Կիմ Բալայեան. քրէական պատասխանատուութեան ենթարկել Նիկոլ Փաշինեանին՝ երկրի սահմանադրական կարգը խախտելու համար
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայեանը Կառավարութեան շէնքի դիմաց հացադուլ էր յայտարարել՝ պահանջելով քրէական գործ յարուցել վարչապետ Նիկոլ Փաշինեանի դէմ սահմանադրական կարգը տապալելու համար։ Բարձր դատարանի նախկին անդամը նշում է՝ Փաշինեանն իրաւունք չունի յայտարարութեան հիման վրայ Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին, յայտարարութիւնն իրաւական ուժ չունի։
«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում Կիմ Բալայեանն ասաց՝ «Բացի հրադադարից՝ այդ յայտարարութեան մնացած բոլոր կէտերը պարտադորում են, որ դա պէտք է որոշուի միայն միջազգային պայմանագրի կնքման շրջանակում, իսկ միջազգային պայմանագիրն ունի իր ընդունման ընթացակարգը», – շեշտեց Կիմ Բալայեանը։
Վերը նշուածը հիմնաւորելու համար Կիմ Բալայեանը մի յստակ օրինակ է ներկայացնում։
«Փաստաթղթում առկայ այն մասը, որը վերաբերում է Ռուսաստանին ու խաղաղապահ զօրքը ՀՀ մտցնելուն, Ռուսաստանի նախագահը դիմեց իրենց խորհրդարանին, ստացաւ նրանց հաւանութիւնը, որից յետոյ խաղաղապահները եկան․ այսինքն՝ այս ամէնը տեղի ունեցաւ զուտ իրաւական ճանապարհով», — նշեց Կիմ Բալայեանը։
Նա շեշտեց՝ ակնյայտ է, որ Փաշինեանը խախտել է սահմանադրական կարգը։
ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ