ՀՅԴ Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
- (0)
Ափսոսանքով փաստում ենք. օրուայ քաղաքական իշխանութիւնը, չհետևելով բազմաթիւ յորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրութեան մէջ:
Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարութեան կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքուէն, իշխանութիւնը քողարկում է ամէն գնով մենիշխանութիւն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չէզոքացնելու անկարողութիւնը:
Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևաւորելու քաղաքական իշխանութեան վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանութեան մօտեցումը:
Ըստ այդմ.
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանութիւնների կողմից նախաձեռնած հերթական ապօրինութեանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակուած հանրաքուէն՝ յստակ ուղերձ յղելով իշխանութիւններին, որ ժողովուրդն այլևս յոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակութիւնը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականութիւնից, արդէն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպէս էլ չնպաստեցին հանրային բարեկեցութեան աճին և իրական ժողովրդավարութեանը:
Դիմում ենք քաղաքական կուսակցութիւններին, քաղաքացիական հասարակութեանը, մեր հայրենակիցներին՝ միաւորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջոյ, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցութիւնը կը ձեռնարկի անհրաժեշտ գործողութիւններ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին