ՀՅԴ Հայ Դատի Գրասենեակներն Ու Յանձնախմբերը Քայլ Անգամ Չեն Նահանջելու Մեր Ժողովրդի Իրաւունքների Պաշտպանութեան Դիրքերից

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը 9 Դեկտեմբերին հրապարակեց հետեւեալ մամլոյ հաղորդագրութիւնը.

«ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը պատերազմի սանձազերծմանը յաջորդող շաբաթների ընթացքում պարբերաբար հրապարակում էր ամփոփագրեր, որոնց նպատակն էր կենտրոնացուած ներկայացնել Հայ Դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացուող լայնածաւալ եւ բազմաշերտ աշխատանքների առաւել ակներեւ արդիւնքները` ըստ տարածաշրջանների:

«Սեպտեմբերի 27ից յետոյ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակներն ու յանձնախմբերը ամբողջ աշխարհում նոր թափով ձեռնամուխ եղան Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների շահերի պաշտպանութեանն ու օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) տեղեկատուութեան ներկայացմանը` կիրառելով լոպպիստական աշխատանքի համալիր գործիքակազմեր:
«Այս ամբողջ ընթացքը, որը Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան առաւել քաք 75ամեայ պատմութեան յատկանշական հանգրուաններից էր, արդիւնաւորուեց կարեւոր ձեռքբերումներով, Արցախի եւ Հայաստանի միջազգային բարեկամների շրջանակների շեշտակի աճով, նոր յարաբերութիւնների հեռանկարներով: Այդ ամէնը այժմ ուսումնասիրւում է, կատարւում են համապատասխան վերլուծութիւններ եւ գնահատակեններ: Դրանք պատշաճ պահին կը ներկայացուեն հասարակութեանն ու շահագրգիռ կողմերին:

« Ցանկանում ենք գոհունակութիւն յայտնել մեր յանձնախմբերին ու գրասենեակներին` անհուն նուիրումով դժուար պահին հայրենիքի շահերի պաշտպանութեանը լծուելու, կատարուած հմուտ եւ արհեստավարժ աշխատանքի, համայնքային կեանքը աշխուժացնելու համար:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Նոյեմբերի 9ի լոյս 10ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած յայտարարութիւնը միջազգային ասպարէզում Հայաստանի շահերի սպասարկման առումով ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ: Այսու մեր նախընթաց քաղաքական ծրագրաւորումները եւ ձեռնարկների նախագծերը վերարժեւորման կարիք ունեն, սակայն միայն մարտավարական առումով: Մեր ռազմավարական նպատակները եւ ապագայի տեսլականը շարունակում են անփոփոխ մնալ:

«Դատապարտելով Հայաստանի վարչապետի կողմից ամօթալի փաստաթղթի ստորագրմանը յանգեցրած գործողութիւնները եւ դրանք գնահատելով որպէս աղէտաբեր մեր ժողովրդի եւ պետութեան համար, միաժամանակ յայտնում ենք, որ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չի՛ նահանջելու մեր ժողովրդի իրաւունքների հետապնդպան եւ պաշտպանութեան իր գործունէութիւնից: Ստեղծուած իրավիճակում մենք մանրակրկիտ եւ մասնագիտական քննարկման ենք ենթարկում առկայ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական իրավիճակը, բազմաթիւ պետութիւնների ներպետական գործընթացներն ու արտաքին քաղաքական դիրքորոշումները, որպէսզի նոր պայմաններում կարողանանք առաւելագոյն արդիւնաւէտութեամբ սպասարկել մեր ժողովրդի արտաքին քաղաքական շահը:

«Մեր առաջիկայ աշխատանքների ծիրի մէջ շարունակելու են լինել յատկապէս Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչման, տարածքային ամբողջականութեան վերականգման, միջազգային բարեկամների շրջանակի շարունակական ընդլայնման եւ նրանց տեղում տարբեր ծրագրերում ընդգրկելու աշխատանքները, ինչպէս նաեւ Արցախի մեկուսացումը ճեղքելու, երիտասարդութեան կրթութեան իրաւունքի իրացման, համայնքային զարգացման եւ բնակչութեան կենսամակարդակի բարձրացմանն ուղղուած կոնկրետ (յստակ-Խմբ.) քայլերը:

«Նոյեմբերի 10ին յաջորդած ժամանակահատուածում Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակել են իրենց ակտիւ (աշխոյժ-Խմբ.) գործունէութիւնը: Այս առումով յատկանշական են Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին բանաձեւերի ընդունումը, ինչպէս նաեւ Բելգիայի Դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը: Այս ընթացքում շարունակաբար ընդլայնւում է Արցախի բարեկամների շրջանակը. այս ոլորտում դրական արդիւնքներ ունենք յատկապէս Յունաստանում եւ Կիպրոսում: Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակը շարունակում է քննարկման առարկայ լինեն աշխարհի բազմաթիւ երկրների խորհրդարաններում, յատկապէս` Միացէալ Թագաւորութեան խորհրդարանի ստորին պալատում եւ Կանադայի խորհրդարանի վերին պալատում:

«Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը: Այս համատեքստում, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի կազմակերպմամբ Դեկտեմբերի 2-6ը Հայաստան եւ Արցախ այցելեցին Արցախի հետ Բելգիայի ֆրանսախօս բարեկամութեան խմբի անդամները: Նրանք Արցախի բարձրաստիճան տարբեր պաշտօնեաների հետ հանդիպումներ ունեցան, ինչպէս նաեւ տեղում իրականացրեցին փաստահաւաք աշխատանք: Պատուիրակութեան անդամները հիմնականում ներկայ ու նախկին խորհրդարանականներ էին: Շարունակուել են նաեւ Արցախի Հանրապետութեան անկախութեան ապակենտրոն ճանաչմանն ուղղուած աշխատանքները:

«ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան արդիւնքների վերաբերեալ պարբերական եւ մանրամասն հրապարակումները կը վերսկսուեն` հնարաւորութիւն տալով մեր ժողովրդին, լրագրողական հանրոյթին եւ մասնագիտական շրջանակներին ստանալու կենտրոնացուած տեղեկատուութիւն ըստ տարածաշրջանների եւ սփիւռքեան համայնքների»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.