման դէպքեր ապրել ենք։ Վերջիվերջոյ, անկախութեան առաջին տարիներին, երբ մենք նախագահի թեկնածու ունեցանք, 4 տոկոս էինք հաւաքել։ Այո, վայրիվերումներ տեղի են ունենում, բայց դա քաղաքական պայմանների արդիւնք է։

– Դուք եւ ձեր կուսակիցները յայտարարել էք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ լարուածութիւն չկայ, աւելին՝ կարող էք համագործակցել։ Փաշինեանի՝ ՀՅԴ-ին ուղղուած ուղե՞րձն է ՀՅԴ – Փաշինեան յարաբերութիւնները կարգաւորել։

– Այո՛, պրն․ Փաշինեանի հետ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունենք՝ յատկապէս ազգային խնդիրները լուծելու հարցում։ Ըստ մեր ունեցած գաղափարական սկզբունքներին ենք յարաբերակցուելու։ Վարչապետի հետ կառուցողական մթնոլորտում ենք շփւում, լաւատեսօրէն եմ տրամադրուած։

– Վարչապետը, խօսելով նախկին իշխանութիւնների մասին, շատ անգամ օգտագործում է «յանցաւոր ռեժիմ» որակումը։ Ձեզ մօտ դիսկոմֆորտ չի՞ առաջանում Փաշինեանի հետ զրոյցում, քաղաքական քննարկումներում, որ Դուք նախկինում ՀՀԿ-ի հետ կոալիցիոն յուշագիր էք ունեցել, կառավարութեան մաս էք կազմել, իսկ ձեր պատգամաւորներն ու նախարարները յայտարարել են, որ ՀՀԿ-ի հետ կիսում են քաղաքական պատասխանատուութիւնը։

– Ոչ միայն մենք, այլեւ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ ինքը շատ լաւ տարբերակում է Դաշնակցութեան ու Հանրապետականի դերը։ Նաեւ իր ուղերձում էր նշել, որ ինքը յատուկ ու բարձր է գնահատում ՀՅԴ-ի դերն ու քաղաքական ճանապարհը։ Ինքն էլ ասում է, մենք էլ համակարծիք ենք, որ ՀՅԴ-ն ունեցել է իր իւրայատուկ մօտեցումները։ Այո՛, գործակցել ենք իշխանութեան հետ, երբ կարողացել ենք որոշ պայմանաւորուածութիւն ձեռք բերել մեր առաջարկած 7 կէտերի շուրջ։ Յատկանշական է այն, որ վերջին 10-15 տարիները, որոնց մասին նշում էք, նոյն կոալիցիոն յուշագիրն ունեցել է նաեւ ԲՀԿ-ն։ Չգիտեմ՝ ինչու այս մասին չեն հարցնում Գագիկ Ծառուկեանին, որովհետեւ վերջիվերջոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ երկխօսութեան է պատրաստ նաեւ ԲՀԿ-ի հետ, այդպէս էր նաեւ նախընտրական շրջանում։ Անշուշտ, ՀՅԴ-ն իր պատասխանատուութեան բաժինն ունի, յատկապէս այն ոլորտների, որոնց պատասխնատուութիւնը ստանձնել ենք։ Սակայն սա չի հերքում իրողութիւնը, որ Դաշնակցութիւնը չի պահել իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրուայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու միւսների նման չենք։

– Դաշնակցութիւնն այն կուսակցութիւններից է, որն իրեն համարում է կայացած՝ նկատելով, որ այն քչերից է, որոնք ունեն գաղափարական հենք։ Այդ դէպքում ինչպէ՞ս սոցիալիզմի գաղափարախօսութիւն ունեցող կուսակցութիւնը կոալիցիոն յուշագիր ստորագրեց պահպանողական ՀՀԿ-ի հետ։

– Մենք մեր նախկին դասերից սովորել ենք, որ մենք այլեւս որեւէ գունաւորման՝ ձախ, աջ, թէ այլ իշխանութեան հետ կոալիցիա չենք կազմի, եթէ մենք վճռորոշ դեր չունենանք։ Այսինքն՝ առնուազն պէտք է լինի իրավիճակ, որ խորհրդարանում մեծամասնութիւնը լինի 48 տոկոս, իսկ 10 տոկոս լինի ՀՅԴ-ն, եւ 2-ը միասին ստիպուած լինեն համագործակցել, որ խորհրդարանը մեծամասնութիւն ունենայ։ Եթէ ոչ, ապա չի կրկնուի այն, ինչ եղել է անցեալում։ Բայց մի բան ասեմ՝ համաշխարհային փորձառութեան մէջ շատ կան դէպքեր, որ աջ ու ձախ ուժերն իրար հետ համագործակցել են, օրինակ՝ Իսրայէլը, որի կառավարութիւնը մի քանի թեւից է բաղկացած՝ աջակողմեայ, ձախակողմեայ, ծայրայեղ կրօնական։ Այս բոլոր կուսակցութիւններին համախմբում է պետական եւ համազգային շահը, թէպէտ տեղ-տեղ կարող են իրար հետ չհամաձայնել։ Մենք նէոլիպերալ չենք, եթէ «Իմ քայլը» խմբակցութեան հիմնական հատուածն աջ է, չի կարելի ստեղծել միջավայր, թէ չպէտք է համագործակցենք միմեանց հետ։

Անի Օհանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.