Հայրենիքի փրկութեան շարժման առաջիկայ գործողութիւնների ճանապարհային քարտէզը՝ ներկայացուած Իշխան Սաղաթէլեանի կողմից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ձախողել է երկրի ղեկավարումը. ներքին ու արտաքին սխալ քաղաքականութեան հետևանքով տանուլ է տուել պատերազմը:

Նա, վերազանցելով իր լիազօրութիւնները, միանձնեայ որոշումով, ժողովրդի թիկունքում ստորագրել է զինադադարի հաստատման նուաստացուցիչ, կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ կատարուած փաստի առջև կանգնեցնելով ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփիւռքում։ Արդիւնքում՝ ծանր հարուած է հասցուել հայութեան արժանապատուութեանը, թշնամուն է զիջուել Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ գտնուող տարածքների 80 տոկոսը, այդ թւում՝ Շուշին, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների բազմաթիւ բնակավայրեր: Ունենք հազարաւոր զոհեր և վիրաւորներ, անյայտ կորածներ, մշտական բնակութեան վայրերը հարկադրաբար լքած տասնեակ հազարաւոր հայրենակիցներ, ահռելի նիւթական կորուստներ, Արցախի անորոշ կարգավիճակ, Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան լրջագոյն սպառնալիքներ։

Զինադադարի հաստատման եռակողմ յայտարարութիւնն անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծուած պայմաններում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումն անհրաժեշտութիւն է։ Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպէս ժողովրդի թիկունքում ստորագրուած կապիտուլյացիա։ Այդուհանդերձ, ամէն ինչ աւարտուած չէ:

Դիւանագիտական ճանապարհով մեր շահերն արձանագրելու և լաւագոյնս պաշտպանելու հնարաւորութիւնները սպառուած չեն: Առաջին հերթին առաջիկայ բանակցութիւններում պէտք է բացառել Արցախի կարգավիճակի ամրագրումը Ադրբեջանի կազմում։

Դրա համար Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ունենայ նոր բանակցող. ձախողուած, պարտուած և անվստահելի ղեկավարը չի կարող դա անել։

Ըստ այդմ՝ օրուայ հրամայականներն են.

Առաջին. – ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը պէտք է հեռանայ: Նրա հեռացումը պէտք է լինի անցնցում, սահմանադրականօրէն և օրինականութեան շրջանակներում՝ չխաթարելով երկրի ներքին և արտաքին անվտանգութիւնը, բացառելով  ներազգային առճակատումը:

Ըստ այդմ՝  Ն.Փաշինեանը հանրային ճնշմամբ կամ ինքնակամ հրաժարական է տալիս, կամ ՀՀ ԱԺ արտահերթ նիստով վերացւում է ռազմական դրութեան՝ այլևս անիմաստ ռեժիմը, և իշխանազանցութեան մեղադրանքով վարչապետը պաշտօնանկ է արւում:

Երկրորդ. – Ձեւաւորւում է ժողովրդի վստահութիւնը վայելող Ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութիւն, որի առաջնահերթ խնդիրներն են՝

–  հնարաւորինս վերատեսութեան ենթարկել զինադադարի յայտարարութեամբ նախատեսուած համաձայնութիւնները, նուազագոյնի հասցնել մեր զիջումները,

–  առաջնահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ,

–  անհրաժեշտ պայմաններ ապահովել հնարաւոր ամենասեղմ ժամկէտներում արդարութեան, հաւասարութեան և օրինականութեան պայմաններում ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու համար.  ժողովուրդն իր քուէով պէտք է որոշի ստեղծուած կացութիւնից երկիրը փրկելու ունակ նոր իշխանութեանը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.