ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւնը

Արցախեան վերջին պատերազմից անցել է գրեթէ չորս ամիս: Պատերազմի եւ նրան յաջորդած շրջանի բազմաթիւ կենսական խնդիրները, այս ընթացքում, ոչ միայն չեն մարել, այլեւ աւելի են խորացել, եղածներին աւելացել են նորերը: Չորս ամիս անց դեռեւս լուծուած չեն գերիների, նահատակ զինուորների հետ կապուած խնդիրները, ազրպէյճանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանութիւնների բացարձակ անտարբերութեան պայմաններում, սրան գումարւում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանութեան հարցերում: Աւելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցութիւններ, որոնց գաղտնիութեան փաստն իսկ յարուցում է լուրջ մտահոգութիւններ: Շրջանառւում են խօսակցութիւններ Արցախի դէմ դեռ երէկ ռազմական յարձակում իրականացրած ազրպէյճանական եւ թուրքական կողմերի հետ` Հայաստանի պարտուած իշխանութիւնների հնարաւոր ինչ-ինչ տնտեսական եւ այլ բնոյթի վտանգաւոր գործարքների մասին:

Անցնող գրեթէ երեք տարում իր անկարողութիւնը փաստած իշխանութիւնը նաեւ դեղատոմսեր չունի երկրի ներսում խորացող տնտեսական եւ այլ բնոյթի հիմնահարցերի յաղթահարման վերաբերեալ: Հայ ազգի եւ հայոց պետականութեան ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացութեան հանդէպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական յուզումները, որոնք առաջնորդւում են Հայրենիքի փրկութեան շարժման կողմից:

Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանութիւնները պատասխանում են հանրութեան ազատ կամարտայայտութիւնը ճնշող հակաժողովրդավարական գործողութիւններով: Իշխանական գործելաոճի է վերածուել ընդդիմադիր աշխուժ գործիչների նկատմամբ քրէական գործերի յարուցումը, կարճ ժամանակով զանգուածային ձերբակալութիւնները, բռնի ուժի կիրառումը:

Խիստ մտահոգիչ են ժողովրդավարութեան, քաղաքացիական հասարակութեան կայացման եւ երկրում օրինականութեան գերակայութեան ամրագրման կարգախօսերով իշխանութեան հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիօրէն տանում են աւտորիտար, ոստիկանական պետութեան ձեւաւորմանը: Մտահոգութիւնները առաւել տագնապայարոյց են երբ, վերոյիշեալ բազմաթիւ մարտահրաւէրների պայմաններում, հայ ժողովուրդն ու հայոց պետութիւնը գտնւում են լուրջ փորձութիւնների առջեւ:

Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոն, դատապարտելով իշխանութիւններին` նրանց պատասխանատուութեամբ ստեղծուած այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առաւել սրումից, գործել միայն օրինականութեան ու ժողովրդավարութեան շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրութեան եւ ընդդիմադիր ուժերի, ինչպէս եւ մինչ այս նոյն պահանջով հանդէս եկած Հայաստանի նախագահի, հայոց զոյգ կաթողիկոսների, սփիւռքահայութեան զգալի հատուածի, մտաւորական, մշակութային, կրթական եւ հանրային այլ շերտերի ձայնին եւ առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտօնից: Թշնամուց պարտուած, ազգի կողմից մերժուած, վարչական եւ բարոյական իրական իշխանութիւնը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դէպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասուած նաւը: Այդ պարագայում միայն հնարաւորութիւն կը ստեղծուի հասնելու ներազգային համերաշխութեան, կարգի բերելու պետական հաստատութիւնների ու բանակի վիճակը, նոր աւիւնով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական եւ այլ հետեւանքների վերացմանը` թեւակոխելու հայոց պետականութեան ու Արցախի ամրապնդման եւ հզօրացման նոր հանգրուան:

ՀՅԴ ԲԻՒՐՕ

Leave a Comment

You must be logged in to post a comment.